ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԿՀ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԱՆԴԱՌՆԱԼԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

Մինչ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, Երեւանի նախկին ոստիկանապետ, գործազուրկ Ներսես Նազարյանը եւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը թեժ մրցակցության մեջ են մտել ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության պետի պաշտոնի համար, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շտապեց «հանգստացնել» նրանց՝ ասելով, թե ՔԿՀ վարչության պետ Հայկ Հարությունյանը չի ազատվել աշխատանքից:

-Պարոն Մանուկյան, ՔԿՀ պետի պաշտոնի համար երեք թեկնածուների միջեւ թեժ «կռիվ» է սկսվել:
-Կրկնում եմ՝ ՔԿՀ պետն աշխատանքից ազատված չէ:
-Բայց նա արդեն երկար ժամանակ է՝ աշխատանքի չի գալիս:
-Այո, արձակուրդի մեջ է:
-Եթե իր պաշտոնի համար կռիվ է գնում՝ նշանակում է, որ արձակուրդից հնարավոր է, որ էլ հետ չվերադառնա:
-Եկեք տեսական հարցերին չպատասխանեմ՝ հնարավոր է, թե ոչ, բայց աշխարհում ամեն ինչ է հնարավոր:
-Երբ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ ԱՆ-ում Հայկ Հարությունյանի ազատման հարցն է դրված, մեզ հետ զրույցում Հայկ Հարությունյանն ասել էր, որ երկրում չէ, արձակուրդի մեջ է, կգա, նոր կխոսի: Իսկ հիմա Դուք նշում եք, որ ինքն արձակուրդի մեջ է: Տարօրինակ է, որ արձակուրդից գալիս են, նորից արձակուրդ են գնում: Լավ, իսկ ե՞րբ վերջնականապես նա կվերադառնա արձակուրդից:
-Տեղյակ չեմ՝ երբ կվերադառնա արձակուրդից: Ամեն արձակուրդի հրաման հո չե՞մ ֆիքսում ժամկետներով: Նախարարն այնքան ինֆորմացիա ունի մարսելու, որ պարտավոր չէ նման բաները ֆիքսել:
-Ինչո՞ւ պաշտոնապես չեք հայտարարում, որ նա չի ազատվել աշխատանքից եւ արձակուրդ է գնացել:
-Բայց ինչ է տեղի ունեցել, մարդը արձակուրդի է գնացել: Դուք գիտե՞ք՝ հիմա իմ համակարգում քանի բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որ այս պահին արձակուրդի մեջ են, բայց դա չի նշանակում, որ նրանք բոլորը ազատվելու են աշխատանքից:
-Տեղեկություններ կան, որ Հայկ Հարությունյանը Ձեր հետ խնդիրներ ունի:
-Ո՛չ Հայկ Հարությունյանը, ո՛չ համակարգի այլ բարձրաստիճան պաշտոնյա ինձ հետ խնդիր ունենալ չի կարող: Ես՝ որպես նախարար, իրականացնում եմ իմ լիազորությունները:
-Արմավիրի նորակառույց ՔԿՀ-ի բացումն ուշանում է եւ դրա պատճառը Ձեր ստուգումների արդյունքում հայտնաբերված թերություններն են եղել: Արդյո՞ք նախկին նախարար Հրայր Թովմասյանի բացթողման արդյունքում են այդ թերություններն արձանագրվել, եւ Ձեր գալով բացահայտվեց:
-Նախարարը շինարարություն չի իրականացնում, այլ շինարարն է որոշակի թերացումներ ունեցել: Պայմանավորվածություն կա, որ դա մոտ ապագայում շուտ վերացվելու է, որպեսզի կարողանանք սեպտեմբերի կեսերին կամ վերջին բացումը անենք:
-Երբ ՔԿՀ-ներում Պրոբացիոն ծառայությունը իրականացվի, արդյո՞ք այն չի խանգարի վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի աշխատանքներին: Ի վերջո, դատապարտյալների խոսքով՝ վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը չի արդարացնում իրեն, իսկ հիմա էլ նոր ծառայություն են պատրաստվում իրականացնել:
-Դրանք ուղղակիորեն չեն հատվում իրար, այլ լրացնում են:
-Վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի հետ կապված փոփոխություններն եք պատրաստվում իրականացնել: Նշանակում է, որ այս ծրագրում կան թերություններ, ինչի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում են դատապարտյալները: 8 տարի է՝ այս ծրագիրը գործում է, ու երբ Դուք եկաք, անմիջապես հասկացաք, որ այն պետք է փոփոխության ենթարկեք: Ինչո՞ւ մինչ այդ ծրագիրը փոփոխության չէր ենթարկվում:
-Ընդհանրապես կյանքը զարգանում է եւ իրավունքը կյանքի հետ զուգընթաց պետք է զարգանա: Երբ կյանքը զարգանում է, իրավունքը հետ է ընկնում, պրոբլեմներ են առաջանում: Այն ժամանակ, երբ ստեղծվեց այս սիստեմը, կար իրավիճակ եւ կար պրոբլեմ: Այսինքն՝ պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմը գործում էր ոչ արդյունավետ, եւ շատ հաճախ մարդիկ, ովքեր ենթակա չէին ազատման, հայտնվում էին դրսում: Այս համակարգը հիմք է դրվել 10 տարի առաջ, իսկ հիմա կյանքը զարգացել է եւ հասարակության կյանքում էլ այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել, ուստի այն ինստիտուտը, որն առաջին երկու տարիների ընթացքում բավարարում էր, հիմա շատ նորմալ է, որ արդյունավետ չի գործում:
-Բայց 10 տարի հետո՞ պետք է հասկանալ, որ այն արդյունավետ չի գործում: Արդյո՞ք նախկին նախարար Հրայր Թովմասյանը չի հասկացել, որ ծրագիրը չի գործում:
-Ինչ իմաստ ունի գնալ ասել, թե նախորդ նախարարը չի հասկացել: Կարող է՝ մարդիկ հասկացել էին, կարող է՝ գաղափարներ ունեին մշակած, բայց չեն հասցրել: Մենք հիմա տեսնում ենք պրոբլեմը եւ ցանկանում ենք ներդնել առավել արդյունավետ համակարգ:
-Երեկ տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատժում է նախարարներին, քանի որ վերջիններս այցելում են մարզեր, խոստումներ տալիս քաղաքացիներին, սակայն այդ ամենը մնում է թղթի վրա: Ձեզ նկատողություն արե՞լ է:
-(Երկար մտածում է) Դեռ չեմ լսել:
-Սպասո՞ւմ եք:
-Հույս ունեմ՝ չեմ լսի: Թեեւ նկատողությունը երբեմն գեղեցկացնում է մարդուն:
Հ.Գ. Հավելենք, որ նախարարը մարզեր կատարած այցելության ընթացքում մի շարք թերություններ է հայտնաբերել, որի հետեւանքով մի քանի աշխատակիցների աշխատանքից ազատել է, որոշներին էլ նկատողություն տվել:

 
ԵԶԴԻՆԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Հայաստանաբնակ եզդիները վրդովված են ՀՀ իշխանությունների անտարբերությունից եւ այսօր հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացնելու՝ խնդրելով գործադիրից միջամտել Իրաքի եզդիների բնաջնջման գործին: Սակայն, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպանատունը ոչ մի կերպ չի կարող միջամտել եզդիների նկատմամբ իրականացվող բռնություններին:

Նշենք, որ արդեն մոտ 15 օր է, ինչ Իրաքի ու Լեւանտի իսլամական պետության (ԻԼԻՊ) զինյալները գրավել են Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս տեղակայված Սինջար եզդիների գյուղը: Ծայրահեղականները սկսել են հաշվեհարդար տեսնել ազգային փոքրամասնությունների հետ: Ահաբեկիչների ձեռքով սպանվել են 5000-ից ավելի եզդիներ, այնտեղ բնակվող մոտ մեկ միլիոն եզդիների կեսն էլ փախստական է դարձել:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպանատունը չի կարող աջակցել Իրաքում գտնվող եզդիներին, քանի որ իրավասություն եւ պարտավորություն չունի: Պարզեցինք, որ անգամ Հայաստանի իշխանական վերնախավից որեւէ հրահանգ չի եղել Իրաքում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներին, որպեսզի նրանք կարողանան օգնել եզդիներին: Դեսպանատունը սահմանափակվել է միայն իր մտահոգությունն արտահայտելով:
Նշենք, որ օգոստոսի 7-ին Հայաստանում բնակվող մի խումբ եզդիներ բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց: Սրանով եզդիները չէին սահմանափակվել եւ բողոքի ակցիա էին կազմակերպել նաեւ Հայաստանում Իրաքի դեսպանատան մոտ:
Երեկ հայտնի դարձավ, որ Իրաքի եզդիները ցանկանում են տեղափոխվել Հայաստան, մինչդեռ ՀՀ կառավարությունը հրաժարվում է նրանց վիզային արտոնություն տրամադրել: Փոխարենը ՀՀ կառավարությունը պատրաստվում է 50 հազար դոլարի օգնություն տրամադրել Իրաքի եզդիներին: Ու այս օրերին օգնությունը տեղ հասցնելու շուրջ բանակցություններ են տարվում:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 
ԲԼԹ

«Մենք ունենք Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգության անշրջելի կայուն երաշխիքներ ձեւավորելու հարց»:

Խոսրով Հարությունյան «Հայոց Աշխարհ»

Հետաքրքիր է՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորն ինչպես է պատկերացնում այդ կայուն երաշխիքներ ձեւավորելը, միգուցե տխրահռչակ Մադրիդյան սկզբունքներո՞վ: Բայց հիշեցնենք, որ ըստ այդ նույն Մարդրիդյան սկզբունքների՝ ղարաբաղյան հարցի լուծման դեպքում պետք է լինի ազատագրված շրջանների վերադարձ, իսկ այդ շրջանները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար հենց անվտանգության գոտի են: Հետեւաբար ի՞նչ անվտանգության մասին կարող է խոսք լինել առանց այդ շրջանների: Հավանաբար այսպիսի տրամաբանություն ունենալով էլ Հարությունյանը ժամանակին վարչապետ է աշխատել՝ շատ տխուր արդյունքներով:

 

 

«Մեր երկրին անհրաժեշտ է ագրեսիվ, պատրաստված, գրագետ թիմ, որը կարող է բանակցություններ վարել»:

Արթուր Բաղդասարյան «Հայոց Աշխարհ»

ՕԵԿ նախագահը անուններ չի նշում, սակայն լսելով ագրեսիվության մասին նրա այս խոսքերը՝ ակամայից առաջին հերթին կարելի է պատկերացնել ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանին: Չի բացառվում, որ հենց նրան եւ մյուս ՕԵԿ-ականներին էլ նկատի ունի Արթուր Բաղդասարյանը: Հանուն արդարության պետք է ասել, որ ՕԵԿ-ն իսկապես ագրեսիվ թիմ է հավաքում: Երեկ Ագրարային համալսարանի տարածքում ցուցաբերած նրանց պահվածքը հենց դրա մասին էր վկայում: Բացի այդ՝ ՕԵԿ-ը ագրեսիվ է նաեւ իրեն քննադատողների նկատմամբ: Այնպես որ՝ Բաղդասարյանի պատգամը կատարվել է:

 

 

«Բոլոր դեպքերում իշխանության գործողությունները մեր կողմից կարժանանան համարժեք քայլերի»:

Հայկ Խաչատրյան ՀԺ

Մինչ ԲՀԿ-ական պատգամավոր դառնալը Հայկ Խաչատրյանը սպորտսմեն էր, ըստ որոշ լուրերի՝ նաեւ շներ էր կռվացնում, հետո էլ դարձավ պատգամավոր ու հիմա արդեն քաղաքական կանխատեսումներ է անում: Ահա թե ինչպես է մեր երկրում զարգանում քաղաքական միտքը: Կարեւորը, որ լինի մեծն բարերար օլիգարխի նման մեկը, ով իրեն հարմար ցանկացած մարդու՝ անկախ մասնագիտությունից եւ հմտություններից, դարձնի կուսակցական, ապա պատգամավոր՝ հնարավորություն տալով դատողություններ անել սահմանադրական բարեփոխումների, իշխանության սպասվող քայլերի եւ պատասխան այլընտրանքային քայլերի եւ այլնի մասին:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 




Լրահոս