«ԿԱՎԱՏՆ» ԱՌԱՆՑ «ՏԵԽՕՍՄՈՏՐԻ» Է ՏԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ ցավալի է, սակայն հատկապես վերջին տարիներին մեզանում շատացել են իգական սեռի այնպիսի ներկայացուցիչներ, որոնք չափազանց հեռու են ոչ միայն հայ կնոջ տեսակից,  այլեւ առհասարակ արժանի չեն կին կոչվելու: Դա այն տեսակն է, երբ  անօգնական մարդ տեսնելիս արդեն նրա միջոցով աշխատելիք փողերն է մտովի հաշվում: Ընդ որում, կապ չունի` այդ անօգնականը չափահաս է, թե իր հարազատ դստեր անչափահաս ընկերուհին:
Երեւանի բնակչուհի Լուսինե Ներսիսյանը շուրջ 15 տարի պարբերաբար մեկնել է  Թուրքիա, այնտեղից ապրանքներ բերել ու վաճառել: Թե այդ ընթացքում էլ ինչով է զբաղվել Լուսինեն, թուրքերի հետ ինչպիսի եւ ինչ աստիճանի փոխվստահության ու պայմանավորվածությունների մեջ է մտել, միայն ինքը գիտի, իր համախոհները, մեկ էլ նրանց մեղքերը վերեւից հաշվող Աստված: Բայց մի բան պարզ է, որ թուրքերի հետ նրա հարաբերություններն այնքան ամուր են եղել, որ նա մի օր էլ որոշել է նրանց հովանավորությամբ կավատությամբ զբաղվել:
Երեւանում Լուսինեն բնակվել է միակ դստեր հետ, եւ առաջին տուժողը, որը հայտնվել է նրա տեսադաշտում, դստեր անչափահաս ընկերուհին է եղել` Նարեն (տուժողների անունները փոխված են): Վերջինս ժամանակ առ ժամանակ այցելել է ընկերուհու տուն, եւ այդ այցելությունների ընթացքում  Լուսինեն նրանից իմացել է, որ աղջիկը միայնակ ու տարեց մոր հետ է ապրում, ով աշխատանք չունի եւ դժվարանում է ընտանիքի հոգսերը հոգալ: Երկրորդ տուժողի` Էմմայի ընտանիքում եղած սոցիալական վիճակի, ամուսնու հետ ունեցած անհաշտ հարաբերությունների մասին էլ Լուսինեն իմացել է իր ընկերուհուց եւ որոշել Էմմային էլ «օգնել»: Վերջինիս վստահեցրել է, թե Թուրքիայում մոդելավորողի կամ վարսահարդարի աշխատանքով կապահովի: Նարեի խելքն էլ կերել է, թե` դու անող-դնող աղջիկ ես, կտանեմ Թուրքիա, բնակարան մաքրողի գործ կդասավորեմ, բարձր աշխատավարձ կստանաս, մորդ էլ կօգնես: Նրանք էլ համաձայնել են: Եւ ահա Լուսինեն հավաքագրել է եւ 2010-ի օգոստոսին կազմակերպել նրանց` ՀՀ պետական սահմանը հատելու գործը, վճարել Նարեի  ճանապարհածախսը եւ տեղափոխել Թուրքիայի Մարմարիս քաղաք: Այնտեղ հյուրանոցում տեղավորելու պատրվակով վերցրել է Նարեի եւ Էմմայի անձնագրերը:
Երբ արդեն նրանց զրկել է որեւէ անհնազանդ քայլ կատարելու հնարավորությունից, Լուսինեն բացահայտ ասել է, որ հյուրանոցում մարմնավաճառությամբ են զբաղվելու: Թեեւ խաբվածները չեն համաձայնել` նշելով, որ իրենք մարմնավաճառներ չեն ու այդ նպատակով չեն եկել, սակայն մեծ փողերի հոտ առած Լուսինեն տեղի չի տվել, ասել է` հետ գնալու փող չունեք, թուրքերեն չգիտեք, տեղանքին ծանոթ չեք, անձնագրերն էլ ինձ մոտ են, եթե կարող եք` գնացե՛ք: Դե թրաֆիքինգի զոհերն էլ ստիպված սկսել են չսիրած գործով զբաղվել: Եւ այդպես Լուսինեն Էմմային շահագործել է մեկ ամիս, իսկ «եկամտաբեր» Նարեին` 2 ամիս: Լուսինեն նրանց համար ամեն օր հաճախորդներ է բերել. Էմման օրը 1-ական հաճախորդ է ընդունել, իսկ անչափահաս Նարեն` 2-3, սակայն օրեր են եղել, երբ նա անգամ 10 հոգու է ծառայություն մատուցել (տուժողներն են իրենց ցուցմունքներում նշել):
Էմմային համեմատաբար ավելի հեշտ եւ շուտ է հաջողվել ազատվել սեռական ստրկությունից. երբ Թուրքիայում մնալու ժամկետն ավարտվել է, ու եկել են Վրաստան` հրավերքի ժամկետը երկարացնելու, Էմման օգտվել է առիթից եւ հրաժարվել Լուսինեի հետ վերադառնալ Թուրքիա: Ինչ վերաբերվում է Նարեին, ապա նրան Լուսինեն հետ է բերել այն ժամանակ, երբ որոշակի գումար է հավաքել. ըստ Նարեի ցուցմունքի` 2010-ի հոկտեմբերին եկել են Վրաստան,  Լուսինեն իրենց վաստակած գումարներով ավտոմեքենա է գնել, եւ իրենք վերադարձել են Հայաստան:  
Թուրքիայից վերադառնալուց հետո Լուսինե Ներսիսյանը որոշել է շարունակել եկամտաբեր բիզնեսը. 2011-ի ապրիլին ծանոթացել է իր հարեւանուհի, գործով տուժող Կարմենի հետ: Տեղեկանալով, որ վերջինս գտնվում է սոցիալապես ծանր վիճակում, որոշել է նրան էլ «արժանապատիվ» աշխատանքով ապահովել: Վստահեցրել է, որ Թուրքիայում տան մաքրությունը շատ  բարձր է վարձատրվում, եւ համոզել է գնալ Թուրքիա: Դե խեղճ Կարմենն էլ, առանց որեւէ կասկածի, համաձայնել է, տան հեռուստացույցը գրավ դրել, որ ճանապարհածախս անի, ու Լուսինեի հետ մեկնել Թուրքիա: Երբ հասել են հյուրանոց, Լուսինեն շատ հաղթական տոնով հայտարարել է, որ Կարմենը մարմնավաճառությամբ պետք է զբաղվի, որովհետեւ փրկվելու ճար չունի: Կարմենն էլ պատասխանել է, որ Լուսինեն իրեն «աշխատեցնելու» ճար չունի, որովհետեւ «աշխատանքի գործիքը» փչացած է` սեռական օրգանները վիրահատությամբ հեռացրել են, եւ ինքը չի կարող սեռական ծառայություն մատուցել: Այդպես նա փրկվել է, սակայն ստիպված է եղել Հունաստանում գտնվող մորից փող խնդրել, որ հետ գա:
Իհարկե, Լուսինեն իր կավատությունն ամեն կերպ ժխտել է. ասել է, թե իր դստերն ու Նարեին տարել է Մարմարիս քաղաք, որտեղ նրանք հանգստացել են, իսկ Էմմային Ստամբուլ քաղաքում տեղավորել է աշխատանքի` որպես հավաքարար: Ինչ վերաբերվում է Կարմենին, ապա Լուսինեն ցուցմունքում նշել է, թե Կարմենն այնքան ոգեւորված է եղել իր առաջարկից, որ ցանկացել է ընտանիքի անդամներին էլ տեղափոխել Թուրքիա, ինչը, սակայն, չի հաջողվել, եւ նա վերադարձել է տուն:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս