ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԵՊԻ ԱՊԱՀՈ՞Վ, ԹԵ՞ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը «բարեհաջող» ավարտելուց հետո Հայաստանի իշխանություններն այս անգամ էլ պատրաստվում են կիրառել բժշկական ապահովագրության համակարգը` նորից պարտադիրի սկզբունքով:
Առողջապահության նախարարության (ԱՆ) աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ պարտադիր բժշկական ապահովագրության վերաբերյալ անցյալ տարի նոր հայեցակարգ է մշակվել, ու ներկայումս աշխատանքային քննարկումներ ու վերլուծություններ են ընթանում նախարարությունում եւ հարակից մարմիններում` պարզելու դրա նպատակահարմարությունը եւ այլ հարցեր:
«Հիմա դեռեւս մենք մասնագիտական-փորձագիտական ներուժով փորձում ենք հասկանալ, հաշվարկներ կատարել, այլ երկրների մոդելներ ուսումնասիրել, մեր երկրի առանձնահատկություններն ուսումնասիրել,-մեկնաբանեց Ս. Քրմոյանը` ավելացնելով,-դեռեւս մոտակա երկու տարիների ընթացքում վաղ է խոսել պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման մասին, քանի որ պետությունը, մեր կառույցները պետք է լուրջ աշխատանք կատարեն, մինչեւ հասնի այն վիճակի, որ կարողանանք հասարակության հետ քննարկել»:
Համակարծիք չլինելով աշխատակազմի ղեկավարի հետ` առողջապահության նախկին նախարար, ՀԱԿ կուսակցության անդամ Արարատ Մկրտչյանը կարծում է, որ ինչքան շուտ պետությունը գնա պարտադիր բժշկական ապահովագրության ու այն էլ դրա աստիճանական, փուլ առ փուլ ներդրման, այդքան հասարակությունը դրանից կշահի: «2000թ. ՀՀ կառավարությունն ընդունեց հայեցակարգ պարտադիր բժշկական ապահովագրություն ներդնելու մասին, եւ 2001թ. արդեն պատրաստ էր օրենքը «Պարտադիր բժշկական ապահովագրության մասին»,-տեղեկացրեց Ա. Մկրտչյանը` հավելելով,-ոչ մի կառավարություն 2000թ. ընդունված հայեցակարգը դեռ չեղյալ չի համարել, փաստորեն, դա դեռ ուժի մեջ է»:
Մեկնաբանելով պարտադիր բժշկական ապահովագրությանը հայ հասարակության պատրաստ լինելու հանգամանքը` առողջապահության նախկին նախարարը մանրամասնեց. «Եթե այսօրվա բուժսպասարկման վիճակը բավարարում է բնակչությանը, թող այդպես էլ մնա»: Ըստ նրա խորին համոզման, եթե ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային երկրները, մասնավորապես, Ռուսաստանը, Վրաստանը, մերձբալթյան երկրները դեռեւս 1990-ականների կեսերին անցում են կատարել այդ համակարգին ու դա այն դեպքում, երբ այդ երկրներում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը տատանվում էր մոտավորապես 1700-2500 դոլար, ապա Հայաստանում շատ հանգիստ կարելի է անցում կատարել այդ համակարգին, քանի որ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը մոտավորապես 3000-3500 դոլար է: Այսինքն` մեր երկիրը, ըստ Ա. Մկրտչյանի, շատ ավելի բարվոք վիճակում է, քան հետխորհրդային մյուս երկրները 1990-ականներին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պարտադիր բժշկական ապահովագրությունը Հայաստանի հասարակության համար հերթական լրացուցիչ ֆինանսական բեռ չէ, եւ արդյոք դրա ներդնումը չի առաջացնի դժգոհությունների ալիք, Ա. Մկրտչյանը նշեց. «Պետք չէ նույնացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային եւ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգերը: Կենսաթոշակային համակարգի դեպքում մարդիկ բողոքում են, թե ինչու են իրենց աշխատավարձը տանում, արտասահմանում պահում, ու մեկ էլ չեն հավատում, որ հետո կվերադարձվեն: Իսկ առողջապահական պարտադիր ապահովագրության դեպքում մարդը վճարումներ է անում, ու այդ տարվա մեջ նրա գումարները կա՛մ ծախսվում են, կա՛մ մնում, եթե դու չես հիվանդանում: Այսինքն՝ գումարները չեն հավաքում ու ասում, որ 20 տարի հետո կսկսենք բուժօգնությունը»:
Ի տարբերություն Մկրտչյանի՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այլ կարծիք ունի: Ըստ պատգամավորի` խնդիրը պետք է դիտարկել երկու տեսակետից. նախ՝ ՀՀ քաղաքացին վճարունակ չէ, որ հիմա էլ սկսեն նրանից բժշկական ապահովագրության վճարներ գանձել, եւ երկրորդ` նույնիսկ եթե լիներ վճարունակ, ապա այսօր Հայաստանի բուժհաստատությունների առաջարկած ծառայությունները ոչ թե զրո, այլ մինուս մակարդակի վրա են գտնվում: «Բոլոր վճարունակ քաղաքացիները նույնիսկ ատամ «պլոմբում» են արտերկրում, էլ չեմ խոսում առավել բարդ բժշկական միջամտությունների մասին: Ինչի՞ մասին է խոսքը»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:
«Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգն իր հետեւից կբերի դժգոհությունների բուռն ալիք, քանի որ դա հերթական սոցիալական ճնշումն է ժողովրդի վրա»,-եզրափակեց Ն. Զոհրաբյանը:
Իհարկե, բժշկական պարտադիր ապահովագրությունն ինքնին դրական գաղափար է, եւ միգուցե դրա ներդրումը նպաստի մեր ժողովրդի մեջ «մաղարիչ» հասկացության արմատախիլ լինելուն: Միայն թե ՀՀ կառավարությունը պետք է լուրջ ուսումնասիրի խնդիրը՝ բացառելով թերություններն ու վտանգները:

ՍԱԻԴ ԱՎԴԱԼՅԱՆ

 

 

 

 

 

 
ԳԱԱ ՂԱՐԱԲԱՂՑԻ ՆԱԽԱԳԱՀԸ

1998թ.-ից սկսած՝ Հայաստանում «իշխանություն» բառը սկսեց ասոցացվել «ղարաբաղցի» բառի հետ: «Ղարաբաղցի» ասելով՝ այս դեպքում, իհարկե, նկատի ունենք մարդկանց որոշակի խմբի, որը մշտապես ձգտում է մնալ իշխանության ղեկին՝ լինի դա երկրի, թե Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնը:
Ահա եւ ԳԱԱ նախագահի աթոռը 2006թ.-ից զբաղեցնում է Ղարաբաղի Մատաղիս գյուղում ծնված Ռադիկ Մարտիրոսյանը: Եվ ոչ միայն զբաղեցնում է, այլեւ 2011-ին` 75 տարեկանում, վերընտրվում է: Հետո ի՞նչ, թե Ռ. Մարտիրոսյանին ԳԱԱ-ում այդքան էլ չեն սիրում: ՀՀ-ում նախագահներին էլ չեն սիրում, սակայն նրանք էլ են վերընտրվում: Ռ. Մարտիրոսյանն էլ վերընտրվեց, եւ եթե հնարավորություն ունենա, գուցե հավիտյանս կմնա այդ աթոռին, հատկապես որ 2013-ի սեպտեմբերի 4-ին «Հրապարակ»-ը գրել էր, թե Ռ. Մարտիրոսյանի հայրենի գյուղի բնակիչներն իբրեւ թե ցանկություն ունեն գյուղում կանգնեցնել ակադեմիկոսի կիսանդրին դեռ նրա կենդանության օրոք: ԳԱԱ նախագահը, իհարկե, հերքեց այս տեղեկությունը: Ի դեպ, Ռ. Մարտիրոսյանը նույն պաշտոնին երկար մնալու եւ վերընտրվելու սովորույթը ձեռք է բերել դեռ ԵՊՀ-ից, որի ռեկտորն է եղել 1993-2006-ին:
ԳԱԱ նախագահի պաշտոնն ընդհանուր առմամբ եկամտաբեր գործ է, որովհետեւ պաշտոնյաներին եւ նրանց զավակներին գիտական աստիճաններ են շնորհվում, ինչը ոմանց պետք է գալիս համապատասխան պաշտոնի, ոմանց էլ՝ բանակից ազատվելու համար: Այս ամենը, ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց գրականագետ, գիտությունների թեկնածու Ռոբերտ Դավթյանը, անվճար հիմունքներով չի արվում, իսկ Ռ. Մարտիրոսյանի օրոք կոռուպցիոն երեւույթները ԳԱԱ-ում էլ ավելի լայն տարածում են գտել: Մասնավորապես, Ռ. Դավթյանը պատմեց, որ օրեր առաջ հեռուստահաղորդում նկարելու նպատակով ինքը հրավիրված է եղել Մաշտոցի 52 հասցեում գտնվող ԵՊՀ հյուրերի տան 1-ին հարկը զբաղեցնող մի ռեստորան-գարեջրատուն, որի սեփականատերը, ըստ Ռ. Դավթյանի, Ռ. Մարտիրոսյանի որդին է, որն իր հետ զրույցի ժամանակ նշել է, թե ինքը այսպիսի օբյեկտ ունի իր հոր շնորհիվ, եւ սա միակ օբյեկտը չէ: ԳԱԱ նախագահի աշխատավարձը կազմում է մոտ 300 հազար դրամ, եւ եթե նույնիսկ Ռ. Մարտիրոսյանի որդու ասածը չափազանցված է, միեւնույն է, 300 հազար դրամ ամսական եկամուտով մեր երկրում դժվար թե կարողանան բիզնես ձեռք բերել:
Ի դեպ, Ռ. Մարտիրոսյանի՝ մայր բուհի ռեկտոր եղած տարիներին նույնպես հաճախ լրատվամիջոցները գրում էին ԵՊՀ-ում կոռուպցիոն երեւույթների աճի եւ քննությունների «սակագների» բարձրացման մասին:
Վերադառնանք պաշտոնյաների եւ նրանց զավակների՝ գիտական աստիճաններ ստանալուն, ինչը Ռ. Մարտիրոսյանը տարօրինակ չի համարում, նույնիսկ ողջունում է: Ավելին, Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության հետ կապված աղմուկը խիստ վրդովեցրել էր նրան: «Ի՞նչ է եղել այդ տղային: Պետական ապարատից հարյուրավոր աշխատողներ են պաշտպանում»,-ասել էր ԳԱԱ նախագահը` միաժամանակ չնշելով որեւէ դեպք, երբ թեկնածուական պաշտպանող պաշտոնյան «կտրվել» է:
Փաստորեն, Ռ. Մարտիրոսյանի օրոք շատացան գիտնական պաշտոնյաները, փոխարենը շարունակվեց երիտասարդ գիտաշխատողների արտագաղթը, իսկ ծերակույտը (ԳԱԱ-ի աշխատողների միջին տարիքը կազմում է 77,5 տարեկան) ավելի ամրապնդեց իր տեղը ԳԱԱ-ում:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

 

 
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ Տավուշի մարզպետի: Ներսիսյանը դատարան է դիմել իրեն Իջեւանի բ/կ-ի տնօրենի պաշտոնում վերականգնելու եւ իր հետ կրկին աշխատանքային պայմանագիր կնքելու պահանջով: Հայցով որպես երրորդ անձ ներգրավված է Իջեւանի բ/կ-ի ներկայիս տնօրեն Վազգեն Մարգարյանը: Ներսիսյանն իր հայցադիմումի մեջ նշել է, որ 2013թ. օգոստոսի 14-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթում հայտարարություն է զետեղվել «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի վերաբերյալ: Հայցվորը նշել է, որ մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններից է եղել առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը, մինչդեռ Վազգեն Մարգարյանը չունի վարչական աշխատանքի կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական համակարգի կառավարման առնվազն 3 տարվա ստաժ:
Նշենք, որ 2013թ. սեպտեմբերի 27-ին կայացած մրցույթի արդյունքում 2 մասնակիցներն էլ՝ Վազգեն Մարգարյանը եւ Հրաչյա Ներսիսյանը, հաղթող էին ճանաչվել, եւ հոկտեմբերի 1-ին մարզպետ Արմեն Ղուլարյանի որոշմամբ Վ. Մարգարյանը նշանակվել էր Իջեւանի բ/կ-ի տնօրեն: Հայցադիմումի մեջ Հ. Ներսիսյանը գրել է. «Մարզպետի թիվ 113 որոշումը կայացվել է առանց որեւէ իրավական եւ փաստական հիմնավորման, կամայականության սկզբունքներից ելնելով»: Տավուշի մարզպետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական համակարգի կառավարման ստաժի դրույթը եղել է միայն Իջեւանի բ/կ-ի, բայց ոչ մարզի մյուս բ/կ-ների տնօրենների թափուր տեղերի համար մրցույթների հայտարարություններում: Հավանական է, որ մարզպետարանի որեւէ պաշտոնյա, առանց մարզպետի գիտության, թերթի հայտարարության մեջ այդ դրույթը մտցնելով, «ական» է տեղադրել, որպեսզի Վ. Մարգարյանի հաղթելու դեպքում հնարավոր լինի վիճարկել մրցույթի արդյունքները:
Նույն աղբյուրներն ասում են, որ Վ. Մարգարյանն առողջապահության համակարգում վարչական աշխատանքի 14 տարվա ստաժ ունի, ժամանակին ղեկավարել է մարզպետարանի առողջապահության վարչությունը: Հավելենք, որ 2013թ. սեպտեմբերի 27-ին կայացած մրցույթում Վ. Մարգարյանն ավելի բարձր միավորներ էր ստացել, քան վերջին 15 տարում Իջեւանի հիվանդանոցը, ապա եւ բ/կ-ն ղեկավարած Հ. Ներսիսյանը: Մարզպետ Ա. Ղուլարյանի որոշմամբ 2013թ. հոկտեմբերի 1-ին Հ. Ներսիսյանն ազատվել է պաշտոնից, նրա մեկ այլ որոշմամբ` Վ. Մարգարյանի հետ 3 տարի ժամկետով կնքվել է աշխատանքային պայմանագիր: Ի դեպ, Հ. Ներսիսյանը Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբայրն է: Հ. Ներսիսյանը նաեւ Արմեն Ղուլարյանի բարեկամն է. նրանց եղբայրները քենակալներ են: Մեր տեղեկություններով՝ Հ. Ներսիսյանը ներկայումս աշխատում է Գավառի բ/կ-ում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս