Ամռան մեկնարկելուն պես բոլոր հայերը մտածում են ամառային հանգստի մասին, իսկ դրա բաղկացուցիչ մասն է կազմում լողափնյա հանգիստը: Մենք՝ հայերս, պետք է բավարարվենք միայն Սևանի առկայությամբ, բայց այնտեղ էլ այնպիսի աստղաբաշխական թվեր են գործում, որ մնում է միայն հանգիստն անցկացնել տանը՝ բազմոցի վրա: Նույնիսկ մեկ օրով Սևան մեկնելը կարող է թանկ արժենալ, իսկ անվճար լողափերն էլ մշտապես մարդաշատ են լինում:
Սևանում առկա հանգստյան տներում մեկ անձի համար միջին օրավարձը կազմում է 15-20 հազար դրամ, որի մեջ կարող է ներառված լինել նախաճաշ, բայց կարող է և չլինել: Եթե հաշվենք մեկշաբաթյա կտրվածքով, Սևանում 7 օր հանգստանալու համար անհրաժեշտ է միջինը 150 հազար դրամ, և սա՝ առանց սննդի և ճանապարհածախսի։ Սևանում կան նաև ավելի մատչելի վայրեր՝ քոթեջներ, տներ, սակայն այստեղ էլ ամառվա թեժ շրջանում գները սկսվում են մեկ անձի համար 4000-5000 դրամ օրավարձից:
Ներկայացնենք իրավիճակը մի քանի հյուրանոցի դեպքում: «Ախթամար» հյուրանոցը, որը տեղակայված է Սևանա լճի ափին, երկու անձի համար առավելագույն հանգստի գին է սահմանել 200 հազար դրամը (լյուքս), որն իր մեջ ներառում է ջակուզի և նախաճաշ, իսկ նվազագույն շեմն այս հյուրանոցում սահմանված է 35 հազար դրամը: Սակայն համարի գնի մեջ սնունդ ներառված չէ:
«Հարսնաքար» հյուրանոցում այս ամառ ակցիա կար, և երկու անձի համար մեկ օրվա հանգիստը մինչև հուլիսի 1-ն արժեր 40 հազար դրամ, որը ներառում էր լճի տեսարան, իսկ առանց լճի տեսարանի դեպքում՝ 35 հազար դրամ: Հուլիսի 1-ից հետո «Հարսնաքար»-ում կարելի է հանգստանալ արդեն սկսած 50 հազար դրամից, իսկ համարի գնի մեջ ներառված է միայն նախաճաշ: