ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՉՊԱՏԱՍԽԱՆԵՑ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը (Շշի Մելո) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հայ ժողովուրդն արտադրող ժողովուրդ է եւ կարող է արտադրությամբ զբաղվել: Մեր զրուցակիցը նկատեց, որ ինքը տնտեսագիտության թեկնածու է եւ կարող է պատասխանել նաեւ տնտեսական հարցերին: Սակայն իր խոսքի «կեսից» փոշմանեց ու հայտարարեց, թե չի ցանկանում «եթե»-ներով հարցերին պատասխանել:

-Պարո՛ն Մանուկյան, արդեն հայտնի է, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում մոտ 7 հազար անուն ապրանք թանկանալու է: Դուք տեղյա՞կ եք, թե որ ապրանքների մասին է խոսքը:
-Ես տեղյակ չեմ, ու նման որեւէ գործընթաց գոյություն չունի, համենայնդեպս, ես տեղյակ չեմ: Բայց լսել եմ, որ թանկացումներ պետք է լինեն, կրկնում եմ` լսել եմ նման տեղեկություն: Իսկ թե կոնկրետ ինչ թանկացումներ են, տեղեկություն չունեմ:
-Այժմ բանակցություններ են ընթանում, որպեսզի ինչ-որ չափով կրճատվի այն ապրանքների ցուցակը, որոնք պետք է թանկանան: Այդ մասի՞ն էլ տեղյակ չեք:
-Դե եթե ասում են՝ 7 հազար անուն կթանկանա… ուրեմն թանկացումը սարերի հետեւում չէ: Ես շատ վատ եմ վերաբերում այս երեւույթին, ուրեմն մենք այնքան պետք է աշխատենք, որ հակառակ պրոցեսը լինի: Այսինքն՝ մեր գործը պետք է շատ լինի, որ էժանացում լինի եւ ոչ թե թանկացում: Եթե արդեն բանակցում են, նշանակում է՝ թանկացում է սպասվելու, դրա համար էլ կոնկրետ քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ:
-Իսկ անձամբ Դուք ի՞նչ առաջարկություններ ունեք: Օրինակ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանն առաջարկում է նոր գործարաններ հիմնել Հայաստանում եւ զարկ տալ տեղական արտադրությանը:
-Դե, առաջինը, ինքն ինչ առաջարկում է, դա իր առաջարկությունն է, ու իրեն պետք է այդ հարցը տաք, իսկ երկրորդն էլ… գիտեք ի՞նչ, ինքն ինչ-որ տեղ խելացի բան է ասել, բայց արդյոք այս մեր գազային թանկացումներից, էլեկտրաէներգիայի թանկացումից ու մնացած բոլոր բաներից հետո արտադրություն կազմակերպելը ձեռք կտա մեզ: Դրա մասին պետք է մտածենք: Եթե ձեռք կտա գների թանկացումներից հետո նման բան անել, ուրեմն ճիշտ է: Եթե մի փոքր հնարավորություն լինի, ասեմ Ձեզ, մեր ժողովուրդն արտադրող ժողովուրդ է, շատ շտապ ձեւով կկազմակերպեն էդ արտադրությունը: Այնպես որ, կարծում եմ՝ ճիշտ բան է առաջարկել, ուղղակի պետք է մտածել այդ ուղղությամբ:
-Դուք՝ որպես գործարար, որը տեղյակ է արտադրություն հիմնելու բոլոր խնդիրներից…
-Նախ՝ ես գործարար չեմ, ես Ազգային ժողովի պատգամավոր եմ, օրենսդիր դաշտում եմ, բայց կարող եմ տնտեսությունից… ես տնտեսագիտության թեկնածու եմ ու կարող եմ պատասխանել նաեւ այդ թեմայով:
-Կոնկրետ կնշե՞ք, թե ինչպես կարող ենք Հայաստանի տնտեսությունում աճ գրանցել: Այսօր ի՞նչն է սխալ արվում, որ ՀՀ տնտեսությունը անկում է ապրում: Դուք ի՞նչ ելք եք առաջարկում:
-Եթե թանկացումներ լինեն… եթե կլինեն, ապա այդ ժամանակ մենք կսկսենք մտածել այն մասով, որ մասով որ լինի: Բայց հիմա չեմ ուզում «եթե»-ներով խոսել:
-Բայց արդեն հստակ է, նաեւ էկոնոմիկայի նախարարը հայտարարեց սպասվելիք թանկացումների մասին:
-Գիտեք ի՞նչ կա, ես չեմ ցանկանում հարցերին պատասխանել «եթե»-ներով, երբ որ մենք տեսնենք, թե ինչ է տեղի ունենում, ինչ թանկացումներ են սպասվում, արդեն հստակ կորոշենք: Եթե տեսնենք դրա օգտավետությունը… առաջարկ-պահանջարկ կա, ապա այդ ժամանակ էլ կմտածենք: Այժմ ինչ-որ բաներ ասելը սխալ է, քանի որ հիմա մենք կոնկրետ բան չգիտենք: Ճիշտ է, Դուք ասում եք, որ արդեն պաշտոնապես են ասում, բայց դեռեւս պիտի հստակ լինի:
-ԲՀԿ-ն պատրաստվում է փետրվարի 15-ին կայանալիք համագումարին: Որո՞նք են լինելու համագումարում քննարկվելիք առանցքային հարցերը:
-Այժմ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, մենք թաքուն ոչ մի բան չունենք: Տարբեր թեմաներ են լինելու, բայց այժմ միայն նախապատրաստական աշխատանքներ են կատարվում: Համագումարում պարզ կլինի ամեն ինչ, այնտեղ կհասկանաք, թե ինչ հարցեր ենք քննարկել: Եթե կարիք լինի հարց տալու, ապա ես մինչեւ համագումարը կարող եմ հարցն ուղղել պարոն Ծառուկյանին: Կգա հարց տալու ժամանակը, հարց կտանք:

 

 

 

 

 
ԺՈՒԼԻԿ ՀՐԱՅՐԸ, ԳԱԼՈՒՍՏԻ ԲԱՐԵԿԱՄԸ ԵՎ ՀՀԿ-Ի ԱԿԱՆՋԸ

Երեկվա ճեպազրույցներում ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների` լրագրողների հարցերին տրված պատասխաններից այնպիսի տպավորություն էր, որ այս ընթացքում բոլորի մեջ բավականին «մաղձ» էր կուտակվել:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով Կենտրոնական բանկի տարածած այն հայտարարությանը, թե «Կենտրոնական բանկը հորդորում է ձեռնպահ մնալ ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետեւանքները, թերեւս, ավելի ծանր կլինեն եւ հանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը», նշեց, որ դա ընդամենը արհամարհանք է ՍԴ կայացրած որոշման նկատմամբ:
Ըստ Լ. Զուրաբյանի՝ ընդդիմության միասնությունը հնարավորություն է տալիս էապես օրակարգ թելադրել. «Խորհրդարանում մթնոլորտը փոխվել է, ամեն օր ճշմարտություններ են բացահայտվում»: Անդրադառնալով ԱԺ նախագահի հայտարարությանը, թե գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի, Զուրաբյանն ասաց, թե իշխանություններն էլ են հասկացել իրենց խայտառակությունը ու փնտրում են ելքեր: Իսկ Որոտանի կասկադի վաճառքի առնչությամբ պատգամավորը մանրամասն վերլուծություն ներկայացրեց եւ հայտարարեց, թե արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ստել է՝ ասելով, որ կառավարությունը չի վաճառել այն. «Թովմասյանը վարվում է այնպես, ինչպես մի սովորական ժուլիկ»:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե որտեղից Սերժ Սարգսյանին այդքան գումար՝ ցողունային բջիջների թերապիա անցնելու համար, ասաց. «Ինչո՞ւ է հասարակությունը հետաքրքրված ուրիշի կյանքով: Ես հարցնո՞ւմ եմ՝ ձեր բարեկամը ոնց գնաց, օպերացիայի ենթարկվեց: Հանրապետության նախագահը ձեր բարեկամը չի, բայց իմ բարեկամն ա, ինձ մի՛ հարցրեք իրանից: Ի՞նչ է նշանակում` այդքան գումար որտեղից, ես գրպանահատ չեմ, որպեսզի ուրիշների գրպանները մտնեմ, տեսնեմ՝ էդ գումարը որտեղից, գրպանահատներին հարցրե՛ք»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ, հարցին, թե ԲՀԿ-ն իշխանափոխության պահանջը դիտարկում է օրակարգում, ասաց. «Իշխանափոխություն ասելով՝ իշխանափոխություն չի լինում եւ չի լինելու: Այո՛, մեր երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջեւ, այո՛, այսպես շարունակել չի կարելի, երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Չորս ուժեր լրջագույն քաղաքական միավորման քայլ են անում, փոքր քայլերով շարժվում ենք առաջ: Կվերածվի՞ սա շատ ավելի լայն խնդիրներ ընդգրկող օրակարգի, եկե՛ք առաջ չընկնենք: Մենք ասում ենք՝ մեր երկրում չպիտի լինի մեկ քաղաքական ուժի քաղաքական մենաշնորհ, ողջ խնդիրները գալիս են դրանից: Բայց մի բան կարող եմ հստակ ասել` հաջորդ քառօրյայում չորս քաղաքական ուժերը հանդես կգան լրջագույն առաջարկով, որի մասին կտեղեկանաք քառօրյային ընդառաջ»: Ըստ պատգամավորի, եթե ժողովուրդը դուրս գա փողոց, ապա ՀՀԿ-ից ամենամեծ կտորը կմնա ականջը:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ԿԹԱՆԿԱՆԱ

Վերջին օրերին մեր հանրապետությունում թանկացավ նաեւ ծխախոտը: Օրինակ՝ «Վինսթոն», «Վեսթ» տեսակի սիգարետները 20-30 դրամով թանկացել են: «Իմպերիալ Տոբակո գրուպ»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Ավերս» ՓԲԸ-ի աշխատակից Ալլա Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում թանկանալու է նաեւ իրենց ընկերության կողմից ներմուծված սիգարետը, քանի որ ծխախոտի համար նախատեսված հարկերն ավելացել են. «2009-ից մինչեւ հիմա՝ ամեն տարի, բարձրանում են հարկերը: Ճիշտ է, այդ տարիների ընթացքում մենք փորձել ենք չթանկացնել այն: Բայց հիմա տարբերակ չունենք: Ստիպված ենք»: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին 5-7 տոկոսով թանկացավ նաեւ «Ֆիլիպ Մորիս»-ի արտադրության համարյա ամբողջ տեսականին:

 

ՉԻ ԱՇԽԱՏԵԼՈՒ

ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանն այսօրվանից փակվելու է, քանի որ երեկ դադարեցվել է գործարանի գազամատակարարումը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ գործարանի տնօրենը բարձրաձայնել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված հաշվարկները սխալ են: «Այսօր (երեկ-խմբ.) եկան ու գազամատակարարումն անջատեցին: Դրա համար էլ չենք աշխատելու: Բայց ախր մենք պարտք չունենք կուտակած, ուղղակի ամեն ամիս գազի վարձը մեզանից 20-30 տոկոս ավել են վերցնում: Օրինակ՝ դեկտեմբեր ամսվա համար մեր հաշվարկով պետք է վճարեինք 1 մլն 800 հազար դրամ, բայց արի՛ ու տե՛ս, որ իրենք 6 տոկոս ավել են գրել: Չեմ վճարելու, մինչեւ որ նորմալ չհաշվեն իմ սպառած գազի ծավալն ու գանձվող գումարի չափը: Ես վճարելու խնդիր չունեմ, բայց իրենք ավել են գրում»,-զայրացած նշեց գործարանի տնօրենը: Ի դեպ, տեղեկացնենք, որ նա երկուշաբթի օրը դատական հայց կներկայացնի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դեմ:

 

ԹԱՔՑՆՈ՞ՒՄ Է

Պարզվում է` նախորդ տարվա նոյեմբերի 28-ից ՕԵԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Լեւոն Դոխոլյանը` Քույրիկ Լեւոնը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դեռեւս չի ներկայացրել գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը: Ավելին, էթիկայի հանձնաժողովի կայքում՝ ԱԺ պատգամավորների ցանկում, Դոխոլյանի անուն-ազգանունն ընդհանրապես բացակայում է: Փոխարենը այս ընթացքում նա հասցրել է ճաշակել պատգամավորի մանդատի ողջ քաղցրությունը. նա սկսել է ակտիվորեն ճամփորդել` մեկնելով Բրյուսել, Ամստերդամ:




Լրահոս