ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ ՊՆ N զորամասում

Հատկապես վերջին օրերին հայրենասիրական ճառերի պակաս հաստատ չի զգացվել, բայց ճառասացները հավանաբար չեն նկատել կամ չգիտեն, որ ՀՀ սահմանին գտնվող զորամասերից մեկի խորհրդանիշ դրոշը ուժեղ քամուց պատառոտվել է: Գուցե ճառ ասելու փոխարեն զա՞նգ կախեին՝ նոր դրոշի տեսքով:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ո՞ր դեպքերում կարող է մերժվել ինքնակամ կառույցի օրինական ճանաչումը:

Հրաչ Գրիգորյան (65 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 5-րդ կետը նվիրված է ինքնակամ կառույցի օրինական ճանաչումը մերժելու հիմքերին: Նկատի ունենալով, որ այն սպառիչ է, մեջբերվում է ամբողջապես: «Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները եւ օրինական շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաեւ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով եւ առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք»: Ինքնակամ կառույցի օրինական ճանաչման դիմումի մերժումը պետք է հիմնավորված լինի օրենքի այս պահանջներից որեւէ մեկով կամ մի քանիսով, հակառակ դեպքում` մերժումն անօրինական է:

«Լեգալ Էքսպերտ» իրավաբանական խորհրդատվության գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանում արդեն սովորական երեւույթ է դարձել. սկզբում մարդիկ ինքնակամ, ապօրինի ձեւով կառուցում են, ապա միայն դիմում` օրինականացման համար։ Ընդ որում, շատերը պնդում են, որ այս ճանապարհով կառույցը գլուխ է բերվում շատ ավելի արագ, քան եթե ի սկզբանե բոլոր փաստաթղթերը նախապատրաստվեին: Ինչեւէ. խնդիրը առավել քան մտահոգիչ է: Որպես օրինակ նշենք, որ Գյումրիում 2012 թվականին գրանցվել է յոթ հազարից ավելի ինքնակամ կառույց:

 

 
ՀԱՐՑ. Ես առաջին կարգի հաշմանդամ եմ եւ ուզում եմ բացել ԱՁ: Խնդրում եմ ասեք, որպես հաշմանդամություն ունեցող անձ ինչպիսի՞ արտոնություններից կարող եմ օգտվել։ Ընդհանրապես ի՞նչ արտոնություններից են օգտվում հաշմանդամություն ունեցող անհատ ձեռներեցները:

Վաղինակ Հակոբյան (44 տարեկան, առաջին կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 984-Ն որոշմամբ սահմանված` «Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին եւ հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու» կարգի 16 հոդվածի`
Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար հաշմանդամություն ունեցող անձին անհատ ձեռնարկատեր կամ առեւտրային կազմակերպություն գրանցելու համար տրվում են ֆինանսական միջոցներ`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման նպատակով անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով, իսկ առեւտրային կազմակերպություն գրանցվելու համար՝ բազային տուրքի 12-ապատիկի չափով.
բ) ֆիրմային անվանումը գրանցելու նպատակով պետական տուրքի վճարման համար` բազային տուրքի 6-ապատիկի չափով.
գ) կնիք ձեռք բերելու համար` կնիք պատրաստող պետական մասնագիտացված կազմակերպության կողմից սահմանված գների սանդղակի նվազագույն գնի չափով:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցություն» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ խոսվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին, սակայն դրանք առայսօր մեծավ մասամբ անտեսված են: Մինչդեռ ոչ միայն հումանիստական սկզբունքներից ելնելով, այլեւ Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններով մեր պետական մարմիններն առաջնահերթ ուշադրություն եւ համապատասխան վերաբերմունք պետք է ցուցաբերեն հասարակության հենց այս խավի ներկայացուցիչներին:




Լրահոս