ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ ՌՈՒԲԵՆ ՇԱՏՎՈՐՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի խորհրդական Ռուբեն Շատվորյանը, ի թիվս իր այլ պաշտոնակիցների, կառավարություն է եկել 2008թ.: Այսինքն` նրան այստեղ է բերել Տիգրան Սարգսյանը: Իսկ մինչ այդ պարոն խորհրդականը կենսագրական բավական հետաքրքիր ու «արտառոց» փաստեր է արձանագրել:
Ծնվել է Երեւանում, 1978-ին ավարտել է թիվ 20 միջնակարգ դպրոցն ու ընդունվել «Երեւանի պետական ճարտարագիտական համալսարան»: Ֆակուլտետն ու բաժինը նրա կենսագրության մեջ նշված չեն: Սակայն ֆակուլտետն այնքան էլ կարեւոր չէ, որովհետեւ մենք հետազոտեցինք 1978-ին լույս տեսած «Ո՞ւր գնալ սովորելու» տեղեկատուն, որտեղ նշված են ՀԽՍՀ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, եւ այնտեղ չգտանք Երեւանի պետական ճարտարագիտական համալսարան անունով բուհ: Դե, հասկանալի է, պետք է լիներ Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: Մարդը կամեցել է արդիականացնել բուհի անունը, համահունչ լինել մեր օրերին եւ գրել է` Երեւանի պետական ճարտարագիտական համալսարան: Բայց մենք ուսումնասիրեցինք նաեւ ՀՀ բուհերի ցանկն ու այնտեղ էլ չգտանք Երեւանի նշված համալսարանը: Չգտանք, որովհետեւ նման ուսումնական հաստատություն Հայաստանում գոյություն չունի: Կա ու գործում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Հիմա կմտածեք, թե տառակերություն ենք անում: Բայց ախր եթե մի մարդ չի կարողանում գրագետ ներկայացնել այն բուհի անունը, որն ավարտել է, ինչպե՞ս կարող է երկրի կառավարության ղեկավարի խորհրդականը լինել: Երեւի այդ ձեւով էլ վարչապետին է ներկայացնում այն բոլոր հարցերը, որոնք գտնվում են իր համակարգման ոլորտում: Այդպես է ներկայացնում, այդ պատճառով էլ մեզ մոտ շատ բան գլխիվայր շրջված է:  
Ռուբեն Շատվորյանի կենսագրության մեջ արտառոցը միայն բուհի անվանումը  չէ: Նա ԵրՊԻ-ն ավարտել է 1983 թվականին, սակայն կենսագրության մեջ ոչինչ չկա այն մասին, թե որտեղ է աշխատել ուղիղ յոթ տարի, արդյոք ծառայել է բանակում: Յոթ տարվա «դատարկ տարածությունից» հետո նշված է, որ 1990-1992թթ. աշխատել է «Միկրոգրա» հայ-բրիտանական համատեղ կազմակերպության` «Գրաֆարտ» հիմնարկության տնօրեն: Մենք գիտենք, որ միկրոգրան միկրո օրգանն է, սակայն չկարողացանք պարզել, թե այդ ինչ համատեղ ձեռնարկություն է եղել Հայաստանում 1990-ից ի վեր եւ ինչով է զբաղվել: «Գրաֆարտ» հիմնարկության անունը մենք միայն Շատվորյանի կենսագրության մեջ տեսանք, այդ պատճառով էլ սա նույնպես մեզ անհայտ մնաց, չկարողացանք ճշտել, թե որտեղ է գտնվել «Գրաֆարտ»-ը եւ ինչով է զբաղվել` չնայած աղոտ պատկերացումներ ունենք, որ հավանաբար այս գրաֆարտ կոչվածը պիտի հրատարակչական գործունեությամբ զբաղվեր:
1993-1997թթ. Ռ. Շատվորյանը դարձել է «Ռիմեկս» ընկերության նախագահ: Այս ընկերությունը պատկանում  է Ռուսաստանի Դաշնությանը: «Ռիմեկս»-ը, ի դեպ, լայն ցանց է, որը հիմնականում զբաղվում է ավտոսերվիսով: Հիմա մենք չգիտենք, թե վարչապետի խորհրդականը կոնկրետ ինչով է զբաղվել, գուցե ավտոդողերի առեւտուր է իրականացրել, մանավանդ որ «Ռիմեկս»-ի գործառույթների մեջ մտնում է նաեւ ավտոդողերի վաճառքը: Չորս տարի այստեղ աշխատելուց հետո ապագա խորհրդականն իր բախտը կապել է GFC խորհրդատվական կորպորացիայի հետ` եղել է դրա նախագահը: Տասնմեկ տարի էլ այս ամերիկյան կառույցում է պաշտոնավարել: Ստացվում է, որ յոթ տարվա իր կենսագրությունն «ամպամածության» մեջ պահելուց հետո Շատվորյանը երբեք հայաստանյան որեւէ կազմակերպությունում չի աշխատել: Բայց ահա 2008-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական:
Ի դեպ, ՀՊՃՀ-ի մեքենաշինության դեպարտամենտի պատմությունն ուսումնասիրելիս մենք հանդիպեցինք Ռուբեն Շատվորյան անուն-ազգանվանը. այդ մարդը 2001-2006թթ. ղեկավարել է դեպարտամենտը: Մենք չկարողացանք ճշտել, թե այդ Շատվորյանն արդյոք հենց վարչապետի խորհրդականն է… Իհարկե, արտառոց ոչինչ չկա այն բանում, որ մարդը Հայաստանում պետական ծառայության մեջ չի գտնվել, միայն ծառայել է օտարերկրացիներին: Ինչ անենք, վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանն էլ հայաստանյան պետական ու պաշտոնական շրջանակներում չէր աշխատել… Փաստորեն,  Տիգրան Սարգսյանն էկզոտիկա սիրող մարդ է, այդ պատճառով էլ որպես խորհրդականներ` աշխատանքի է ընդունել այնպիսի մարդկանց, որոնք ՀՀ-ում գրեթե ոչինչ չեն արել եւ օտարերկրյա կապիտալի ներկայացուցիչներ են:
Ռուբեն Շատվորյանը կառավարությունում զբաղվում է գլխավորապես տարբեր միջազգային նախագծերով, օրինակ` նա է պատասխանատու «Էքսպո» մակնիշի տարբեր ցուցահանդեսների համար: Ստացվում է, որ վարչապետն օգտագործում է նրա փորձն արտերկրյա կազմակերպությունների հետ աշխատանքում: Ուրեմն վատ չէ, գոնե այս խորհրդականի աշխատանքը դրական լինի, գոնե օգտակար գործողության գործակիցը մոտ լինի բավարարին, սակայն, դատելով տարբեր միջազգային ցուցահանդեսներում մեր ունեցած խեղճուկրակ արդյունքներից, կարելի է ասել, որ այստեղ էլ գրեթե ոչինչ չի արվում:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս