ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԶԳԱ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՇՈՒՆՉՆ ԻՐ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ

Օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող աննախադեպ լարվածության ընթացքում ընդդիմադիր եւ իշխանական թեւերը սկսեցին միմյանց հետ համագործակցել, համատեղ հայտարարություններով հանդես գալ եւ միասին շփման գիծ մեկնել: Այնինչ, մինչ այդ նրանք որեւէ հարցում չէին կարողանում «լեզու գտնել»: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներից պարզել, արդյոք այսուհետ նրանք աշխատելո՞ւ են իշխանության հետ համատեղ, եւ արդյոք այդ դեպքում խոստացված «թեժ աշունը» իրականություն կդառնա՞:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկին Զոհրաբյան, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը իշխանության ներկայացուցիչների հետ շփման գիծ մեկնեցին, նրանց հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկան: Այս ամենից հետո` արդյոք խոստացված «թեժ աշունն» ու հանրահավաքային պայքարը կկայանան:
-Ընդհանրապես ճիշտ չեմ համարում դիրքեր գնալը, այդ լարված օրերին զինվորի կողքին լինելը, զինվորի խնդիրների ու մտահոգությունների մասին լսելը շահարկման առիթ դարձնելը: Քաղաքական ուժերը, ովքեր գտել են նպատակահարմար, եղել են դիրքերում: Նրանք այդ պահին եղել են զինվորի կողքին, որովհետեւ զինվորը, որն այսօր պահում է մեր թիկունքը, ինքն էլ ունի անհրաժեշտություն տեսնելու արդյոք իր թիկունքը ապահով է, թե ոչ: Դա որեւէ կապ չունի մեր ծրագրերի հետ, Քառյակի ծրագրերում որեւէ փոփոխություն չկա: Ես այս պահի դրությամբ կարող եմ «Բարգավաճ Հայաստան»-ի անունից հայտարարել, որ մեր ծրագրերում որեւէ փոփոխություն չկա ու դրանք միմյանց հետ որեւէ առնչություն չունեցող հարցեր են: Այժմ խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական ուժերով աշխատում ենք սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու օրենքի նախագծի վրա: Ու նման նախաձեռնություններով որքան շատ լինի միասնականությունը, այնքան ավելի լավ: Բանակի կողքին, զինվորի ու գյուղացու կողքին կանգնելու միասնականության հարցում որքան մեծ լինի մեր աջակցությունը, այնքան դրանից կշահի զինվորը, բանակն ու գյուղը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
-Պարոն Մինասյան, ըստ Ձեզ, ընդդիմությունը կկարողանա՞ նույն եռանդով քննադատել իշխանությունների վարած քաղաքականությունն այն դեպքում, երբ վերջին ժամանակահատվածում իշխանության հետ հանդես է գալիս համատեղ հայտարարություններով:
-Նախ՝ ես կարծում եմ, որ արտաքին վտանգի դեպքում իշխանություն-ընդդիմություն հասկացությունները երկրորդ պլան են մղվում, որովհետեւ հարցն արտաքին ագրեսիայի դեմ պայքարելն է, այդ տեսակետից ոչ միայն ողջունելի է, այլ նաեւ ուսանելի: Ու եթե այդ ամենից ծնվի նաեւ մի օրենք՝ կապված սահմանապահ գյուղերի հետ, որով կամրացվի այդ բնակավայրերի թե՛ պաշտպանական, թե՛ սոցիալ-տնտեսական վիճակը, ապա դա մեծ արդյունք է: Երկրորդ կարեւոր հանգամանքը չպետք է մոռանանք, որ մենք բոլորս` լինենք իշխանություն, թե ընդդիմություն, ուզում ենք երկրի դիմադրողականության բարձրացում: Եթե անհրաժեշտ է, որպեսզի ներքին դիմադրողականության սահմաններում ընդդիմությունն ավելի թեժ գործողությունների գնա, ապա պետք է գնա, որովհետեւ գլխավոր խնդիրն, ինչպես արդեն արձանագրել ենք, փոփոխություններն են երկրի ներքին կյանքում: Բացարձակապես ձեր նշած տեսակետը չեմ կիսում, սա ցույց տվեց, որ բոլորի միակ նպատակը երկրի անվտանգության հարցն է: Եթե իշխանությունը քայլ է արել այդ անվտանգությունը մեծացնելու ուղղությամբ, ապա գովելի է նման իշխանությունը: Իհարկե, իշխանությունը պետք է միշտ զգա ընդդիմության շունչը իր թիկունքում, որպեսզի ինքն էլ փոփոխությունների գնա: Ընդդիմությունը հանդարտության է մատնում նաեւ իշխանությանը, իսկ հանդարտ իշխանությունը երկրի զարգացման տեսանկյունից կարող է նաեւ վտանգավոր լինել, դրա համար, որտեղ որ անհրաժեշտ է լինել միասնական՝ պետք է լինենք, այնտեղ, որտեղ պետք է ներքին դիմադրողականություն՝ ուրեմն պետք է այդպես անել:
-Բայց իշխանությունը երբեւէ չի ցանկացել որեւէ հարցում զիջումների գնալ, եթե այդ հարցը բարձրացրել են ընդդիմության ներկայացուցիչները, այսինքն՝ ըստ Ձեզ իշխանությունները «փոխվե՞լ» են:
-Եթե ինչ-որ մի բան չի ստացվել,ապա դա դեռ չի նշանակում, որ պետք է թեւաթափ լինել ու որեւէ գործողություն չանել, պետք է մտքում ունենալ, որ ցանկացած լավ արդյունք կարելի է ստանալ համագործակցության ձեւաչափով եւ ոչ թե առճակատմամբ: Առճակատումը կարող է բերել այնպիսի փոփոխությունների, որոնք կհանգեցնեն ավելի մեծ վտանգների: Դրա համար էլ չպետք է երբեք մերժել երկխոսության հնարավորությունը` հանուն իրական փոփոխությունների եւ ոչ թե ձեւական մոտեցումների:
Հ. Գ. ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե Քառյակի ծրագրերը չեն փոփոխվել. «Մեր բոլոր պլանները ընթացքի մեջ են, ուժի մեջ են»,-հավաստիացրեց նա:

 

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Հասարակության շրջանում Վրաստանի վարչապետի այցը կարեւորվում է նախ եւ առաջ նրանով, որ մեր հարեւան երկիրը ցանկանում է խստացնել վիզային ռեժիմը: ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով Վրաստանի վարչապետի այցի մասին, «Ժողովուրդ»-ին ասաց. «Օր օրի հասկանալի է դառնում, որ Վրաստան այցելելը խնդիր է դառնում: Գնում ենք դեպի սահմանափակումների ռեժիմ, որը լավ չէ, դա, ամենայն հավանականությամբ, կապված է նրա հետ, որ անցյալ տարի սեպտեմբերի 3-ին որոշում կայացվեց, որ ՀՀ-ն Մաքսային միությանն է անդամակցելու: Հիմա քանի որ մենք գնում ենք դեպի Մաքսային միություն, իսկ Վրաստանն, ամենայն հավանականությամբ, որոշակի պարտավորություն է ստանձնել Եվրաասոցացման ծրագրի շրջանակներում, որի մեջ մտնում էր նաեւ ոչ անդամ երկրների նկատմամբ համապատասխան վիզային ռեժիմի կիրառումը, դրա համար էլ նման բան է ցանկանում անել: Հիմա այդ ամենը կիրառվելու է Հայաստանի նկատմամբ»:
Մեր զրուցակցի խոսքով` ի սկզբանե պետք էր հաշվարկել, որ եթե մենք փոխում ենք մեր տնտեսական ինտեգրացիայի ուղղությունը, ապա նման խնդիրներն անխուսափելի են դառնալու: «Հասկանալի է նաեւ, որ եթե այժմ մարդիկ ցանկանան ինչ-որ ժամանակաշրջան այնտեղ մնալ, ապա վրացական համապատասխան մարմինները նրանցից կպահանջեն արտոնագիր: Մենք, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան նույն ծրագրի շրջանակներում պարտավորություններ էինք կատարում, որոնց մեջ մտնում էր երկրի մուտքի ու ելքի պայմանների նույնականացումը, այժմ դա արդեն մեզ համար խնդիր է»:
Վահագն Խաչատրյանը մտահոգված է նաեւ մեկ այլ խնդրի ծագման հնարավորությամբ. «ՌԴ-ն Վրաստանի նկատմամբ արդեն վերացրել է ազատ առեւտրի համաձայնագիրը, որով Վրաստանից Ռուսաստան ներկրվող ապրանքներն արտոնություններ ունեին, այսինքն՝ որեւէ լրացուցիչ մաքսատուրքեր չէին սահմանվում, բայց այժմ այդ համաձայնագիրը ՌԴ-ն վերացրել է: Ես մեծ անհանգստություն ունեմ, որ կարող է Վրաստանի հետ մեր համաձայնագիրը չեղյալ համարվել կամ փոփոխության ենթարկվել»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 
ԼՈՒՐԵՐ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «հովանավորությամբ» գործող «Հայնյուզ» եւ «Ե-Մեդիա» լրատվական կայքերն այլեւս չեն աշխատում: Ինչպես հայտնի է, նշված երկու լրատվական կայքերի գովազդը հիմնականում ապահովվում էր Տ. Սարգսյանը, ում անհրաժեշտ հրապարակումները տեղ էին գտնում այդ կայքերում: Ու քանի որ այժմ Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվել ու կարծես թե «մի կողմ է քաշվել» քաղաքական իրադարձություններից, ուստի այդ լրատվական կայքերն այլեւս իրեն պետք չեն: Քարոզիչների ժամանակներն ավարտվեցին: Իսկ թե ինչ կլինի խմբագրակազմի ճակատագիրը, արդեն որեւէ մեկին, կարծես թե, չի հետաքրքրում:
Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել լրատվական կայքերի ղեկավարների հետ, սակայն ապարդյուն: «Ե-Մեդիա» լրատվական կայքում նշված հեռախոսահամարին որեւէ մեկը չէր պատասխանում, իսկ «Հայ նյուզ»-ի բջջային հեռախոսահամարն ընդհանրապես գոյություն չուներ:

 

ԱՄՆ Է ԳՆԱՑԵԼ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը մեկնել է ԱՄՆ: Մեր տեղեկություններով՝ Սալբի Ղազարյանն այնտեղից աշխատանքի հրավեր է ստացել, ինչի համար էլ որոշել է լքել Հայաստանը: Տեղեկություններ կան, որ Սալբին ԱՄՆ-ի քոլեջներից մեկի հայագիտության ամբիոնի ղեկավար է նշանակվել:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, «Սիվիլիթաս»-ի հիմնադիր Վարդան Օսկանյանից, ով երկար տարիներ աշխատել է Սալբի Ղազարյանի հետ: Պատգամավորը ոչ հաստատեց, եւ ոչ էլ հերքեց մեր տեղեկությունը, միայն հայտարարեց, թե ինքն արձակուրդում է գտնվում, ինչի համար էլ որեւէ հարցի չի ցանկանում պատասխանել. «Արձակուրդից վերադառնամ, նոր կպատասխանեմ ձեր հարցերին: Որպես սկզբունք ես արձակուրդում որեւէ հարցի չեմ պատասխանում»:

 

ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԱՃ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2014թ. հունվար-հուլիսի նախնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին զեկույցի համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 4.1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հուլիս ամսվա ՏԱՑ-ը նախորդ տարվա հուլիսի համեմատ կազմել է 7.2%։ Իսկ ամսական կտրվածքով՝ հուլիսը հունիսի համեմատ, ՏԱՑ-ը 19.2% է։ Ըստ վիճակագրության, այս տարվա հուլիս-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ոլորտներում։ Բացառություն է կազմում միայն էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Տարվա առաջին 7 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 4325.2 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 4.2%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

 




Լրահոս