Բարձրակրունկ կոշիկները վտանգավոր են առողջության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչև 14-16 տարեկան հասակը չպետք է կրել բարձրակրունկներ: Այդ մասին զգուշացնում է վնասվածքաբան-օրթոպեդ Արմինե Չոբանյանը: Ըստ նրա՝ մինչ այդ հասակը աղջիկների ոսկրահոդային և մկանաջլային համակարգերն ամբողջովին ձևավորված չեն. «Քանի դեռ աճը շարունակվում է, ցանկալի չէ հագնել բարձրակրունկներ, քանզի դրանք հանգեցնում են հենաշարժիչ  համակարգի սխալ զարգացման»,-զգուշացնում է մասնագետը: Վնասվածքաբան-օրթոպեդի խոսքով՝ այնուամենայնիվ, եթե աղջիկները  դպրոցական տարիքից են կրում բարձրակրունկներ, հետագայում ցանկության դեպքում նոււյնիսկ չեն կարողանում դրանք փոխարինել ցածրակրունկներով. «Բանն այն է, որ աճի շրջանում անընդհատ բարձրակրունկներ կրելիս  ոտնաթաթի և  սրունքի զարգացվածությունն այլ կերպ է ընթանում, ընդ որում՝ սրունքի հետին խմբի մկանները  և ջլերը, այսպես կոչված,  ավելի կարճ են լինում, և երբ ցարծրակրունկ են հագնում, առաջանում է այդ մկանների գերլարվածություն և ցավ: Դա էլ իր հերթին  խնդրի առջև է կանգնեցնում. շարունակե՞լ կրել բարձրակրունկներ, ինչը կբերի հենաշարժիչ համակարգի և ստորին վերջույթների  անոթների հետագա ախտահարման, թե՞ դրանք փոխարինել ցածրակրունկներով»: Օրթոպեդի խոսքով՝ առհասարակ ցանկացած տարիքի և իրավիճակի  դեպքում բարձրակրունկները վնասում են մեր առողջությանը: Ըստ նրա՝ եթե կրունկը 3-4սմ-ից բարձր է լինում, փոխվում է քայլվածքի բիոմեխանիկան՝ մեծանում է ողնաշարի գոտկային կորությունը (լորդոզը, մեջքի և ստորին վերջույթների մկանների լարվածությունը, տեղի է ունենում ծանրաբեռնավածության  սխալ վերաբաշխում, ինչի հետևանքով  կարող են առաջանալ ողնաշարի, ծնկի, սրունք-թաթային և ոտնաթաթի մանր հոդերի հետագա ախտահարում, տարբեր բնույթի ու տեղակայման ցավեր և այլն. «Բարձր կրունկ ունեցող կոշիկներ կրելու ժամանակ ամբողջ ծանրաբեռնվածությունը տեղափոխվում է ոտնաթաթի առաջային՝ դիստալ հատվածների վրա, և եթե միաժամանակ  կոշիկի առաջամասը նեղ է (ունի«ՙնեղ քիթ»),  սեղմվում է ոտքի բութ մատը, այսինքն՝ վերտիկալ ազդող մեծացած ուժի պայմաններում գործում է նաև ոտնաթաթի  առաջին մատը դեպի դուրս մղող ուժ, ինչի հետևանքով բութ մատը սկսում է թեքվել դեպի դուրս և առաջանում է, այսպես կոչված,  ՙhallux valgus՚  հիվանդությունը, որը ժողովրդի մեջ տարածված է ոտնաթաթի կոճ անունով»,-տեղեկացնում  է Արմինե Չոբանյանը և հավելում, որ բարձրակրունկները մեծացնում են նաև  ստորին վերջույթների երակային անբավարարության և վարիկոզ հիվանդության առաջացման հավանականությունը: Մասնագետը  բոլորին խորհուրդ է տալիս զոհ չգնալ գեղեցկությանը, բարձրակրունկներ կրել առիթից առիթ՝ խուսափելով երկար ոտքի վրա մնալուց: Նա նաև շեշտում է՝   հղի կանանց առավելևս հակացուցված են բարձր կրունկ ունեցող կոշիկները,  քանզի  քաշի ավելացման, ծանրության կենտրոնի տեղափոխման և հղիների օրգանիզմում մի շարք այլ փոփոխությունների պատճառով մեծանում է վերը  թվարկված խնդիրների հավանականությունը,  մեծանում է նաև  վայր ընկնելու և տարբեր բնույթի վնասվածքներ ստանալու հավանականությունը: Մեր հարցին՝ իսկ արդյոք ցածրակրունկներն իրենցից ոչ մի վտանգ չեն ներկայացնում, բժշկուհին պատասխանեց. «Դա խիստ անհատական բնույթ է կրում: Եթե մարդու մոտ առկա է հարթաթաթություն, այդ դեպքում  նա պետք է կրի փափուկ սուպինատորներով հատուկ կոշիկներ, որպեսզի կամարը արհեստականորեն  ձևավորված լինի: Ըստ վնասվածքաբան-օրթոպեդի՝ հարթաթաթության դեպքում ցանկալի չէ կրել ամբողջովին տափակ կոշիկներ, որովհետև այդ դեպքում քայլքը սահուն և էլաստիկ չէ, իսկ քայլքից առաջացած ցնցումները տարածվում են դեպի վերև՝ հաղորդվելով ողնաշարին, գլխին: Սրա հետևանքով կարող են առաջանալ գլխացավեր և ցավեր՝ մեջքի շրջանում»: Ի վերջո, բարձրակրունկնե՞ր, թե՞ տափակ կոշիկներ: Այս հարցին օրթոպեդը պատասխանում է՝ նորմալ զարգացած ոտնաթաթերի համար կոշիկների իդեալական տարբերակը հետևյալն է. «Կոշիկը չպետք է լինի մեծ կամ փոքր, իսկ կրունկը պետք է լինի 3-4 սմ-ից ոչ ավելի, այն չպետք է ունենա սեղմող տեղեր, թաթը պետք է որոշ չափով կլորավուն լինի, այլ ոչ թե սուր, իսկ ոտնաթաթի կամարի շրջանում պետք է առկա լինի փոքր փափուկ սուպինատոր (կոշիկի ներդիր)»: Հ.Գ. Ի դեպ, ներկայում քննարկվում է Մաքսային միության անդամ երկրներում  բարձրակրունկների, կեդերի  և տափակ՝ «բալետկա» կոշիկների վաճառքի արգելքի հարցը՝ հենց վերը նշված  առողջապահական նկատառումներից ելնելով: Հետաքրքիր է, եթե Հայաստանն անդամակցի ՄՄ-ին, նշված արգելքի կիրառման դեպքում ինչ պիտի անեն բարձրակրունկների սիրահար հայ կանայք: Նազենի Բաղդասարյան




Լրահոս