Արդեն երկար ժամանակ է` ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պայքարում է կուսակցության շուրջ տիրող իրավիճակի դեմ: Վերջերս ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը մերժել էր Լ. Սարգսյանի բողոքն այն մասին, որ Գեւորգ Պերկուպերկյանը պետռեգիստրում գրանցված չէ որպես ատենապետ: Փորձեցինք տիկին Սարգսյանից պարզել, թե ինչ է կատարվում կուսակցության շուրջ:
-Ձեր կուսակցական վեճի առնչությամբ օրերս խոսեց նաեւ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը:
-Գիտեք ինչ, այսօր հանրապետությունում մենք ունենք բավական թվով գրագետ պատանիներ, որոնք իրավաբանի որակավորում ունեն, բայց աշխատանք չունեն: Եւ զարմանալի է, թե նման երիտասարդը՝ նման տրամաբանությամբ, ինչպես է հայտնվել այդ բարձր պաշտոնում: Եթե տարիք ունենար, կասեի` հաշվի են առել մարդու փորձը, ես ցավում եմ, որ նման կառույցում նման մարդիկ են աշխատում:
-Ինչո՞ւ եք այդպես կարծում:
-Փաստ է, որ մեր խնդրով իշխանությունները մեկ հարց են լուծում` ամեն գնով նվազեցնել ընդդիմադիր Սոցիալական դեմոկրատ-հնչակյան կուսակցության գործունեությունը ՀՀ տարածքում: Եւ կարծես թե այդ խնդրի լուծումը գտան մի շարք մարդկանց միջոցով, առաջին հերթին Վահան Շիրխանյանն ուղղակի սողոսկեց կուսակցություն, հետո էլ սկսեց ներսից կուսակցությունը քանդել, որի արդյունքում այն տրոհվեց մի քանի մասնիկների, բայց մենք մնացել ենք մեր կուռ շարքերում:
-Այսօր իրենք նշում են, որ ՍԴՀԿ ատենապետ են նշանակել Գեւորգ Պերկուպերկյանին, ինչո՞ւ եք պնում, որ Դուք եք ատենապետը:
-Այո՛, Դուք ճիշտ եք, որովհետեւ նրանց թիկունքում կանգնած են ՀՀ իշխանությունները: Եւ այս պարագայում սկսեցին ուղղակի գործընթաց` հաշվի չառնելով, որ այդ ամենն անում են կեղծիքներով: Այդ կեղծիքներն այնքան բացահայտ են:
-Ավելին, Ձեզ էլ արդեն երկու անգամ ՍԴՀԿ-ն հեռացրել է ատենապետությունից:
-Այո՛, պատկերացնում եք, մեկ անգամ հեռացրել են 2009թ.-ին իրենց իբրեւ թե «կայացած» 7-րդ համագումարում, որի մասին կա արձանագրություն: Իսկ երկրորդ անգամ արդեն 2012 թվականին` 8-րդ համագումարի ժամանակ: Ես Ձեզ մի տարօրինակ փաստի մասին էլ ասեմ, մենք նախարարությունից վերցրել ենք 11-էջանոց փաստաթուղթ, որի վրա ոչ մի գրանցում չկա արդարադատության նախարարության կողմից: Այսինքն` այս մարդիկ ցանկացած պահի կարող են չգրանցված փաստաթղթերի շնորհիվ ստեղծել կոռուպցիոն հիմքեր: Արդարադատությունից մեզ ներկայացրել են փաստաթղթեր, որ եթե ամբողջ աշխարհից մարդ կանչենք եւ խնդրենք բացատրել, թե դա ինչի մասին է, ոչ մեկ չի կարող բացատրել: Սա խոսում է նրա մասին, որ մենք արդարադատության նախարարություն չունենք:
-Կոնկրետ կնշե՞ք, թե ինչ փաստաթղթեր եք վերցրել արդարադատության նախարարությունից, որից հասկանալի է դառնում, որ ամեն ինչ կեղծված է:
-Ուրեմն ունենք մի արձանագրություն, որտեղ նշված է, որ տեղի է ունեցել կուսակցության 7-րդ համագումարը` 2009թ-ին քաղաք Ծաղկաձորում, որը ոչ մի լրատվամիջոց չի լուսաբանել, երեւի տղաները շատ գաղտնի են պահել: Այդ արձանագրությունում նշվում է, որ ինձ հեռացրել են կուսակցության շարքերից: Իսկ 2012 թվականին տեղի ունեցած արտահերթ 8-րդ համագումարում, որն էլի գրացված չէ ո՛չ կուսակցությունում եւ ո՛չ էլ արդարադատության նախարարությունում, կրկին ինձ հեռացրել են կուսակցության շարքերից: Ի դեպ, նշեմ, որ փաստաթղթում նշված է, որ մեկ համագումարի ընթացքում երկու անգամ օրակարգ են հաստատում: Այս արձանագրությունում նշվում է, որ Լյուդմիլա Հարությունյանին, չգիտես ինչու` դարձել եմ Հարությունյան, հեռացրել են ատենապետությունից: Բայց չէ՞ որ արդեն 7-րդ համագումարի ժամանակ իմ լիազորությունները դադարեցրել էին: Եւ այս «փաստաթուղթն» ընդունում է արդարադատության նախարարությունը: Մի զավեշտալի դեպք էլ եմ ուզում նշել, որ այդ արձանագրությունում ասվում է, որ այդ համագումարը տեղի է ունեցել Հանքավանի «Անի Ռիզորդ» հյուրանոցում, որը գտնվում է սարի գլխին, իսկ այդ օրը բուք է եղել: Հետո արդարադատության նախարարությանը փաստաթուղթ են ներկայացրել, որտեղ ուրիշ տեղեկություն է գրված, որ համագումարը տեղի է ունեցել Խանջյան 50` «Թեքեյան» կենտրոնում, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, որը հաստատել է նոտար Նունե Սարգսյանը: Արդեն հասկանալի է, որ այդ համագումարները չեն եղել, եւ այս փաստաթղթերը սարքել են` առանց միմյանց հետ համաձայնեցնելու իրենց խոսքերը: Ահա այսպիսի կեղծիքներով է Պերկուպերկյանը գրանցվել: Թո՛ւյլ տվեք ասել, որ սա մի նախարարություն է, որը գլուխ չունի:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽԸ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ