ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆԴՈՆԵԶԱԿԱՆ YADNYA KASADA ՓԱՌԱՏՈՆԸ

Ինդոնեզիայի Ճավա կղզու բարձր լեռներում յուրաքանչյուր տարի անցկացվում է «Yadnya Kasada» փառատոնը: Այն մոտ մեկ ամիս տեւողությամբ տոնակատարություն է, որը նշում են թենգեր ցեղի ներկայացուցիչները՝ 13-րդ դարի Մաջապահիթ իշխանական տոհմի ժառանգները:
Փառատոնի 14-րդ օրը թենգերները բարձրանում են Բրոմո լեռ՝ լեռան աստվածներին նվիրաբերելու բրինձ, մրգեր, բանջարեղեն եւ կենդանիներ՝ նետելով այդ ամենը հրաբխի մեջ:
Փառատոնը ծագել է 15-րդ դարում, երբ Ռորո Անթենգ անունով արքայադուստրն իր ամուսնու՝ Ջոկո Սեգերի հետ հիմնել է Թենգեր թագավորությունը: Համաձայն լեգենդի՝ անզավակ զույգը խնդրում է լեռների աստվածներին օգնել իրենց: Աստվածները խոստանում են օգնել՝ պահանջելով միայն 25-րդ երեխային զոհաբերել իրենց: Զույգը հրաժարվում է զոհաբերել վերջին երեխային: Այդ ժամանակ տեղի է ունենում Բրոմո հրաբխի ժայթքումը եւ տանում է 25-րդ երեխային: Այդ ժամանակից ի վեր սկիզբ է առնում զոհաբերություններ անելու ավանդույթը, որի նպատակն աստվածներին հանդարտեցնելն է:

 
ԼՈՒՐԵՐ

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՎՐՁԻՆԸ
Քանդակագործ Յուրի Պետրոսյանի անմիջական մասնակցությամբ վերականգնվել է Հովհաննես Այվազովսկու արձանից գողացված վրձինը։ Արձանի հեղինակը վրձնի հատվածների կրկնօրինակը պատրաստել ու տրամադրել է անվճար։ Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Նշվում է նաեւ, որ Հովհաննես Այվազովսկու արձանը եւս «Անվտանգ Երեւան» ծրագրով «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տեղադրված տեսախցիկների տեսադաշտում է այսուհետ՝ հնարավոր արկածախնդրությունները կանխելու նպատակով:

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Մաթեմատիկայի ոլորտում Ֆիլդսովյան մրցանակը, որը համեմատում են Նոբելյան մրցանակի հետ, գոյության 78-ամյա պատմության մեջ առաջին անգամ կին է ստացել: Մրցանակակիրը Իրանում ծնված Միրիամ Միրզահանին է` Ստենֆորդի համալսարանի (Կալիֆոռնիա) պրոֆեսոր: Միջազգային մաթեմատիկական միության կայքում հաղորդվում է, որ մրցանակը նրան է հանձնվել Ռիմանի մակերեւույթների երկրաչափությունում եւ դինամիկայում, ինչպես նաեւ դրանց տարածքային մոդուլներում ունեցած ներդրման համար: Միրզահանին հույս է հայտնել, որ իր հաղթանակը կոգեշնչի երիտասարդ կին գիտնականներին ու մաթեմատիկոսներին:

 

ՆՈՐ «ԱՍՏՂԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ»
«Աստղային պատերազմներ»-ի նոր՝ 7-րդ մասի նկարահանումները կվերսկսվեն այս օգոստոսին: Ավելի վաղ ֆիլմի աշխատանքները դադարեցրել էին Լոնդոնում նկարահանման հրապարակում դերասան Հարիսոն Ֆորդի վնասվածքի պատճառով. դերասանը կոտրել էր ոտքը եւ ենթարկվել վիրահատության: «Անկասելիները-3» մարտաֆիլմի պրեմիերային Ֆորդի ներկայությունը Հոլիվուդում շշուկների տեղիք է տվել, թե դերասանը պատրաստ է վերադառնալ «Աստղային պատերազմներ»-ի նկարահանման հրապարակ: «Աստղային պատերազմներ»-ի 7-րդ մասի թողարկումը նախատեսված է 2015թ. դեկտեմբերի 18-ին:

 

ՁՄԵՐՈՒԿԻՑ՝ ՎԱՌԵԼԻՔ
Ամերիկացի գիտնականները պատրաստվում են ձմերուկից վառելիք ստեղծել: Նրանց կարծիքով` դա հիանալի միջոց է բերքի օգտագործման համար, որի 40 տոկոսը տարեկան կորում է: Գիտնականների տվյալներով` ամեն տարի փչանում է մոտ 360 հազար տոննա ձմերուկ` աշխարհում բերքի 40 տոկոսը: Ձմերուկ վերամշակող գործարանի կառուցումը կարող է սկսվել մոտ ժամանակներս:
Բիոէթանոլը ծրագրվում է արտադրել կենսազանգվածից: Դա թույլ կտա փոխհատուցել համաշխարհային պաշարի 15 տոկոսը եւ շնորհիվ դրա նվազեցնել այդ նպատակներով եգիպտացորենի եւ հացահատիկի կիրառումը:

 

1500 ՄՏՐԱԿԻ ՀԱՐՎԱԾ
Սաուդյան Արաբիայի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել 5 երիտասարդների գործով ավելի վաղ կայացված որոշումը, որոնք 2014թ. փետրվարի 14-ին իրենց տանը տոնական երեկույթ էին կազմակերպել Սիրահարների տոնի կապակցությամբ։ Երիտասարդները դատապարտվել են 5-10 տարվա ազատազրկման, ինչպես նաեւ մտրակի 1000-1500 հարվածի։ Ազատ արձակվելուց հետո նրանց նաեւ որոշ ժամանակով կարգելվի դուրս գալ երկրի սահմաններից։
Հինգ տղամարդկանցից 3-ը ծառայում են թագավորության անվտանգության ուժերում, ձերբակալվել էին փետրվարի 14-ին։ Մեղադրող կողմը, որպես տղաների մեղքի ապացույց, ներկայացրել է բնակարանում այդ պահին գտնվող լիկյորն ու այլ թույլ ալկոհոլային խմիչքներ, սրտի տեսքով զարդեր, մոմեր եւ կարմիր վարդեր։
Սիրահարների օրը, ինչպես եւ այլ եվրոպական տոները նշելն արգելված է Սաուդյան Արաբիայում։

 




Լրահոս