ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԻԶՆԵՍ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Մինչ հայերը խոպան են մեկնում Ռուսաստան՝ փորձելով ընտանիք պահելու համար գումար վաստակել, ռուսական ընկերություններն իրենք են Հայաստանը վերածել խոպանի՝ ՀՀ քաղաքացիներիս հաշվին ապահովելով իրենց գերշահույթները:

Վերջերս «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հանդես եկավ հաշվետվությամբ՝ տեղեկացնելով, թե Հայաստանում ավելացել են ռուսական գազի ներկրման ու սպառման ծավալները: «ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2014 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 4,1%-ով՝ կազմելով 984.2 մլն խմ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 949.8 մլն խմ, ինչը 1,7%- ով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ»,-ասված է հաղորդագրության մեջ: Հայաստանում գազի ներկրման ու սպառման ծավալների ավելացման մեջ, իհարկե, որեւէ վատ բան չկա: Բայց երբ փորձում ես պարզել, թե որ ոլորտներում է աճել սպառումը, այստեղ ուշագրավ պատկեր է պարզվում: Ոչ բնակչության մոտ, ոչ արդյունաբերության ոլորտում գազի սպառման ծավալները ոչ միայն չեն ավելացել, այլեւ, ընդհակառակը, նվազել են: Ընդ որում, հատկապես արդյունաբերության մեջ գազի ծավալների սպառման անկումը մեծ է: Ըստ «Գազպրոմ Արմենիա»-ի հաշվետվության. «2014 թվականի առաջին կիսամյակում 16,4%- ով նվազել են արդյունաբերության ոլորտի եւ 2,2%-ով բնակչության կողմից սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 113.2 մլն խմ եւ 294 մլն խմ»: Փոխարենը, կտրուկ ավելացել են գազի սպառման ծավալները էներգետիկ ոլորտում. «14,2%- ով ավելացել են էներգետիկայի ոլորտի կողմից սպառման ծավալները՝ կազմելով 220.5 մլն խմ: 6,6%- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների եւ 3,9%-ով այլ սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 220.6 մլն խմ եւ 101.5 մլն խմ»,-նշված է հաշվետվության մեջ:
Ահա այստեղ էլ թաղված է շան գլուխը: Ինչպես նկատեցիք՝ էներգետիկ ոլորտում գազի ծավալների սպառումն ավելացել է բավականին կտրուկ: Բայց մյուս կողմից՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները միայն նվազում են: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա առաջին կիսամյակում էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 3.2 տոկոսով:
Հիմնական խնդիրը, սակայն, սա չէ: Էներգետիկ ոլորտում գազով աշխատում եւ էլեկտրաէներգիա են արտադրում ՋԷԿ-երը: Ու ստացվում է, որ գազի հիմնական սպառողը եղել են դրանք: Բայց այստեղ կարեւոր է, թե ո՞ր ՋԷԿ-ի մասին է խոսքը:
Հայաստանում, ինչպես հայտնի է, ռուսական գազով աշխատում է «Հրազդան ՋԷԿ»-ը: Ընդ որում, այն համարվում է գերանարդյունավետ. աշխատում է խորհրդային տարիներից մնացած մաշված սարքավորումներով, ինչի հետեւանքով ՋԷԿ-ը շատ գազ է վառում, բայց քիչ էլեկտրաէներգիա արտադրում:
Իսկ «Երեւան ՋԷԿ»-ն աշխատում է իրանական գազով. Հայաստանը Իրանից ստանում է գազ, որը «Երեւան ՋԷԿ»-ում վերածվում է էլեկտրաէներգիայի. 1 խմ գազն այրելով ստանում ենք 4.5-5 կվտ ժամ էլէներգիա, դրանից 3 կվտ ժամը տալիս ենք Իրանին, 1.5-ից 2 կվտ.ժամը մնում է Հայաստանին: Ընդ որում, «Երեւան ՋԷԿ»-ն էլեկտրաէներգիան արտադրում է ավելի էժան՝ 1 կվտ/ժամը 29.1 դրամ, իսկ «Հրազդան ՋԷԿ»-ը՝ 49.1 դրամով: Այս կապակցությամբ մեծ աղմուկ առաջացավ այն բանից հետո, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց Հայաստանում բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները: Պատճառն այն էր, որ ատոմակայանի՝ նախատեսվածից 88 օր երկար վերանորոգվելու պատճառով ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ին պատկանող «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունն էլեկտրաէներգիայի մեծ մասը գնել էր ռուսական գազով աշխատող ու թանկ հոսանք արտադրող «Հրազդան ՋԷԿ»-ից, ինչն էլ ֆինանսական ճեղքվածքի պատճառ էր դարձել: Այնինչ՝ այս ընթացքում եղել են ռեալ հնարավորություններ՝ խուսափելու նման բարդություններից, միայն թե՝ ՀԷՑ-երը չեն գնացել այդ քայլին ու էլեկտրաէներգիան «Հրազդանի ՋԷԿ»-ից են գնել՝ ձեռքի հետ ապահովելով ռուսական գազի սպառման ծավալների աճը, փոխարենը իրենց ճեղքվածքը փակելով ՀՀ քաղաքացիներիս հաշվին:
Ու հիմա, չնայած բացահայտումներին, էներգետիկ համակարգում շարունակվում է նույն պատկերը: «ՀԷՑ-եր»-«Հրազդանի ՋԷԿ»-«Գազպրոմ Արմենիա» ռուսական ընկերությունները շարունակում են միմյանց օգնել՝ սպառման ծավալներն ավելացնելու, գերշահույթներ ստանալու հարցում, բայց դա անում են ՀՀ քաղաքացիներիս գրպանի հաշվին: Ու եթե այսօր էլեկտրաէներգիայի 1 կվտ/ժամ-ի դիմաց վճարում ենք 41.8 դրամ, ապա դա հետեւանքն է ռուսական ընկերությունների այդ գործարքի:
Հ.Գ. Ի դեպ, նկատենք, որ այսօր հնարավորություն կա խուսափել նման խնդրից. էներգետիկ համակարգի այս սկանդալների ֆոնին նաեւ պարզվեց, որ Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա է ներկրում, այն էլ՝ բավականին էժան գնով՝ 1 կվտ/ժամը՝ մոտ 15-16 դրամ: Ու փոխանակ ՀԷՑ-երը փորձեն Վրաստանից մեծ ծավալներով էլեկտրաէներգիա ներկրեն՝ նվազեցնելով հոսանքի գինը, ընդհակառակը՝ ռուսական գազի ծավալների սպառմանն են զարկ տալիս:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԴԱՏԱՎՈՐԸ՝ ՓԱՍՏԱԲԱՆ
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդիկ Մանուկյանն այսօր տոնելու է իր 65-ամյակը եւ հրաժեշտ է տալու դատավորի պաշտոնին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Էդիկ Մանուկյանը Գյումրիում փաստաբանական գրասենյակ է գնել եւ պատրաստվում է փաստաբանությամբ զբաղվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դեռեւս դատավոր Մանուկյանն ասաց. «Մինչեւ հունվար ոչնչով չեմ զբաղվելու, առողջական հարցերով եմ զբաղված լինելու, հետո կտեսնենք»: Հարցին, թե ում է տեսնում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում, դժվարացավ պատասխանել. «Այդ հարցը գիտի միայն նախագահը»:

 

ԳԼՈՒԽԸ ՎԻՐԱԿԱՊՎԱԾ ԷՐ
Օգոստոսի 20-ին Ավանում դաժան ծեծի ենթարկված Կարեն Երեմյանի գլուխն ամբողջությամբ վիրակապված է: Երեկ «Ժողովուրդ»-ը այցելել էր «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ Կարենի հարազատներն ասացին, թե նա դեռ լավ չի զգում իրեն եւ չի կարող նորմալ խոսել: Ու այդ պատճառով էլ անգամ հարազատները առայժմ չեն կարող կատարվածի մասին որեւէ բան ասել: Հիշեցնենք, որ Կարեն Երեմյանը ՀՀԿ ավագանու անդամ Արմեն Երեմյանի եղբայրն է:

 

ՉԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ
Արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի ղեկավարի նշանակման հարցը, որի համար լուրջ մրցակցության մեջ են «մտել» երեք թեկնածուներ:
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ այդ պաշտոնի համար պայքարում են ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, Երեւանի նախկին ոստիկանապետ, գործազուրկ Ներսես Նազարյանն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը: Մեր տեղեկությունների համաձայն՝ առայժմ Արթուր Օսիկյանի համար է ամենաբարձր մակարդակով լոբբինգ արվում Սերժ Սարգսյանի մոտ: Բայց Ն. Նազարյանն ու Գ. Համբարձումյանը եւս հետ չեն մնում: Երեկ փորձեցինք ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից պարզել՝ արդյոք ինքը այդքան հոգնել է ՀՀ ոստիկանությունից, որ ձգտում է գնալ ՔԿՀ: Նա շատ հակիրճ ասաց, որ ոչ մի առաջարկ չի ստացել: Հավելենք, որ դեռեւս պաշտոնապես չի հաստատվել ՔԿՀ պետ Հայկ Հարությունյանի պաշտոնանկության լուրը:

 

ԻՐԱՔԱՀԱՅԵՐԻՆ ԷԼ
ՀՀ անձնագրի ստացման հեշտացված կարգը կտարածվի նաեւ Իրաքի հայերի վրա: Այս մասին կառավարության օգոստոսի 21-ի նիստում հայտնել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Եթե նախկինում հայկական անձնագիրը ՀՀ-ից դուրս (դիվանագիտական առաքելություններում) կարող էին ստանալ Սիրիայի եւ Լիբանանի հայերը, ովքեր դիմում են ներկայացրել մինչեւ 2014թ. սեպտեմբերի 1-ը, ապա այժմ ժամկետը երկարացվել է եւ տարածվում է նաեւ Իրաքի հայերի վրա: Կառավարությունը նաեւ Իրաքի եզդիներին օգնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի միջոցով եզդիներին 100 հազար դոլարի օգնություն կտրվի:

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՄԵԿՆԵԼ ԵՆ ԱՐՑԱԽ
Երեկվանից մեկնարկել է ԵԿՄ ավանդական ուխտագնացությունն Արցախ, որին այսօր կմիանա նաեւ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Ուխտագնացները Արցախի բոլոր առաջին դասարանցիներին նվիրելու են գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներ: 2000 թվականից սկսած Արցախյան ուխտագնացությունները կազմակերպվում են օգոստոսի վերջին եւ ավարտվում սեպտեմբերի 2-ին` ԼՂՀ Անկախության օրը:

 

ԷԼԻ ԽԱԽՏՈՒՄ ԵՆ
ԼՂՀ ՊԲ տվյալներով՝ օգոստոսի 20-ի օրվա ընթացքում եւ 21-ի գիշերը ղարաբաղա -ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ վստահորեն վերահսկել իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը:

 

ԿԱՅՑԵԼԵՆ ԴՊՐՈՑՆԵՐ
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի կառավարության անդամները, ըստ ավանդույթի, կայցելեն հանրապետության դպրոցներ: Երեկ այս կապակցությամբ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է.
«Կառավարության անդամները իրենց հայեցողությամբ կարող են այցելել ցանկացած դպրոց: Եթե անհրաժեշտ դպրոցը հասնելու համար օգնության կարիք լինի, խնդրում ենք դիմել կրթության նախարարություն»:

 

ԿՈՒՏՈՅԱՆԸ ՄԻԵԴ-ՈՒՄ
168.am-ի տեղեկացմամբ` սեպտեմբերի 26-ին սկսվող ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանում պետք է ընտրվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր: Կայքի տեղեկություններով՝ բացի ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի եւ փաստաբան Վահե Գրիգորյանի անուններից, ներկայում շրջանառվում է նաեւ ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանի անունը, ով համարվում է ամենահավանական թեկնածուն:

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻՆ Է
Reuters-ի փոխանցմամբ՝ Դոնբասի բնակչության համար նախատեսված ռուսական մարդասիրական օգնության առաջին բեռնատարը հատել է ռուս-ուկրաինական սահմանը եւ կանգնել է ուկրաինական անցակետի տարածքում: 280 բեռնատարից բաղկացած շարասյունը մերձմոսկովյան Նարո-Ֆոմինսկից Ուկրաինա է ուղարկվել օգոստոսի 12-ին: Դրանք փոխադրում են սննդամթերք, մանկական սնունդ, դեղորայք, քնապարկեր, տարբեր հզորության էլեկտրակայաններ:

 




Լրահոս