Այն, որ բազում դժբախտ դեպքեր են մոռացվում, և այդ ընթացքում ի հայտ են գալիս նոր իրադարձություններ, որևէ մեկի համար գաղտնիք չէ (գործում է «ոչինչ հավերժական չէ, անգամ դժբախտությունը» սկզբունքը):
Դեռևս 2012 թվականին շատ էր խոսվում բանակում տեղի ունեցած անհավանական և դաժան դեպքի մասին, երբ լուրեր էին տարածվել, թե շարքային զինծառայողներից մեկը բռնաբարվել, ապա դաժան ծեծի է ենթարկվել:
Իհարկե, մեղավորներն իրենց պատիժը կրեցին. ողջամիտ ժամկետներով, թե՝ ոչ, հարցի մյուս կողմն է…բայց թե ինչ եղավ ցանկացած դեպքում հայրենիքի համար ծառայել պատրաստ դժբախտ զինվորի հետ, դժվար է պատկերացնել:
19-ամյա Ժորա Մկրտչյանը Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամաս էր զորակոչվել 2010թ. դեկտեմբերի 18-ին Թալինի շրջանի Լուսական գյուղից, և նույն տարվա սեպտեմբերի 27-ին սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ից Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխվել:
Նա դեկտեմբերի 9-ին դուրս է գրվել հոսպիտալից և տեղափոխվել տուն: Հոգեբուժական բաժանմունք տեղափոխվելու պատճառը, ըստ զինվորի հոր՝ Մկրտիչ Մկրտչանի, այն էր, որ զինծառայողներից մի քանիսն իր տղայի զինվորական գրքույկը վերցրել, գցել էին զուգարանը, իսկ տղան ցանկացել է դիմադրել… Թե ինչ է եղել հետագայում, հայրն այդպես էլ հստակ չի իմացել, բայց փաստն այն է, որ տղային տեսել է անտանելի վիճակում՝ կապտուկներով, ձեռքերը ծխախոտով վառած, ականջը՝ գրեթե պոկված, ոտքերը` վերքերով պատված: Այդուհանդերձ, զինվորի հայրը հայտարարել է, որ իր բողոքը հետ է վերցնելու:
Զորացրվելուց հետո ևս 2 ամիս Ժորան զգաց կյանքի համը. նա էլ չկա….
Սյսօր արդեն Ժորայի հայրը վստահեցնում է, որ տղան նաև սրտից է բողոքել, քանի որ միշտ ոտքով խփել են սրտին: Սակայն Մկրտչյանները երբեք իրենց որդուն այդ վիճակին հասցնող տղաների համար պատիժ չեն պահանջել. նրանք մշտապես պնդել են, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն հրամանատարները:
«Միշտ ասում էին՝ թող գնան հասնեն իրենց ծնողներին: Մեղք են տղաները: Զինվորները տարբեր տներից, տարբեր տեղերից են գալիս: Մկրտիչն ասում էր՝ եթե իր էրեխան չոբանի երեխա է, չի նշանակում, որ բարձր դիրք ունեցող երեխաները իրա տղուն պետք է ճնշեին»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց Ժորայի հայրենի գյուղի՝ Թալինի շրջանի Լուսականի ղեկավար Տարոն Պողոսյանը: Վերջինս հայտնեց նաև, որ կյանքի վերջին օրերին Ժորան երբեմն լավ էր զգում իրեն, երբեմն սկսում էր անիմաստ ծիծաղել և անկանոն շարժումներ անել, այնինչ նա ամբողջովին առողջ էր զորակոչվել բանակ:
Գյուղապետը հիշեցրեց նաև, որ բժիշկները Մկրտիչ Մկրտչյանին խոստացել էին, որ Ժորային կբուժեն, և նա երբեք այլևս առողջական խնդիրներ չի ունենա: Տարոն Պողոսյանի փոխանցմամբ՝ Ժորայի հայրը, ինչպես նախկինում, այսօր նույնպես անասնապահությամբ է զբաղվում, իսկ ընտանիքի մյուս անդամները՝ Ժորայի մայրը, երկու եղբայրն ու քույրը՝ հողագործությամբ:
Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ դատապարտվել են Ժորայի ծառայակից ընկերները՝ Ալբերտ Առաքելյանը` 11 ամիս 27 օր ժամկետով, Վաչիկ Գրիգորյանը` 2 ամիս 28 օր ժամկետով, իսկ Մովսես Բադալյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Armlur.am-ի հետ զրույցում Հունան Պետրոսյանը, ով Վաչիկ Գրիգորյանի հայրենի գյուղի՝ Մեղրաշենի ղեկավարն է, հայտնեց, որ Վաչիկը կալանավայրից ազատ արձակվելուց հետո աշխատանքի է անցել իրենց մոտ գործող ալրի գործարանում: «Շատ շնորհքով էրեխա է, ոչ մի վատ բան իրեն թույլ չի տալիս: Թե էդ պատմության մեջ ինչպես էր ընկել, չենք կարողանում հասկանալ: Վաչիկը չէր անի այն, ինչում իրեն մեղադրում էին»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց գյուղապետը:
Իսկ Մովսես Բադալյանը, Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանի փոխանցմամբ, պատժի կրումից անմիջապես հետո ընտանիքի անդամների հետ մեկնել է Հայաստանից: Նրանք արդեն Ռուսաստանի Դաշնությունում են ապրում:
Հ.Գ. Մարդկային բանականության սահմաններում չտեղավորվող այս դժբախտ դեպքը, որը խլել է բարի ու անմեղ երիտասարդի կյանքը, շատերիս մտորելու տեղիք է տալիս…
Տաթև Հարությունյան