ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱՆՍԸ ԿՈՐՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

«Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը դեռեւս օգոստոսի 14-ին Սերժ Սարգսյանին հրաժարականի պահանջով նամակ էր հանձնել: Սակայն մինչ օրս որեւէ պատասխան չի ստացել: Երեկ Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է սեպտեմբերի 8-ից հացադուլ սկսել ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Նա քաղցած կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Ս. Սարգսյանը հրաժարական չի տվել: Ինչ խոսք, ինքնաոչնչացման ճանապարհով իշխանափոխության հասնելը մեծ զոհաբերություն է, բայց դրան կարելի էր հավատալ, եթե Հայրիկյանն իսկապես անկեղծ լիներ: Սակայն այդ հարցն այնքան էլ միանշանակ չէ, քանի որ ԱԻՄ առաջնորդին դեռեւս 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների ընթացքը եւ գուցե ելքը փոխելու, կարելի է ասել, պատմական շանս էր տրվել (իհարկե դժբախտ դեպք եղավ. մահափորձ կատարվեց նրա նկատմամբ): Սակայն այդ օրերին ԼՂՀ նախագահից սկսած մինչեւ Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխները հերթով այցելեցին Հայրիկյանին հիվանդանոց, համոզեցին, որ ՀՀ նախագահի ընտրությունները հետաձգելու դիմում չներկայացնի, նա էլ համաձայնեց: Փոխարենը՝ 43 մլն դրամ փոխանցվեց Հայրիկյանին՝ Եվրոպայում բուժվելու համար: Մինչդեռ չի բացառվում, որ նախագահական ընտրությունները հետաձգելով հնարավոր էր քանդել իշխանական բուրգը եւ փոխել ՀՀԿ-ի գծագրած սխեման: Հիմա այսքանից հետո ինչպե՞ս կարելի է հավատալ Հայրիկյանի անկեղծությանը:

 
ՀՀ իշխանություններն առանձնահատուկ հակվածություն ունեն օֆշորային ընկերությունների հանդեպ: Բանն այն է, որ կառավարության օգոստոսի 14-ի նիստում որոշում էր ընդունվել համաձայնություն տալ «Anaklia IEP Holdings» ՍՊԸ-ին Հայաստանում նոր 540 մվտ ՋԷԿ կառուցելու ծրագրին: Ըստ այդմ, «Anaklia IEP Holdings» ՍՊԸ-ն այդ նպատակով 600 մլն դոլար պետք է ներդներ: Սակայն ուշագրավն այս ընկերության այն է, որ ամենեւին էլ «մաքուր գործունեություն» չի ծավալում: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ բրիտանական համարվող այս ընկերությունն իրականում գրանցված է օֆշորային գոտում՝ Վիրջինյան կղզիներում: Ու թեեւ ընկերությունն ունի նաեւ կայք, բայց այնտեղ Հայաստանում իրականացվելիք ծրագրերի ու կառավարության որոշման մասին որեւէ բառ չկա գրված:

 
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սոֆոյանն օրերս Հյուսիսային պողոտայում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ակտիվորեն բացատրում էր այնտեղ կատարվող շինարարական գործողությունների ընթացքը: Շուրջ երկու տարի Ազգային ժողովում գործունեություն ծավալող, բայց ամբիոնից կամ ԱԺ միջանցքում անգամ մի բառ չարտաբերած այս պատգամավորը պարզվում է՝ շինարարությունից գլուխ է հանում: Ի՞նչ եք անում պողոտայում. «Ժողովուրդ»-ի այս հարցին Սոֆոյանը պատասխանեց. «Դե, շինարարական ընկերության ղեկավարն իմ ընկերն է, դրա համար մեկ-մեկ գնում եմ Հյուսիսային պողոտա… Հիմա, օրինակ, քարերն են բերում, պետք է ասեմ, որ ռազտամոժկեն շուտ անեն, որպեսզի շուտ հասնի ստեղ, որ գործն էլ շուտ առաջ գնա»: Երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչու այդ ջանասիրությամբ գոնե մեկ անգամ շփման գիծ չի մեկնել, պատգամավորը հայտարարեց, թե իրեն որեւէ մեկը չի ասել, որպեսզի շփման գիծ մեկնի. «Դե մենք էլ կգնանք, ի՞նչ է եղել, ես քաղաքում չեմ եղել: Ամեն ինչին մաքսիմում հետեւել եմ»:

 
Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալ Ալբերտ Ղազարյանը: Բնականաբար, փոխմարզպետին փոխելու առաջարկն արել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի ներկայիս մարզպետ Արամ Հարությունյանը: «Ժողովուրդ»-ը զրուցեց Ա. Ղազարյանի հետ՝ պարզելու, թե որն է աշխատանքից ազատման պատճառը: Պարզվեց՝ Ղազարյանն իր ազատման մասին լուրը անակնկալ է իմացել: «Ես սովորականի նման առավոտյան գնացի աշխատանքի ու ասեցին, թե ազատված ես: Դե, բոլորն էլ հերթով գնում են: Մի տասը օր առաջ մեկ այլ աշխատակցի ազատեց: Հետո ազատեց օգնականին, խորհրդականին, վարչության պետին: Աստիճանաբար փոխում է բոլորին»,-հիասթափված նկարագրեց Ղազարյանը: Նախկին փոխմարզպետից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ նեղացա՞ծ է Արամ Հարությունյանի այդ քայլից, ինչին ի պատասխան Ղազարյանն ասաց. «Գիտեք, այդպես չեն անում: Կան բաներ, որ անտեսել պետք չէ: Տարիներ շարունակ արել-դրել ես եւ հիմա… Այլ տարբերակներ էլ կան, որ կարելի էր կիրառել: Մարդուն պետք է ժամանակ եւ հնարավորություն տալ»:

 
ԵՐԿՈՒՍՏԵՔ ՁԱԽՈՂՎԱԾ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե ինքը կախարդական փայտիկ չունի, որ կարողանա բոլորին ստիպել միանգամից դուրս գալ ստվերից, դա որակել է որպես «կապիտուլյացիա» եւ «ձախողման մասին խոստովանություն»: Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, նախօրեին մասնակցելով «Բազե» երիտասարդական հավաքի բացմանը` պատանիների հետ զրույցում ասել էր. «Դա ֆինանսական կորուստ է մարդկանց համար, նրանք ֆինանսներից դժվար են բաժանվում: Հիմա այդ դժվարության համար, հաղթահարելու համար ժամանակ է մեզ պետք: Բայց որ գնալու ենք դրան եւ կամաց-կամաց վերացնելու ենք, ես դրանում ուղղակի համոզված եմ»: Ստվերի դեմ պայքարի այս երկարաձգումն էլ հիմք է տվել Զուրաբյանին պնդելու, որ Աբրահամյանի գործունեությունը տապալվել է. «Հիմա պարզվում է, որ դրա համար իրականում պետք է ոչ թե հուլիսի 1-ը (Աբրահամյանի ի սկզբանե նախանշած վերջնաժամկետը «Ժ.»), այլ պետք է շատ երկար ժամանակ: Ուղղակի իր ձախողվածությունը, պարտությունը փորձում է ինչ-որ ձեւով մեղմացնել: Չեմ կարծում, որ Հայաստանում որեւէ մեկը հավատա այս հեքիաթներին»,- նշել է Զուրաբյանը:
Ինչ խոսք, ՀԱԿ խմբակցության ղեկավարը միանգամայն իրավացի է. երբ հրապարակավ խոստումներ են տրվում եւ վերջնաժամկետներ նշվում, դրանից հետո որեւէ արդարացում չի կարող հավատարժան լինել: Այս ճշմարտությունը, սակայն, գործում է նաեւ ընդդիմության գործելաոճի դեպքում: Մասնավորապես` երբ ընդդիմությունն առաջադրեց 12 կետանոց պահանջները եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ընդունումից հետո ակնհայտ դարձավ, որ կառավարությունը չի պատրաստվում առնվազն ընդդիմության առաջին պահանջը կատարել, ոչ իշխանական քառյակը փոխանակ հակադարձելուն ուղղված քայլեր ձեռնարկեր` հայտարարեց, թե իրենք իրենց խոսքը կասեն սեպտեմբերին:
Հիմա էլ, սակայն, պարզվում է, որ սեպտեմբերին ասելով` նրանք նկատի են ունեցել սեպտեմբերի վերջը: Թե ինչու են հայրենի ընդդիմադիրներն ամեն կերպ երկարաձգում իրենց խոստացած հանրահավաքային պայքարի մեկնարկը` դժվար է ասել: Սակայն պետք է ընդունել, որ դժվար կլինի հակադարձել, եթե Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչներից էլ հայտարարեն, թե Քառյակի` կառավարության դեմ պայքարի ժամկետների ձգձգումը «ձախողման մասին խոստովանություն է»: Ի վերջո ձախողում տերմինը միայն իշխանությունների համար չէ, որ պետք է օգտագործել:

 




Լրահոս