ԱՃ ԿԱ, ԲԱՅՑ՝ ՆՎԱԶՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՅՈՎ
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում աճել է ընդամենը 1 տոկոսով. արտահանման ծավալներն ավելացել են 0.8, ներկրման ծավալները՝ 1.1 տոկոսով: Իհարկե, աճ կա, սակայն սիմվոլիկ:
Եվ այս ցուցանիշը, թերեւս, ապացուցում է, թե ինչ տխուր վիճակում է գտնվում Հայաստանի տնտեսությունը, քանի որ 1 տոկոս աճն ուղղակի չնչին տեղաշարժ է: Առավելեւս, երբ մյուս կողմից՝ այս տարվա առաջին կիսամյակում որեւէ տեղաշարժ չի գրանցվել արդյունաբերության մեջ. ըստ պաշտոնական վիճակագրության՝ արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը կազմել է 0 տոկոս:
Արտահանման եւ ներմուծման վիճակագրությունն առավել մանրամասն ուսումնասիրելու դեպքում բավականին հետաքրքիր պատկեր է ի հայտ գալիս. ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը բոլոր առումներով նվազել է. արտահանումը պակասել է 9, ներկրումը՝ 3.1 տոկոսով: Ընդ որում, նվազել է Հայաստանի արտահանումը դեպի ՌԴ՝ 6.4 տոկոսով, իսկ ներկրումն ավելացել է 1.4 տոկոսով: Նվազել է ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունը ԵՄ անդամ երկրների հետ. արտահանումը՝ 7, ներկրումը՝ 0.2 տոկոսով: Սրանք, թերեւս, համարվում են Հայաստանի հիմնական գործընկերները, որոնք նաեւ աշխարհագրական տեղակայման առումով են հարմար:
Անմխիթար վիճակում է գտնվում Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն անմիջական հարեւան երկրների հետ: Աշխարհի բոլոր նորմալ պետությունների արտաքին տնտեսական կապերի առնվազն հիսուն տոկոսը բաժին է ընկնում նրանց անմիջական հարեւաններին: Այնինչ, Հայաստանի դեպքում իրավիճակը, մեղմ ասած, անհուսալի է. Ադրբեջանի հետ, հասկանալի պատճառներով, չկա որեւէ կապ: Իսկ ահա մյուս երեք պետությունների՝ Վրաստանի, Թուրքիայի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ՀՀ առեւտրաշրջանառության ծավալները կազմում են ընդհանուրի 11.7 տոկոսը, նախորդ տարվա՝ 10.1-ի փոխարեն: Այսինքն՝ հարեւան երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը շատ քիչ է, եւ երեք երկրներ արտահանման ու ներմուծման ոլորտում արձանագրված աճը իրականում որեւէ էական նշանակություն չունի: Նվազել է Հայաստանի առեւտրաշրջանառությունը հզոր գերտերություններից մեկի՝ ԱՄՆ-ի հետ. արտահանման ծավալները պակասել են 12.5, իսկ ներկրմանը՝ 8.6 տոկոսով:
Փոխարենը արտաքին առեւտրաշրջանառության ծավալներում աճ է արձանագրվել «Այլ երկրներ» դասակարգման մեջ. այստեղ աճը 6.9 տոկոս է, արտահանումն ավելացել է ռեկորդային տեմպերով՝ 13.9 տոկոս, ներկրումը՝ 4.7 տոկոս: Այս անհամամասնությունը, մեղմ ասած, տարօրինակ է, քանի որ դժվար է պատկերացնել մի երկիր, որն իր հիմնական տնտեսական գործընկերների հետ առեւտրաշրջանառության ոլորտում անկում է գրանցել, ավելացնում է արտահանման ու ներկրման ծավալները այլ երկրների դեպքում: Բայց Հայաստանի դեպքում ամենատարօրինակ երեւույթները սովորական են: Եվ ահա՝ վիճակագրական տվյալներից պարզվում է, որ Հայաստանը լրջագույն առեւտրային կապեր ունի իսլամական երկու երկրների՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ու Իրաքի հետ: Մինչ ոմանք, հիշելով հեռավոր 90-ականների սկիզբը, կփորձեն մտածել, թե դա նորմալ է, շտապենք հիասթափեցնել՝ այս երկներից Հայաստանը ոչ այնքան ներկրում է ապրանքներ, որքան՝ արտահանում: Ընդ որում, արտահանման ծավալները ԱՄԷ աճել են 71.4, իսկ Իրաք՝ 48.7 անգամ:
Բնականաբար, այս ամենից հետո հետաքրքրում է՝ իսկ ի՞նչ է արտահանում ՀՀ-ն ԱՄԷ եւ Իրաք, որ նույնիսկ նման մեծ աճ է գրանցվել: Ըստ վիճակագրության, օրինակ՝ արտահանում ենք հազարավոր լիտրերով սպիրտ. նախորդ տարի 167.4 հազար լիտր սպիրտ ենք արտահանել այդ երկու երկրներ, այս տարի՝ 227.7 հազար լիտր: Ընդ որում, խոսքը ոչ թե հայկական գինու, կամ աշխարհահռչակ կոնյակի, այլ՝ մաքուր սպիրտի մասին է: Էլ չենք ասում մյուս ապրանքների մասին: Ինչպես հայտնի է, մուսուլմանական երկրներ գլխավոր արտահանողը հայտնի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Նա հիմա էլ, փաստորեն, արաբական երկրներ է առաքում: Բայց սա արդեն խոսակցության այլ թեմա է:
Մինչ այդ, նկատենք մեկ կարեւոր հանգամանք. մի կողմից՝ Հայաստանում արդյունաբերությունն անգամ աննշան աճ չի արձանագրել, մյուս կողմից՝ ներկրումը ավելացել է 1.1 տոկոսով: Սա անուղղակի կերպով խոսում է երկրում պահանջարկի, սպառման ծավալների մասին: Իսկ դա առաջին հերթին հետեւանք է երկրում բնակչության նվազման: Ի վերջո, մի բան է, երբ արտադրություն ես կազմակերպում 3.5-4 մլն բնակչություն ունեցող երկրում, մեկ այլ բան՝ 2.9-3 մլն-անոց երկրում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
«ԵՐԿՈՒ ՔԱՅԼ ԱՌԱՋ, ՄԵԿ ՔԱՅԼ ՀԵՏ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երիտասարդ դատավորների մոտ առկա դժգոհությունը շարունակում է խորանալ: Ու շատ դատավորներ պատրաստվում են անգամ լքել «կյանքի գնով» ձեռք բերած պաշտոնը: Պատճառը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծն է, որը նախատեսում է նվազեցնել դատավորների կենսաթոշակները՝ նպաստելով միայն Սահմանադրական դատարանի անդամների կենսաթոշակի բարձրացմանը: Համաձայն ԱԺ ներկայացված նոր օրինագծի, նոր նշանակված դատավորները կամ երկու-երեք տարի պաշտոնավարողները կենսաթոշակ կստանան նոր օրենքի սահմանված կարգով եւ չափով, ինչը շատ քիչ է: Իսկ այն դատավորները, ովքեր 30 տարի է, ինչ պաշտոնավարում են, կշարունակեն պահպանել կենսաթոշակի այն չափը, որը կար նախկինում: 25-ից ավելի տարիների փորձ ունեցող դատավորներ այս նոր օրինագիծը համարում են «երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ որոշում եւ խիստ վրդովված լինելով իրենց վերադասներից, անգամ չեն էլ ուզում անդրադառնալ օրինագծին»:
ՊԱՐՏՔԵՐԻ ՏԱԿ
Ֆրանսիայի պետական պարտքը հատել է 2 տրլն եվրոյի սահմանագիծը: 2014թ. սկզբի համեմատ՝ Ֆրանսիայի ֆինանսական բեռը «ծանրացել» է 90 մլրդ եվրոյով կամ ընդհանուր գումարի 4,7%-ով, գրում է Le Figaro-ն:«Եթե այդ գումարը բաժանենք երկրի բնակիչների թվի վրա, ապա յուրաքանչյուր ֆրանսիացի պարտք է 30,3 հազար եվրո», -նշում է պարբերականը:
ԻՐԵՆԻՑ ԽԱԲԱՐ ՉԻ
Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսելով ստվերում գործող ընկերությունների մասին` անդրադարձել է նաեւ իր եղբորը պատկանող «Մխչյան ֆիշ» ընկերությանը: «Այդ ընկերությունը պատկանում է եղբորս, դրա մասին բազմիցս ԱԺ ամբիոնից ասել ենք: Իմ եղբայրը ոչ մի արտոնություն չունի ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ռուսաստանում»,-հավաստիացրել է Աբրահամյանը` միեւնույն ժամանակ դժվարանալով հստակ ասել` արդյոք իր եղբոր ընկերությունը գործո՞ւմ է հարկային դաշտում. «Անշուշտ, պետք է գործի հարկային դաշտում: Ես չեմ ուսումնասիրել, ոչինչ չեմ կարող ասել»: Փաստորեն` ստվերից դուրս գալու հարցում «իրենից սկսելու» մասին հայտարարություններ անող վարչապետը հարկ չի համարել տեղեկանալ, արդյոք իր հարազատ եղբայրն անսացե՞լ է բացառապես հարկային դաշտում աշխատելու իր հորդորներին:
ՀԱՆՁՆԵՑ
Օգոստոսի 20-ին Թբիլիսիում՝ Վրաստանի նախագահի նստավայրում, Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Յուրի Վարդանյանն իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՄԵՐԺԵՑԻՆ
Ի թիվս այլ ընկերությունների, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից գումարի բռնագանձման պահանջով` 10 502 000 դրամի չափով, հանդես էր եկել նաեւ «Ֆրանգուլիս» ՍՊԸ-ն: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ` ընկերությունը դատարան էր դիմել դեռեւս 2012 թվականին: Նախօրեին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վերջապես որոշում է կայացրել` մերժելով «Ֆրանգուլիս»-ի հայցն ընդդեմ ՄՀՀ-ի:
ԱՌԱՆՑ ԼԻԱԶՈՐԱԳՐԻ
Վերաքննիչ քրեական դատարանում երեկ շարունակվել է «Հրապարակ» օրաթերթի եւ ilur.am կայքի բողոքների քննությունը: Հիշեցնենք, որ լրատվամիջոցները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը նրանց պարտավորեցնում է հրապարակել տեղեկատվության աղբյուրը: Դատարան ներկայացած դատախազը երեկ ներկայացրել է իր վկայականը եւ նշել, որ լիազորագիր ներկայացնելու պահանջն իրավաչափ չէ: Ինչին հակադարձած ilur.am կայքի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը մեջբերել է «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի հոդվածներից մեկը՝ նշելով, որ համաձայն դրա՝ Հատուկ քննչական ծառայության գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում բացառապես գլխավոր դատախազը եւ նրա կողմից լիազորված դատախազները:
ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆ
Անդրադառնալով Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ պաշտպանության ոլորտում կապերի ամրապնդմանը եւ Նախիջեւանում կայացած պաշտպանության նախարարների հանդիպմանը` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն «Արմենպրես»-ին ասել է. «Կարծում եմ, որ հենց Վրաստանի մասնակցությունը կզսպի այս եռակողմ հարաբերությունների հակադրումը Հայաստանի ազգային անվտանգության շահերին: Այնուամենայնիվ, այս համագործակցության հետեւանքներն ամբողջովին ներառված են Հայաստանի պաշտպանության պլանավորման ռազմավարական նկատառումներում՝ դրանց կանխատեսվող վնասատու ազդեցությունների հաշվառմամբ»,-նշել է Տոնոյանը:
ԱՆՀԵԹԵԹ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ստեփանակերտի օդանավակայանն այս պահին չի գործարկվում միայն այն պատճառով, որ անհրաժեշտ քանակությամբ օդանավեր չկան: Այս մասին, «Արցախպրես»-ի փոխանցմամբ, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս Ստփանակերտի օդանավակայանը չի գործում: «Օդանավակայանը գործարկելու համար մենք պետք է առնվազն 2 օդանավ ունենանք, որովհետեւ մենք չենք կարող տոմսեր վաճառել մարդկանց եւ ասել՝ կներեք, ինքնաթիռն այս պահին սպասարկման մեջ է: Խնդիրը միայն սրա մեջ է, այլ խնդիր չկա: Օդանավակայանն ամբողջությամբ պատրաստ է: Այսօր մեր ուղղաթիռներն այնտեղ իջնում են եւ որեւէ խնդիր չկա»:
ԱՌԵՎԱՆԳԵ՞Լ ԵՆ
Օգոստոսի 7-ին Ադրբեջանի կողմից գերեվարված, մեկ օր անց չբացահայտված պայմաններում մահացած Տավուշի մարզի Չինարի գյուղի 33-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի հայրը` Արտուշ Պետրոսյանը, վստահ է, որ վարկածը, թե իր տղային հակառակորդն առեւանգել է Չինարիի սահմանից, համապատասխանում է իրականությանը: Կարենի հայրն Armlur.am-ին փոխանցել է, որ որդին այդ օրը կապույտ վերնաշապիկով եւ կապույտ տաբատով է եղել, իսկ ադրբեջանական կողմի տարածած լուսանկարներում Կարենն այլ զգեստով էր: Ա. Պետրոսյանը նաեւ նշել է, որ իր վատառողջ կնոջ վիճակն օր օրի ավելի է վատանում. ամեն անգամ որդու անունը լսելիս խորը դեպրեսիայի մեջ է ընկնում, մի քանի անգամ նույնիսկ ուշաթափվել է: