ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՁԵՎ ԵՆՔ ԱՆՈՒՄ, ԹԵ ՀԱՍԿԱՑԵԼ ԵՆՔ»

Փետրվարի 19-ին Մեծն Լոռեցին՝ Հովհաննես Թումանյանը, կդառնար 145 տարեկան, սակայն, ինչպես բազմիցս նշել են նրա արվեստի սիրահարները, Թումանյանը միշտ արդիական է, ժամանակների հետ, եւ անգամ` ժամանակից առաջ: Մեծ բանաստեղծի հոբելյանի առթիվ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ:
-Իհարկե, հենց ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, շատ հետաքրքիր եւ ակտիվ կանցնի թանգարանում, բայց դա չի նշանակի, որ այդ մեկ օրով կավարտենք ծննդյան հետ կապված հանդիսությունները. ամբողջ տարի ենք այդ գործն անելու։ Եվ ենթադրում եմ, որ տարեվերջին արդեն կունենանք առաջին անգամ հրատարակվող, բացառիկ լուսանկարներով լի մի շատ գեղեցիկ ալբոմ։ Դրանք հայտնաբերել ենք մեր թանգարանի արխիվում, թվայնացրել, ու կարծում եմ՝ շատ հետաքրքիր պիտի լինեն ընթերցողի համար։ Դրանցից շատերն ընտանիքի անդամների՝ հենց Թումանյանի ձեռքով արված լուսանկարներ են, եւ այդ առումով կրկնակի արժեքավոր են։
-Իսկ կա՞ն նոր լուսանկարներ, որտեղ Թումանյանին ընտանիքի անդամներն են լուսանկարել։
-Կան լուսանկարներ, որ ինքն իրեն է լուսանկարել, ու դրանք կհրատարակվեն։ Նա նաեւ շատ լավ լուսանկարիչ էր, սիրում էր ինքն իրեն էլ լուսանկարել, եւ կա այդպիսի մի քանի լուսանկար։ Կան նաեւ տղաներից Մուշեղի արած լուսանկարները՝ էլի հոր ֆոտոապարատով։ Այդ բոլորը բացառիկ բաներ են եւ անպայման կտպագրվեն։
-Սովորաբար ձմռան ամիսներին թանգարաններում «մեռյալ սեզոն» է։ Իսկ Ձե՞զ մոտ։
-Պատկերացրե՛ք` ոչ։ Հունվարի տասից հետո մի քանի օր մի քիչ տխուր էր. գրեթե չէին այցելում, բայց հիմա ակտիվացել են։ Ի դեպ, տարեվերջին նորություն ունեցանք. «Ձախորդ Փանոս»-ը անիմացիայի եռաչափ ցուցադրություն կազմակերպվեց, որը եւս շատ է գրավում։
-Աշխատանքի բերումով հանդիպել եք շատ թումանյանագետների, Մեծ բանաստեղծի արվեստի սիրահարների։ Ո՞րն է, ըստ Ձեզ, ժողովրդական մեծ սիրո գաղտնիքը։
-Առաջինը իր հանճարի մեջ է, եւ երկրորդը` Թումանյանն այնքան արդիական է բոլոր ժամանակների համար. շատ հարցեր, որոնք ինքը բարձրացրել է ոչ միայն գրականության, այլեւ, առաջին հերթին, հրապարակախոսության մեջ, ցավալիորեն արդիական են նաեւ այսօր։ Իհարկե, լավ կլիներ, որ դրանք արդեն հնացած եւ հաղթահարված լինեին մեր հասարակության կողմից, բայց, ցավոք, այդպիսի բան չի նկատվում։ Արդիական է, բայց մենք էլ իրեն լավ չենք հասկանում, ու, բացի չհասկանալը, նաեւ թույլ չենք տալիս, որ մեզ վերափոխի։ Եթե ցանկանայինք, կվերափոխվեինք, իսկ եթե նույնն ենք, ուրեմն նրան լավ չենք հասկացել, ձեւ ենք անում, թե հասկացել ենք։ Նա այնքան բնական է, որ հնարավոր չէ չսիրել նրան եւ ներդաշնակ չլինել նրա հետ։ Սակայն այդ ամենը պետք է մեզ փոխի, իսկ մենք չենք փոխվում։ Թումանյանը կյանքի վերջին շրջանում ասել է՝ որքան փորձես գտնել, այնքան կկորցնես։ Կա՛մ մենք նրան հատվածաբար, ոչ ամբողջի մեջ ենք փորձում հասկանալ, կա՛մ ինքներս կաղապարված ենք։ Մեզ՝ մեր մտքերը, զգացումները, բանականությունը, պիտի ազատ արձակենք, որպեսզի կարողանանք մոտենալ իրեն։ Նա տիեզերական ազատության մեջ է, իսկ մենք, կարծում եմ, կաշկանդվում ենք նախորդների մեկնաբանություններով, գնահատականներով…
-Թումանյանի անունը պարտավորեցնող է նաեւ հասարակական ակտիվության իմաստով: Դուք՝ որպես թանգարանի տնօրեն, մասնակցո՞ւմ եք վերջին շրջանի քաղաքացիական նախաձեռնություններին։
-Թանգարանի անձնակազմը մասնակցել է քաղաքացիական բոլոր նախաձեռնություններին. թե՛ 150 դրամ տրանսպորտի սակագնի, թե՛ կենսաթոշակայինի հետ կապված։ Եվ ընդհանրապես, շատ ակտիվ ենք, եւ դրանք հենց Թումանյանի դասերն են, որովհետեւ նա նույնիսկ ազգային պետություն չեղած ժամանակ առաջին հերթին հայ քաղաքացի էր, նրա վարքը, գաղափարները, հրապարակագրությունը, իր խոսքն ընդհանուր առմամբ միշտ ուսանելի են եղել։
-Իսկ համագործակցո՞ւմ եք գրողի՝ Դսեղի տուն-թանգարանի հետ։
-Իհարկե։ Չնայած Դսեղի թանգարանն իրավաբանորեն մեզ հետ կապ չունի, այլ ենթակայության է, բայց դա ոչինչ չի նշանակում. միշտ էլ այցելում ենք, հանդիսություններ կազմակերպում…

 

 

 

 
ԵԿՈՂ ՏԱՐԻ՝ ՊՈԵԶԻԱՅԻ ԵՎ ՎԵՊԻ ՄՐՑՈՒՅԹ

«Անտարես» հրատարակչությունը եւ «Գրանիշ» գրական ակումբն օրերս ամփոփեցին «Արձակ 2013» մրցույթի արդյունքները, որոնցից, սակայն, մրցատյանի անդամները դժգոհ են։ Գրականագետ Հայկ Համբարձումյանը նշել է. «Ցավոք, չեմ կարող ասել, որ շատ բավարարված եմ մրցույթից, որն արդեն երրորդ տարին է անցկացվում, իսկ նոր տաղանդներ չեն բացահայտվում կամ շատ հազվադեպ: Մենք հիմնականում գործ ունենք նույն հեղինակների հետ»։ «Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ կարծում է, որ նախորդ տարվա հաղթող պատմվածքների մեջ շատ ավելի ուժեղ գործեր կային, քան այս տարվա:

Նշենք, որ տարվա լավագույն պատմվածքի «Արձակ» մրցույթին 2013 թվականին մասնակցել է 102 պատմվածք, որոնցից 21-ը ժյուրիի քվեարկության արդյունքում անցել է եզրափակիչ փուլ: Հարցին, թե ինչ չափանիշներով են ընտրվում լավագույն պատմվածքները, Հայկ Համբարձումյանը պատասխանեց, որ մրցատյանի անդամներից Հասմիկ Հակոբյանը, Հայկ Համբարձումյանը, Գոհար Աքելյանը, լեզվաբաններ Դավիթ Գյուրջինյանը, Նարինե Վարդանյանը, կինոգետ Զավեն Բոյաջյանը, մանկագիր Նունե Թորոսյանը յուրաքանչյուրն իր գնահատման չափանիշներն ունի, որոնց ծանոթ են հայ գրականությամբ հետաքրքրվող մարդիկ, եւ լավագույններն ընտրվում են այդ չափանիշների համադրման արդյունքում. «Առանձնացվում են ժյուրիի կարծիքով ընթերցման արժանի պատմվածքները: Իսկ, ընդհանուր առմամբ, սա մրցույթ է, որը փորձում է խրախուսել ինչպես գրական դաշտում արդեն որոշակի տեղ ունեցող, այնպես էլ սկսնակ գրողներին»։
Ի տարբերություն նախորդ տարիների` մրցատյանն այս տարի որոշել էր մրցանակային առաջին, երկրորդ, երրորդ տեղեր չսահմանել: Առանձնացրել էր երեք լավագույն պատմվածքները (Նարինե Կռոյանի «Ցեցի դեղը», Արփի Ոսկանյանի «Ողջերին թող թաղեն ողջերը» եւ Համբարձում Համբարձումյանի «Համլետի հոր ուրվականը»), որոնք ստացան գլխավոր մրցանակ (100.000-ական դրամ)։ Եվ երկու պատմվածք (Մերրի Մկրտչյանի «Շպերունգ»-ը եւ Անրի Գրիգորյանի «Սիեստա»-ն) ստացան հատուկ մրցանակ՝ 50.000-ական դրամ: Ընտրված 21 պատմվածքները կհրատարակվեն առանձին գրքով, կթարգմանվեն անգլերեն, հնարավոր է` նաեւ ռուսերեն: Բացի պատմվածքի մրցույթից` մտադիր են հաջորդ տարվանից անցկացնել ավելի մեծ կտավի ստեղծագործության՝ վեպի մրցույթ, ինչպես նաեւ պոեզիայի, որի հանդեպ հետաքրքրությունը, ըստ կազմակերպիչների, գնալով մեծանում է:

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ԱՐԱՄ Mp3-Ի ԱՆԱԿՆԿԱԼԸ

«Եվրատեսիլ 2014»-ի հայաստանյան մասնակից Արամ Mp3-ն անակնկալ կատարում է նվիրել մրցույթի նախորդ տարվա հաղթող Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթին: Նա ներկայացրել է երգչուհուն հաղթանակ պարգեւած «Only Teardrops» երգի քավեր տարբերակը՝ իր ոճով ու պատկերացմամբ, հայկական երաժշտական գործիքներով համեմված: Նշենք, որ «Եվրատեսիլ»-ում այս տարվա մեր մասնակիցն իր ներկայացվելիք երգը կատարել է վերջերս Երեւանում կայացած ակումբային համերգի ժամանակ:

 

«ՏԱՏՈՒ»-Ն ՍՈՉԻՈՒՄ

Հայտնի է դարձել, որ ռուսական սկանդալային « ՏԱՏՈՒ» խումբը փետրվարի 7-ին ելույթ կունենա Սոչիի օլիմպիադայի բացման արարողությանը: Նախկինում հնչում էր նաեւ Գրիգորի Լեպսի անունը, սակայն վերջինս հերքել է այդ տեղեկությունը: Հիշեցնենք, որ խմբի անդամներն են Յուլիա Վոլկովան եւ Լենա Կատինան: Նրանց մուտքը ռուսական շոու բիզնես ամենասկանդալայինն էր, քանի որ աղջիկները հանդես էին գալիս լեսբուհիների կերպարով:




Լրահոս