Ամառային հանգիստն ու դժբախտ դեպքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, հայտարարություններին, որ անհրաժեշտ է խուսափել անծանոթ ջրանցքներում լողալուց կամ պետք չէ հատել Սևանա լճում առկա կարմիր գծանշումներով  գնդակները, այնուամենայնիվ, մեր շատ հայրենակիցներ, չդիմանալով գայթակղությանը, կամ առավել ինքնավստահություն ցուցաբերելով, դժբախտ պատահարի զոհ են դառնում:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում հանրապետությունում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների կողմից իրականացրած գործողությունների ընթացքում արհեստական և բնական ծագման ջրային ավազաններում ջրահեղձվել է 5 մարդ, իսկ 2-ը՝ վիավորվել: Իհարկե այս թիվը փոքր է՝ համեմատած նախորդ տարվան, քանի որ 2013թ. նույն ժամանակահատվածում մահացել էր 13-ը, վիրավորվել` 4-ը: Բայց նույնիսկ այս ցուցանիշները ոգևորիչ չեն, քանի որ, ի վերջո, ամեն տարի զոհեր ենք ունենում, որից, անշուշտ, կարելի է խուսափել:

Սակայն մեր հայրենակիցները շարունակում են տրվել կովկասյան տաքարյունությանը և չեն հետևում ջրում լողալու ամենատարրական կանոններին, այն է՝ հարբած չի կարելի ջուրը մտնել, և երկրորդ՝ եթե պրոֆեսիոնալ լողորդ չես, ուրեմն բացարձակապես պետք չէ լողալ շատ խորը:

Եվ այսպես, երեկ՝ օգոստոսի 18-ին, Գեղարքունիքի մարզի Սևանա թերակղզու մերձակայքում ջրահեղձվել էր 65 -ամյա մի տղամարդ:

Օգոստոսի 16-ին Արմավիրի մարզի Արգինա համայնքից դեպի Քարակերտ գյուղ հոսող ջրանցքում հայտնաբերվել էր Քարակերտ գյուղի 22-ամյա բնակիչ Ռուդիկի դին: Ըստ Քարակերտ  համայնքի ղեկավար Մհեր Հարթենյանի, Ռուդիկը աշխատում էր ՀՀ ոստիկանության ներքին զորքերում: Գյուղապետի պատմելով, տղային փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն չեն կարողացել փրկել. «Չեմ կարող ասել քեֆի են եղել, թե ոչ, բայց այդ տղան ընկերների հետ է եղել ու ընկերները՝ նկատելով, որ Ռուդիկը խեղդվում է, շտապ զանգահարել են ինձ: Այդ ջրանցքը վտանգավոր տեղ է ու ամեն տարի մի դեպք լինում է: Անցած տարին էլ մի հոգի խեղդվեց: Այդ երկար գետի վրա չենք կարող ցանկապատ դնել: Միայն զգուշացնում ենք, որ մարդիկ չգնան: Բայց մեկ է՝ գնում են ու այսպիսի դեպք է լինում: Շատ խելոք տղա էր, մի քանի ամիս էր, ինչ բանակից եկել էր»:

Գյուղապետի պատմելով, տղայի ընտանիքը տուժած ընտանիք է, քանի որ նրանց գերդաստանում սա միակ դժբախտությունը չէ, որ եղել է. «Երկու տարի առաջ Ռուդիկի մորաքրոջ որդին Սասունիկ գյուղում այդ բախտով գնաց, պապիկը ոտքից հաշմանդամ է: Նրանց ընտանիքը հնար չունի, գնացել եմ իրենց տուն, գումար եմ տվել, որ գոնե կարողանան տղայի հոգեհանգստի հետ կապված մի հոգս հոգան: Ինչ ասեմ, շատ ցավալի դեպք է»:

Իսկ ջրահեղձության ամենաշատ դեպքերը լինում են մեր սիրելի Սևանա լճում: Օգոստոսի 11-ին Սևանում ջրահեղձ էր եղել Ծովակ գյուղի բնակիչ 27-ամյա Արկադի Վարդանյանը: Ծովակ համայնքի ղեկավար  Գարիկ Հակոբյանն ասել էր, որ Արկադին ալկոհոլի ազդեցության տակ չի եղել, քանի որ խմիչքի հետ սեր չուներ. «Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաք պետք է մեկներ, սակայն օդանավակայանից նրա տոմսերը վերադարձրել էին` պատճառաբանելով, թե թռիչքը երկու օր անց պետք է լինի: Տղան էլ մասնակցել էր եղբոր ծննդյան արարողությանը ՙԿարճաղբյուրի՚ մոտ գտնվող լողափում և ջրահեղձ եղել»:

Ստեղծված իրավիճակի հետ կապված «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ  Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության պետ, գնդապետ Էդիկ Գալստյանի հետ: Ինչո՞ւ են մարդիկ խեղդվում ջրում: Մեր այս հարցին ի պատասխան՝ Գալստյանն ասաց. «Դե, մարդիկ հիմնականում նախազգուշացումներին չեն հետևում ու փորձանքի մեջ են ընկնում»: Բացի այդ, ըստ ԱԻՆ պաշտոնյայի, շատ դեպքերում մարդիկ ջրում ինֆարկտ են ստանում և մահանում են: «Երբ մարդ սրտի պրոբլեմ է ունենում, մի քիչ էլ ալկոհոլ է օգտագործում, սրտի անոթները նեղանում են ու երբ մտնում է ջուրը, նման դժբախտ դեպքեր են լինում: Սակայն պետք է նշեմ, որ այս տարի դեպքերի նվազում է նկատվում»,- պարզաբանեց Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության պետ:

Քնար Մանուկյան




Լրահոս