ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԷԼ ՄԻ՛ ՄԵՂԱԴՐԵՔ
Գաղջ մթնոլորտի տեսության հեղինակ եւ իր «թեւավոր» արտահայտություններով բանահյուսական նոր «արժեքներ» ստեղծած Սերժ Սարգսյանը երեկ թարմացրեց «ցանկը»: Կոնդ թաղամասի բնակիչները, որոնք 7` տարի է, անտուն են մնացել, երեկ հավաքվել էին Սարգսյանի նախագահական առանձնատան մոտ՝ եւս մեկ անգամ իրենց խնդրի մասին հիշեցնելու: Ս. Սարգսյանը, բարեբախտաբար, այս անգամ չասաց՝ «եկել ես, որ ի՞նչ անես», այլ հարց տվեց. «Եթե ես եմ ձեր նախագահը, պիտի ի՞նձ մեղադրեք»: Հավանաբար, Ս. Սարգսյանը մոռացել է, որ ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն՝ «Հանրապետության նախագահը պետության գլուխն է: …հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»: Այսինքն՝ եթե բնակիչների սոցիալական խնդրի անմիջական պատասխանատուն այլ մարմին է, միեւնույն է, դրա բնականոն գործունեությունը կրկին ապահովում է նախագահը: Բացի այդ՝ հիշեցնենք Ս. Սարգսյանի նախընտրական ծրագիրը. «Ապահով հայրենիք եւ ապահովված ընտանիքներ՝ սրանք անհրաժեշտ նախադրյալներն են՝ կյանքի կոչելու ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ նպատակադրումը»: Եթե նույնիսկ ընդունենք, որ Ս. Սարգսյանն իր նախընտրական ծրագիրը չի հիշում, Սահմանադրությանն էլ լավ ծանոթ չէ եւ մարդկանց ունեցած խնդիրների համար իրեն մեղավոր չի համարում, այդ դեպքում ո՞վ է պատասխանատու: Կրկին նայենք Սահմանադրությունը. 89-րդ հոդվածի 5-րդ կետն ասում է. «Կառավարությունն իրականացնում է պետական քաղաքականությունը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնության պահպանության բնագավառներում»:
Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ասում է՝ ինձ հանգիստ թողե՛ք, մեղադրե՛ք կառավարությանը՝ Տիգրան Սարգսյանին…
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ անգամ ՀՀԿ-ում չկա միասնական կարծիք: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ԱԺ ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավորներից մի քանիսը` Սամվել Ֆարմանյանը, Լեւոն Մարտիրոսյանն ու Նաիրա Կարապետյանը, դեռ նախորդ տարի խմբակցության նիստերում դեմ են արտահայտվել պարտադիր բաղադրիչին: Սակայն, նույն աղբյուրների համաձայն, երիտասարդներին կտրուկ լռեցրել են` ասելով, որ դա քաղաքական որոշում է, որը ենթակա է ոչ թե քննարկման, այլ կատարման: Պատահական չէ, որ նախօրեին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Լեւոն Մարտիրոսյանը քննադատաբար խոսեց այդ համակարգի մասին: Լ. Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց որեւէ արգելք չի եղել. «Ես «կողմ» եմ քվեարկել, բայց իմ վերապահումներն արել եմ ՀՀ կառավարությանը, որովհետեւ այս բարեփոխման հետ կապված PR-ը կատարվում է, մեղմ ասած, վատ, եթե չասեմ՝ շատ վատ»: Այնուհետեւ պատգամավորը դժգոհելով տեղեկացրեց, որ իր աշխատավարձից «պահում» է եղել:
Ազգային ժողովը փետրվարի 4-ին ընդունեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը եւ նախագահի առաջարկությամբ ԱԺ վերադարձված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրինագծերի փաթեթը: Համաձայն դրա` ՍԴ անդամների կենսաթոշակը կբարձրանա մինչեւ 450-500 հազար դրամ: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի լոբբինգով ընդունված այս փոփոխությունն առաջացրել է ՀՀ դատական համակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչների զայրույթը: Օրինակ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Վարուժան Աբելյանը «Ժողովուրդ»-ին վրդովված հայտնեց. «Ես շատ դժգոհ եմ ու վիրավորված, ինչո՞ւ մեզ խաբեցին: Անգամ թոշակի գնալուց հետո մենք իրավունք չունենք ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել. ասում են՝ թոշակը կկտրեն: Լավագույն դեպքում պետք է փաստաբանություն անենք: Այսինքն՝ ուղարկում են մեռնելո՞ւ: Սենց բա՞ն կլինի»:
Գազի սակագնի բարձրացման հետեւանքով հսկայական պարտքեր են կուտակել նաեւ ջերմոցային տնտեսությունները եւ չեն կարողանում վճարել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շուրջ 20 ջերմատների սեփականատերեր դիմել են ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ աջակցության ակնկալիքով: Նախարար Սերգո Կարապետյանը մեզ հայտնեց, որ պաշտոնական նամակով դիմել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ խնդրելով գոնե մինչեւ մայիս երկարաձգել վճարման գրաֆիկը: «Բայց մեզ պատասխանեցին, թե ջերմատնային ոլորտի բաժանորդների` վճարումներ չկատարելու պատճառով իրենք հարկադրված են լինում վարկեր վերցնել, տոկոսներ վճարել՝ կրելով անուղղակի վնասներ: Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ ընկերությունը մերժեց: Հիմա նախարարությունը որեւէ այլ լծակ կամ ազդեցություն չունի ընկերության նկատմամբ: Չնայած անցյալում վերամշակող ձեռնարկությունների հետ կապված նման աջակցություններ եղել են, բայց այս անգամ չստացվեց»,-«Ժողովուրդ»-ին ասաց գյուղնախարարը: Այսպիսով՝ ռուսական ընկերության առջեւ անզոր է անգամ ՀՀ կառավարությունը:
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ
Երբ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը բացարձակապես բոլորի համար անսպասելի հայտարարեց Հայաստանի` Մաքսային միություն մտնելու «մտադրության» մասին, հանրապետական կառավարությունն ու պատգամավորները, շոկից դուրս գալով, շատ արագ կողմնորոշվեցին եւ արդեն հաջորդող օրերին սկսեցին լավաշ հարցազրույցներ տալ այն մասին, թե որքան երջանիկ ու վարդագույն ապագա է մեզ սպասվում Մաքսային միության կազմում, եւ որ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը կանխավ քննարկված, մանրամասն ուսումնասիրված եւ հաշվարկված որոշման արդյունք է:
Ավելին, տնտեսագիտության հանրապետական «գիգանտները», մեկը մյուսին հերթ չտալով, կոնկրետ թվեր էին ներկայացնում` բոլորիս համոզելով, որ թե որքան քիչ բան կշահեինք ԵՄ հետ ասոցացման դեպքում, եւ փոխարենը` որքան շատ կստանանք Մաքսային միությունից: Սակայն կարճ ժամանակ անց, հավանաբար ի վերջո ծանոթանալով Մաքսային միության տնտեսական կանոնակարգերին, հանրապետականների բոցաշունչ ելույթները մարեցին, իսկ արդեն տարեվերջին կառավարության անդամները սկսեցին կիսաբերան ակնարկել, որ Մաքսային միությանն անդամակցությունն իր հետեւից բերելու է անխուսափելի եւ էական թանկացումներ:
Ի սկզբանե էկոնոմիկայի փոխնախարարի մակարդակով հանրությանը լսելի դարձնելով այն փաստը, որ մաքսատուրքերի փոփոխման արդյունքում Հայաստանում շուրջ 7000 անուն ապրանք թանկանալու է, կառավարությունը կամաց-կամաց սկսում է դոզան մեծացնել: Երեկ արդեն Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ թանկացումների թեմայի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել էկոնոմիկայի նախարարը: Նա ասել է, թե «էկոնոմիկայի նախարարությունը թանկացումները 1,5 տոկոսից ավելի չի կանխատեսում»:
«Ես ասում եմ, որ եթե մաքսատուրքը ավելանում է 10 տոկոսով, դա դեռ չի նշանակում, որ ապրանքի գինը կավելանա 10 տոկոսով: Կավելանա 7 տոկոսով, 6 տոկոսով…. Եվ այդ պարագայում է, որ ես ասում եմ, որ մեկ է` 6 տոկոսով թանկանալն էլ է վատ»: Ահա այսպիսի «աչքալուսանք» էկոնոմիկայի նախարարից. մարդը ասում է, որ թանկացումը վատ է: Բայց մենք` ՀՀ հարկատու քաղաքացիներս, այս կառավարությանը մեր հաշվին չենք պահում նրա համար, որ մեզ ասեն, թե թանկացումը վատ է: Մենք դա առանց այդ էլ գիտենք: Մենք այս կառավարությունը պահում ենք նրա համար, որ այն քայլեր ձեռնարկի, որպեսզի այդ թանկացումները չլինեն:
Բայց սա դեռ ամենը չէ. ի պատասխան մտահոգությանը, թե ինչ կլինի, եթե ՄՄ-ն չընդառաջի 850 անուն ապրանքների մաքսատուրքերն անփոփոխ թողնելու ՀՀ կառավարության խնդրանքին, արդյոք այդ դեպքում պետությունը կփոխհատուցի ՀՀ քաղաքացիներին, Վահրամ Ավանեսյանն ասել է. «Եթե որեւէ ապրանքի գծով չլինի նման համաձայնություն, ապա ՀՀ կառավարությունը փոխհատուցման մեխանիզմներ տվյալ դեպքում չի կիրառելու»: Ահա այսպես: