ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԳՐԱՖԻԿՈՎ` ՍՊԱՍԵՔ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ), ով պատգամավոր է ընտրվել թիվ 41 ընտրատարածքից, մինչեւ այսօր որեւէ կերպ չի արձագանքել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում տեղի ունեցող իրադարձություններին: Արդեն տեւական ժամանակ է՝ Տավուշի մարզի գյուղերն ադրբեջանական կրակահերթի տակ են գտնվում, բայց հանրապետական պատգամավորը որեւէ անգամ չի այցելել սեփական ընտրատարածքի վտանգված գյուղեր:

Նշենք, որ 41 ընտրատարածքում ներառված է նաեւ Չինարի գյուղը, որն ադրբեջանական զինուժի մշտական թիրախում է: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանի հետ՝ պարզելու, թե նա ինչու է անտարբեր իր ընտրատարածքում տեղի ունեցող իրադարձություններին:
-Պարոն Հակոբյան, Չինարին այն գյուղն է, որտեղ Ձեզ ձայն են տվել, ինչի արդյունքում Դուք այսօր ԱԺ պատգամավոր եք: Ինչո՞ւ մինչեւ այսօր որեւէ կերպ չեք «խառնվում», չեք արձագանքում գյուղում տիրող իրավիճակին: Ձեզ չի՞ անհանգստացնում, թե այնտեղ ի՞նչ է կատարվում:
-Այնպես չէ, որ ես չեմ խառնվում, ես ակտիվ չեմ, ես միշտ էլ իմ ընտրողների հետ հանդիպում եմ, միշտ… վերջինը եղել է հեռախոսազրույց Չինարիի գյուղապետի հետ: Դուք էլ կարող եք զանգահարել Չինարիի գյուղապետին ու հարցնել ձեր պատգամավորը տեղյակ է, թե ոչ իրադարձություններից:
-Բայց Դուք մինչեւ այսօր գոնե մեկ անգամ չեք գնացել Չինարի գյուղ, «դեպքի վայրում» չեք եղել` հասկանալու, թե հասարակ գյուղացին, ի վերջո` Ձեր ընտրողն ինչպես է պատսպարվում ադրբեջանական գնդակոծություններից: Ինչո՞ւ:
-Ոչ մի խնդիր չկա, ես ժամանակ առ ժամանակ… ես ունեմ գրաֆիկ, ես իմ գրաֆիկով գնում, իմ ընտրողների հետ հանդիպում եմ, հաջորդ հանդիպումը իմ ընտրողների հետ լինելու է սեպտեմբեր ամսին: Ես որ գնում եմ, բոլոր համայնքներում լինում եմ, ոչ թե միայն Չինարի եմ գնում: Իմ աշխատանքի ոճը դա է:
-Դա Ձեր աշխատանքի ոճն է, բայց այս ընթացքում արտառոց դեպքեր են տեղի ունենում Չինարիում, մի՞թե չի կարելի «շեղվել» այդ գրաֆիկից ու գոնե մեկ անգամ մեկնել գյուղ:
-Երբ որ գյուղում կրակոցներ էին հնչում, ես այստեղ չէի, դրա համար չէի գնում, հիմա սեպտեմբերին գնալու եմ, բայց այս ընթացքում իմ աջակցությունը ցուցաբերել եմ գյուղին:
-Խնդրում եմ նշեք, թե ի՞նչ աջակցություն եք ցուցաբերել:
-Դուք այսքան ժամանակ լսե՞լ եք, որ ասեմ, թե ում ինչքանով եմ աջակցել, կարող եք զանգահարել ու ճշտել:
-Իսկ չե՞ք կարծում, որ սեպտեմբերին գյուղ գնալն ու Ձեր ընտրողներին աջակցելն արդեն ուշացած կլինի:
-Սեպտեմբերին իմ հերթական այցի ժամանակն է, իսկ էս արանքում բնական է, որ ես օգնել եմ: Ես որ ասեմ՝ շատ բան կարող եմ ասել, բայց դուք կարող եք գյուղացիներից հետաքրքրվել ու իմանալ, թե ինչպես եմ օգնել, ինչ եմ օգնել: Ես ընդամենը 10 օր է, որ գտնվում եմ հանրապետությունում, ես այստեղ չէի, դրսում խնդիրներ ունեի, եկել եմ Հայաստան, զանգահարել եմ, զրուցել եմ, ինչ-որ պետք է արել եմ, իսկ հանդիպումն էլ լինելու է սեպտեմբերին: Ես նորից եմ ասում, որ ես գնում եմ հանդիպման, ես բոլոր իմ համայնքները գնում եմ, հանդիպում եմ ժողովրդի հետ: Օրինակ՝ հիմա ես գնում եմ Հովք գյուղ: Գնում եմ այնտեղ գյուղապետի, դպրոցի հետ հանդիպման, եթե խնդիրներ կան՝ փորձում ենք աջակցել:
-Այսինքն, այս օրերին շփման գիծ մեկնած ազատամարտիկները, պատգամավորները, ովքեր գնացել էին աջակցություն ցուցաբերելու, սխա՞լ են արել, պետք էր ընդամենը հեռվից զանգահարել, զրուցել գյուղապետերի հետ ու վե՞րջ:
-Իհարկե շատ պետք էր, ես էլ շատ շնորհակալ եմ, որ գնացել են ու ողջունելի է դա: Բոլորս էլ պարտավոր ենք նման բան անել: Եթե ես Հայաստանում լինեի, բնականաբար առաջիններից մեկը ես կլինեի այնտեղ:
-Այժմ չե՞ք ուզում գնալ դիրքեր, գոնե մեկ գիշեր անցկացնել այնտեղ՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվում սահմանում:
-Ես մի քանի օրը մեկ զրուցում եմ կորպուսի հրամանատարի հետ, վերջին հանդիպումը կորպուսի հրամանատարի հետ մի քանի օր առաջ է եղել, ուղղակի զինվորների կողքին ես գիշերը չեմ կարող մնալ: Առողջական խնդիրների հետ է կապված չմնալս: Ու այնպիսի տպավորություն չստեղծվի, որ այժմ այնտեղ վիճակը վատ է, նոր ես վազում եմ այնտեղ, ո՛չ, ես ամեն օր էլ գնում-գալիս եմ:
-Պարոն Հակոբյան, տեղեկություններ կան, որ Դուք Ձեր բիզնեսների հետ կապված լուրջ խնդիրներ ունեք, ինչի պատճառով էլ տեւական ժամանակով երկրում չէիք գտնվում:
-Ոչ, ես երբեք խնդիրներ չեմ ունեցել բիզնեսում ու չունեմ, ով ինչ ասել է, սուտ է ասել: Ես ինչի համար որ գնացել եմ` ով պետք է՝ գիտի, թե ինչի համար եմ գնացել: Հայաստանից ես դուրս եմ գալիս միայն առողջական խնդիրների պատճառով:
-Նշեցիք, որ Ձեր բիզնեսի հետ կապված որեւէ խնդիր չունեք, ըստ Ձեզ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի «հրահանգը»` այլեւս ստվերային գոտում չաշխատել, նպաստե՞լ է Ձեր բիզնեսի աճին:
-Ուրեմն, մեր բիզնեսներում ստվեր չկա ու չի եղել: Եթե դուք կարծում եք, թե Հովիկ Աբրահամյանի ձեռքին կախարդական փայտիկ կա, ասեց ու անմիջապես պետք է լինի, իհարկե դա այդպես չի, բայց դրական տեղաշարժեր կան, դա ես տեսնում եմ: Ու ես շատ մեծ հույսեր ունեմ, որ Հովիկ Աբրահամյանի հետ միասին կհասնենք հաջողության:

 
ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ ԻՆՉ ՊԻՏԻ ՍՈՎՈՐԵՆ

Հերթական քրեական գործն է հարուցվել ԴԱՀԿ աշխատակցի նկատմամբ: Այս անգամ` ՀՔԾ-ում: Ըստ պաշտոնական հաղորդագրության` քաղաքացի Վլադիմիր Ռ.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «2014թ. հուլիսի 16-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցը չնչին առիթով վիճաբանել է իր հետ: Վիճաբանության ընթացքում ԴԱՀԿ աշխատակիցը բռնություն է գործադրել իր նկատմամբ` դիտավորությամբ հարվածելով ոտքին, որի հետեւանքով առողջությանը պատճառվել է թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք»:

ՀՔԾ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշենք, որ մամուլն արդեն բարձրաձայնել է այն մասին, որ այդ օրը ԴԱՀԿ աշխատակիցները «փայլել» են իրենց ունակություններով` հայտնվելով իրավապահների ուշադրության կենտրոնում: Ըստ այդմ` հուլիսի 16-ին`ժամը 22:30-ի սահմաններում, շտապօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի, ով դրանից մոտ կես ժամ առաջ, Երեւանյան խճուղու վրա, ծեծի էր ենթարկվել մի խումբ մարդկանց կողմից: Lorinews.am-ին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ ինքն ականատես է եղել, թե ինչպես են դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցները ծեծի ենթարկում քաղաքացուն՝՝ կոպտորեն խախտելով հասարակական կարգը:
Հուլիսի 16-ին Վանաձորի Հուշարձանի խաչմերուկում ծեծի ենթարկված քաղաքացին դիմել էր ոստիկանություն՝ նշելով, որ իրեն ծեծողները ԴԱՀԿ աշխատակիցներ են: Բարեբախտաբար` այս անգամ արձագանքը չուշացավ. ԴԱՀԿ աշխատակցի դեմ քրեական գործ է հարուցվել ու այժմ քննություն է կատարվում:
Նկատենք, որ ծեծկռտուքների մասին պատմությունները բավականին հաճախակի են այս պետական կառույցում: Ավելին, քանի դեռ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պետը Միհրան Պողոսյանը` Քեթրինի Միհրանն է, ԴԱՀԿ աշխատակիցների այս պահվածքը զարմանալի չէ. ժամանակին Մ. Պողոսյանն իր աշխատասենյակում ծեծի էր ենթարկել իր աշխատակիցներից` ընդհանուր բաժնի պետ Ստեփան Սամվելյանին, ով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի քեռին է: Նույնիսկ շտապբուժօգնություն կանչելու կարիք էր եղել: Բայց դեպքից հետո Միհրան Պողոսյանը ոչ թե պատժվեց, այլ` նրա փոխարեն աշխատանքից ազատվեց նրա վերադասը` արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԴԱՀԿ պետն այդ ժամանակ անսթափ վիճակում էր եղել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 
ԼՈՒՐԵՐ

ՆԱ ԴԵՌ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտնի «թանկարժեք» բիոզուգարանների վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցին տվել է շատ սպառիչ պատասխան. «Բացարձակ տեղյակ չեմ եւ այն նախարարության իրավասության տակ չի գտնվում: Կհետաքրքրվեմ, կուսումնասիրեմ ու հաջորդ անգամ կասեմ»: Խոսքն այն 2 բիոզուգարանների մասին է, որը ՀՀ կառավարությունը 2012թ. 124 մլն դրամ արժողությամբ գնել էր, որոնք մինչ օրս չեն աշխատում: Բայց ուշագրավն այն է, որ Կ. Ճշմարիտյանը խնդրին անտեղյակ է ձեւանում այն դեպքում, երբ այս հարցը դեռ 2012թ.-ից ակտիվ քննարկումների առարկա էր: Ավելին՝ երբ Կ. Ճշմարիտյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր, խորհրդարանում ՀՀ Վերահսկիչ պալատը ներկայացրեց իր տարեկան հաշվետվությունը, որտեղ մեծ անդրադարձ կար նաեւ հենց այս թեմային: Ասել է թե՝ բիոզուգարանների աղմուկն ամենեւին էլ նոր չէ: Թե ինչ նոր ճշմարտություն պետք է ուսումնասիրի նախարար Ճշմարիտյանը, մնում է անհայտ:

 

ԲՌՆԵՑԻՆ
ՀՀ ոստիկանությունը բացահայտել է 21-րդ դարի սահմռկեցուցիչ հանցագործություններից մեկը. Սյունիքի մարզի Տեղ գյուղից նրանք բերման են ենթարկել 1962թ. ծնված Սամվել Է.-ին: 52-ամյա Սամվելը 10 տարի առաջ` 2004թ. բռնություն էր գործադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ, որից հետո նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Այդ բռնությունը նա գործադրել էր ոչ թե հայ, այլ` Կրասնոդարի պաշտոնյաներից մեկի նկատմամբ, իսկ հետախուզում հայտարարողները եղել են ռուս իրավապահները: Փաստորեն, դեռ ԵՏՄ-ին չանդամակցած, հայ ոստիկանները նախանձելի ջանասիրությամբ սկսել են բացահայտել ու պատժել Ռուսաստանում անգամ 10 տարի առաջ հանցագործություն կատարածներին: Ի դեպ, այստեղ ուշագրավ է մեկ հանգամանք եւս. «դարի հանցագործին» հայտնաբերել են Սերժ Սարգսյանի ծննդավայր Տեղ գյուղում:

 

ԼԱՎ ՉԵՆ
Հովիկ Աբրահամյան-Տարոն Մարգարյան հակասություններն արդեն բացահայտ բնույթ են կրում: ՀՀ կառավարության երեկվա նիստում Տարածքային կառավարման նախարարությունը որոշման նախագիծ էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարանին 4 միլիարդ դրամ հատկացնելու մասին: Ու երբ կառավարության նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացնում էր նախագիծը, Հովիկ Աբրահամյանը միջամտեց. «Մարգարյան, բա մենք պայմանավորվել էինք տարվա վերջում տալ այդ 9 մլն-ը»: «Պարոն վարչապետ, մենք նախնական վճարումների համար ենք նախատեսում այդ գումարը»,- հակադարձեց Մարգարյանը: Սակայն Հ.Աբրահամյանն անհողդողդ մնաց. «Ոնց պայմանավորվել էինք, տենց էլ կանենք»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՏԿՆ-ում այս թեմայի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացվել, եւ որոշում է կայացվել` անկախ Աբրահամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից, կառավարության նիստին այդ հարցն, այնուամենայնիվ, ներկայացնել: Թերեւս հենց այդ անակնկալն է եղել պատճառը, որ Աբրահամյանը զայրանա ու մերժի առաջարկը:

 




Լրահոս