ՀՀԿ-Ն` ԸՆԴԴԵՄ ԱԶԱՏ ԵՎ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն երեկ հրաժարվել է ստորագրել «Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ ձեւավորելու մասին» փաստաթղթի տակ, մինչդեռ այդ փաստաթղթին իրենց համաձայնությունն են հայտնել ԱԺ ընտրությունների մասնակից 4 քաղաքական ուժեր` Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը:
Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ` Քաղաքագետների միությունում կազմակերպված քննարկման ժամանակ, նշեց, որ թեեւ այդ հռչակագրի տեքստը կատարյալ չէ, սակայն այս պահին անիմաստ է համարում դրա շտկման վրա ժամանակ ծախսելը: Ու նա առաջինը ստորագրեց հռչակագրի տակ: ԲՀԿ-ից այս հռչակագրին միացավ Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, «Ժառանգություն»-ից` Ռուբիկ Հակոբյանը: Ռուստամյանն ԱԺ ընտրություններին մասնակցող մյուս ուժերին եւս առաջարկեց միանալ փաստաթղթին:
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը փորձեց ցույց տալ, թե նեղացած է ՕԵԿ-ին այս միջոցառմանը չհրավիրելու համար ու լքեց դահլիճը: Նա նաեւ ասաց, որ իր տպավորությամբ` քաղաքական ուժերը հավաքվել են ժամանակավոր կառավարություն ստեղծելու համար, ընտրությունները վերահսկող կառույց պետք է ստեղծել ԱԺ-ում, եւ նման փաստաթղթերն էլ ստորագրումից առաջ պետք է քննարկվեն քաղաքական կոալիցիայում: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համոզում էր, որ իրենք կողմնակից են ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը, դեռ ավելին, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն է առաջարկել խորհրդատվական մարմին ձեւավորել եւ այդպես վերահսկել ԸՕ իրականացումը:
Խոստովանենք` ՀՀԿ-ականների այս մեկնաբանությունները ծիծաղելի են հնչում, առավել եւս, երբ որպես փաստարկ բերվում է ՕԵԿ-ին չհրավիրելը: Բայց առաջին անգամը չէ, երբ ՀՀԿ-ն քաղաքական դաշտում հայտնվում է «կոնսենսուս-1» կարգավիճակում: 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ նախաձեռնությանը եւս միացան խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը, բացի ՀՀԿ-ից, եւ այն ժամանակ էլ ՀՀԿ-ն տարբեր փաստարկներ էր բերում: Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ, այս կուսակցությունը միշտ դեմ է այն նախաձեռնություններին, որոնք վերաբերել են ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը կամ հանգեցնում են ընտրակեղծիքների նվազեցմանը: Ու սա այն դեպքում, երբ մյուս կողմից ՀՀԿ-ականներն ամենատարբեր ամբիոններից, ընդհուպ մինչեւ միջազգային հանրության մոտ հայտարարում են ազատ, արդար ընտրությունների անցկացման իրենց պատրաստակամության մասին: Այլապես անհասկանալի է, թե ինչու ՀՀԿ-ն եւս չի ստորագրում այս փաստաթղթի տակ ու ինչու է խուսափում մտնել ազատ, արդար ընտրությունների անցկացման բեռի տակ:
Կոնգրեսի մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը մեզ հետ զրույցում նշեց, թե կատարվածի մեջ չկա որեւէ արտառոց բան: «Որոշակի մթնոլորտ է ձեւավորվել, եւ հնարավորություն է ստեղծվել ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն սահմանելու հարցում, իսկ ՀՀԿ-ն ճողոպրում է այդտեղից: Հետեւությունները թողնում եմ ձեզ: Պարզ չէ՞, որ նրանք պատրաստ չեն այդ քայլին»,-ասաց նա:
Հատկանշական է, որ ի տարբերություն իր կոալիցիոն գործընկերների` ԲՀԿ-ն երեկ միացավ ընդդիմության նաեւ այս նախաձեռնությանը: Տեսակետ կա, որ ԲՀԿ-ն իր քայլը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ, եւ սա տեղավորվում է ընդդիմադիր կերպար ձեռք բերելու շրջանակներում: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրենց քայլը մեկնաբանեց, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք նպատակ ունեն ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել: «Եւ այս միասնական շտաբի ձեւավորումը խնդրի լուծման ուղիներից մեկն է: Այդքանով ԲՀԿ-ն կարեւորել ու միացել է այս նախաձեռնությանը»,-նշեց Գալստյանը, ով, սակայն, չցանկացավ մեկնաբանել կոալիցիոն ՀՀԿ-ի` այդ նախաձեռնությանը չմիանալը. «Որեւէ կերպ չեմ մեկնաբանում»:
Ի դեպ, երեկվա հանդիպման ժամանակ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն առաջարկեց նաեւ ստորագրել ոստիկանապետ Վովա Գասպարյանին ուղղված նամակի տակ` պահանջելով իրենց տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում առկա մարդկանց անունները: Այդ նամակը ստորագրեց նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը, իսկ Վարդան Օսկանյանն ու Ռուբեն Հակոբյանն առաջարկեցին այն քննարկել շտաբի հաջորդ նիստի ժամանակ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս