ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՍՏԻԱՐԱԿՎԱԾ ՈՐԴԻՆ ՀԱՅՀՈՅԵՑ ՄՈՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

Ղարաբաղաադրբեջանական շփման գծում առկա լարվածությանը զուգահեռ տարածքային վեճը խորանում է նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության եւ Հայաստանի ագրարային համալսարանի միջեւ: ՕԵԿ-ը համալասարանի նախկին լաբորատորիայի տարածքում առանց քաղաքապետարանի թույլտվության շինարարություն է իրականացնում: Երեկ ուսանողները բողոքի էին դուրս եկել:

Բայց մինչ բողոքի ակցիային անդրադառնալը, տեղեկացնենք, որ երեկ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության երկրորդ տարածքային վարչության պետ Արմեն Գրիգորյանը լրագրողներին հայտնել է, որ «ՕԵԿ-ն ինքնակամ շինարարություն է իրականացնում, որը դեռ արձանագրվել է հուլիսին, եւ այն ժամանակ տուգանվել 200 հազար դրամով: Իրենք շարունակել են շինարարությունը, որի համար այսօր քաղաքապետարանում կազմվել է կրկնակի արձանագրություն եւ այդ հարցը քննարկվելու է: Եթե տուգանք նշանակվի, այն կկազմի 2 միլիոն 500 հազար դրամի չափով»:
Ահա այսպես՝ իշխանական կերակրատաշտից դեպի ընդդիմադիր ճամբար թռիչք կատարած «Օրինաց երկիր»-ն իր պատկերացրած օրենքի երկիրը կառուցում է օրինախախտումներով: Չսպասելով դատական գործընթացի ավարտին (որից հետո նոր կպարզվի՝ տարածքը ՕԵԿ-ինն է, թե գյուղակադեմիայինը), ՕԵԿ-ը շինարարություն է սկսել նախկին լաբորատորիայի տարածքում, ինչը զայրացրել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողներին: Նրանք երեկ հավաքվել էին խնդրահարույց տարածքում եւ պահանջում՝ դադարեցնել շինարարությունը: Ու տեսնելով, որ ՕԵԿ-ականներն անդրդվելի են, ակցիայի մասնակիցները միահամուռ ուժերով բրդեցին երկաթե ցանկապատը եւ տապալեցին գետնին:
Այստեղ իր տաղանդով փայլեց ՕԵԿ-ի «էգ առյուծ» փոխնախագահ Հեղինե Բիշարյանի «սիրասուն» որդին՝ Կարեն Սարգսյանը: Նա բացեց իր «հասարակական զուգարան» հիշեցնող բերանը եւ հայհոյանքների տարափ տեղաց ուսանողների եւ դասախոսների հասցեին (տես՝ լուսանկարում): Ընդ որում՝ մոր՝ Բիշարյանի ներկայությամբ: Իհարկե, կուսակցական մայրիկը փորձեց հանդարտեցնել որդուն, բայց դե խայտառակությունն արդեն եղել էր:
ՕԵԿ-ը տեսնելով ագրարային համալսարանի համախմբվածությունն ու հետեւողականությունը, որոշեց անցնել պարզ շանտաժի: «2008-ի համալսարանի խորհրդի որոշմամբ, ռեկտոր Արշալույս Թարվերդյանի ստորագրությամբ այս տարածքը տրվել է «Օրինաց երկրին»: Ինչո՞ւ է ռեկտորը թաքցնում դա: Այ իրանից գնացեք հարցրեք, թե ինչ ա վերցրել, որ տվել ա էս փաստաթուղթը»,-հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Ի պատասխան, ՀԱԱՀ պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ նամակը դեռ 2008թ. ՕԵԿ քարտուղար Ղուկասյանին է ուղղված եղել: «Իրենք խնդրում են տարածք հատկացնել, մենք գրում ենք, որ պատրաստ ենք տարածք հատկացնել, բայց մի քանի պայմաններով, որը պարոն Մարգարյանը չներկայացրեց: Այդ պայմաններն են, որ պետք է անպայման նախագիծը մեզ հետ համաձայնեցված լինեն, ընդ որում՝ դա կառավարությունը պետք է հաստատեր, քանի որ մենք պետական հիմնարկ ենք եւ չենք կարող տարածք տալ ՕԵԿ-ին: Իրենք փաստաթղթի մի մասն են ցույց տալիս»,-բացատրեց պրոռեկտորը: Իսկ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ղեւոնդյանը հայտարարեց, որ մինչեւ սեպտեմբերի 1, իրենք ուսանողներով ամեն օր գնալու են այդ տարածք եւ շաբաթօրյակ կանցկացնեն. «Խնդրում ենք ոստիկանությանը չխոչընդոտել մեր աշխատանքները»:
Հեղինե Բիշարյանն էլ զայրացած սկսեց սպառնալ համալսարանի անձնակազմին. «Մի երիտասարդ գիտնական չկա՞ որ ռեկտոր դառնա, կառավարի: 70 տարեկան մարդ ա նստած այդ պաշտոնին: Պահանջելու ենք երկրի նախագահից, որ Ագրարային համալսարանը տեղափոխի որեւէ մարզ: Երեւանում չի կարա լինի: Դուք կտեսնեք, որ էդ որոշումը լինելու ա եւ դուք էստեղից գնալու եք»:
Ավելի ուշ ՕԵԿ քաղաքական խորհուրդը մի հայտարարություն տարածեց այն մասին, որ «Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի անմիջական հրամանով եւ պրոռեկտոր Պ. Էֆենդյանի, ֆակուլտետի դեկան Ն.Բազիկյանի, Ս.Մարգարյանի, ամբիոնի վարիչ Ա.Ամիրյանի, ամբիոնի դասախոս Ա. Հակոբյանի, ուսանողական խորհրդի նախագահի եւ այլ աշխատակիցների անմիջական ղեկավարությամբ եւ հրահանգով ԲՈՒՀ-ի աշխատակազմը նախապես ծրագրավորված խուլիգանական հարձակում են գործել ՕԵԿ-ի վրա` ջարդելով եւ քանդելով ՕԵԿ-ին պատկանող տարածքի ցանկապատը եւ այլ շինություններ` կուսակցությանը պատճառելով նյութական վնաս: Բացի դրանից, վիրավորական արտահայտություններով, սպառնալիքներով հարձակումներ են գործել տարածքում գտնվող ՕԵԿ անդամ պատգամավորների եւ կուսակցության անդամների վրա, որի արդյունքում մարմնական վնասվածքներ են հասցվել ՕԵԿ անդամ պատգամավորներին: Մասնավորապես, ցանկապատը ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովիկ Մարգարյանի վրա նետելու արդյունքում Հովհաննես Մարգարյանը տեղափոխվել է հիվանդանոց, ինչի կապակցությամբ դիմել ենք իրավապահ մարմիններին»:
Ի դեպ, վիրավոր Մարգարյանը օրվա վերջում ողջ-առողջ շրջում էր ՕԵԿ գրասենյակի մերձակայքում:
Հ. Գ. Կարելի է արձանագրել, որ ՕԵԿ-ի նպատակը՝ ընդդիմադիր դաշտում զոհի կերպարով հանդես գալ, կամաց-կամաց ուրվագծվում է: Նրանք իրենց նկատմամբ գործադրված ճնշումների մասով կառավարության ուշադրությունն են հրավիրում: Սակայն էլի ինչ-որ բան չի ստացվում, քանի որ հասկանալի է, որ ՕԵԿ-ը պարզապես ունեցվածքի կռիվ է տալիս, այլ ոչ թե գաղափարի:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 
14 ՏԱՐԻ ՈՉ ԴՊՐՈՑ ՈՒՆԵՆ, ՈՉ ԷԼ՝ ԱՇԱԿԵՐՏ

ՀՀ Շիրակի մարզի 5 ընտանիք ունեցող Լեռնագյուղ համայնքն այս տարի առաջին դասարանի աշակերտ չի ունենա: Ի դեպ, այս համայնքն արդեն 14 տարի է, ինչ դպրոց չունի: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Լեռնագյուղի համայնքապետ Հմայակ Մարտիրոսյանի հետ:

-Պարոն Մարտիրոսյան, եթե դպրոց չունեք, գյուղի դպրոցահասակ երեխաները որտե՞ղ են հաճախում դպրոց:
-Անկեղծ ասած, արդեն 14 տարի է, ինչ ոչ միայն դպրոց, այլեւ դպրոցահասակ երեխա չունենք: Առաջիկա մի քանի տարիներին առաջին դասարանի աշակերտ չենք ունենալու:
-Ի՞նչն է պատճառը:
-25 մարդ է ապրում գյուղում: Ծերացող ընտանիքներ են: Այս տարի միայն մի երիտասարդ ընտանիք է եկել ու վեց ամսական երեխա ունենք գյուղում:
-Գնալով բնակիչների թիվը նվազում է: Գյուղի վերջը ո՞նց է լինելու:
-Ո՞նց պետք է լինի. ինձանից հետո տղես կլինի, հետո՝ իմ տղուս տղեն: Այսպես:
-Ձեր երեխաներին որտե՞ղ եք ուղարկել դպրոց:
-Իմ երեխաները մինչեւ չորրորդ դասարան հաճախեցին հարեւան՝ Թորոս գյուղի դպրոց, հետո ուղարկեցի Գյումրի՝ բարեկամի տուն, այնուհետեւ մեկ այլ բարեկամի տուն, մինչեւ ավարտեցին:
-Այսինքն, դպրոցի պատճառո՞վ են մարդիկ գյուղից հեռանում:
-Միայն դա չէ պատճառը: Մարդիկ տեղի կլիմային դժվարությամբ են համակերպվում: Մեզ մոտ գրեթե 7 ամիս ցուրտ ձմեռ է: Նման պայմաններում դժվար է ապրել:
-Այս խնդիրների հետ կապված պատկան մարմիններին չե՞ք դիմել: Գուցե ընտանիքներ բերեն վերաբնակեցնեն:
-Տարիներ առաջ նման մի ծրագրով տասներկու ընտանիք եկավ գյուղ՝ ապրելու նպատակով: Զգացին, որ հնարավոր չէ: Միայն բնիկը, այստեղ ծնվածը կարող է ապրել, հարմարվել: Եկան տեսան, չորս տարի ապրեցին, բայց չկարողացան հաշտվել այս պայմանների հետ ու գնացին:
-Իսկ բնակիչները եկամտի ի՞նչ աղբյուր ունեն:
-Անասնապահությամբ են միայն զբաղվում: Ուրիշ ոչինչ: Անջրդի են մեր հողատարածքները, չեն կարող վարուցան անել:
-Երբեւէ որեւէ պաշտոնյա եկե՞լ է գյուղ, ծանոթացե՞լ է խնդիրներին:
-Շիրակի մարզի բոլոր մարզպետերն էլ իրենց պաշտոնավարման տարիներին եկել են գյուղ, զրուցել մարդկանց հետ, ծանոթացել Լեռնագյուղի հոգսերին: Բայց ինչո՞վ կարող են նրանք մեզ օգնել: Ոչնչով: Այսօր գյուղացին է իր գլխի տերը:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 
ԼՈՒՐԵՐ

Պ. ՍԵՎԱԿԻ ՍԻՐՏԸ՝ 2000 ՌՈՒԲԼԻ
Շուրջ 43 տարի է անցել մեծ բանաստեղծ Պարույր Սեւակի առեղծվածային մահվանից, սակայն մինչ օրս էլ մահվան հանգամանքները մինչեւ վերջ պարզված չեն: Քչերը գիտեն 87-ամյա Աշոտ Թադեւոսյանի մասին, ով պնդում է, որ Սեւակի սիրտը մինչ այսօր իր մոտ է: Ինչպես ինքն է պատմում, կենդանության օրոք անդադար գտնվել է Սեւակի կողքին, իրենց միավորում էր քավոր-սանիկական հարաբերությունը: Ա. Թադեւոսյանի խոսքով` Սեւակի մահվան օրը նա դիահերձարանում 2000 ռուբլով կաշառել է բժշկին եւ սիրտն իր հետ տուն տարել: 43 տարի ֆարմալինի լուծույթով մշակել եւ պահել է 1 կգ-ոց տարայի մեջ: Գրել եւ հրատարակել է «Իմ Պարույրը» գիրքը, որտեղ պատմել է այս մասին: Բանաստեղծի որդին՝ Արմենը, Աշոտ Թադեւոսյանի խոսքերով՝ չի հավատում, որ իր տան նկուղում այսքան տարի պահած ու փայփայած սիրտը Պ.Սեւակինն է: Տարիներ առաջ ապացուցելու համար, որ այն իսկապես Սեւակինն է, սիրտը Ֆրանսիա ուղարկեցին: Ցավոք, պատասխանն այնտեղից այնքան էլ հուսադրող չեղավ. լուծույթով տարայի մեջ երկար մնալու պատճառով այն շատ էր վնասվել եւ լաբորատոր փորձաքննության չէր կարող ենթարկվել: Ա. Թադեւոսյանը խնդրում է հավատալ իրեն եւ օգնել իրագործելու վաղեմի երազանքը: Վերջերս գրավոր դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի օգնեն իրեն սիրտը թաղել Կոմիտասի անվան պանթեոնում` Կոմիտասի կողքին, քանի որ Սեւակի գերեզմանատունն, ինչպես հայտնի է, առանձին է եւ գտնվում է Զանգակատանը: Մինչ օրս, սակայն, կառավարությունից հստակ պատասխան չի ստացվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ա. Թադեւոսյանը նշեց, որ տարիքի հետ կապված մտավախություն ունի. «Մահիցս հետո կկորչի ամեն ինչ…»։

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 

ՄԵԿԸ ՎԱՍՏԱԿՈՒՄ Է, ՄՅՈՒՍԸ՝ ՎԱՏՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել Հայաստանի դիվանագիտական կորպուսի առաջին դեմքերի ունեցվածքը:
Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Եգանյանը դրամական միջոցներից եւ եկամուտից բացի, ոչինչ չի հայտարարագրել: Ըստ 2013թ. հայտարարագրի՝ նա ունի 20 հազար դոլար եւ 18 մլն դրամ: Մեկ տարվա ընթացքում նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը՝ 47,817 դոլար:
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը եւս միայն դրամական միջոց եւ եկամուտ է նշել: Պետք է նկատել, որ դեսպանի կարողությունը 2013թ. ընթացքում աճել է: Այսպես. տարվա սկզբում նա ուներ 27 հազար դոլար, որը տարվա վերջին դարձել էր 50,000 դոլար: Մեկ տարվա ընթացքում նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատանքի վարձատրությունը՝ 31,313 դոլար: Իսկ ահա Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, պարզվում է, 2013-ի վերջում իր հաշվին ոչ մի դրամ չի ունեցել: Ըստ հայտարարագրի՝ դեսպանը տարվա սկզբում ունեցել է 15 հազար դոլար, իսկ տարվա վերջում` 0: Մեկ տարվա ընթացքում Գասպարյանի եկամտի աղբյուրը եղել է աշխատանքի վարձատրությունը՝ 31,277 դոլար, եւ կենսաթոշակը՝ 275 հազար դրամ:

 




Լրահոս