Մելիքգյուղը շոկային վիճակում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած բնապահպանների և մելիքգյուղցիների  բազմիցս հնչեցրած ահազանգերին և մտահոգություններին` ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից հունիսի 30-ին տրվել է փորձաքննական դրական եզրակացություն «Մեգո գոլդ» ընկերության ներկայացրած ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքավայրի նոր պոչամբարի նախագծին: Սա հիասթափություն և խորը վրդովմունք է առաջացրել ոչ միայն բնապահպանների, այլև Մելիքգյուղի բնակիչների մոտ:

Այս առիթով, Մելիքգյուղի մի խումբ բնակիչներ բաց նամակով դիմել են նախարարին:
«Սա բնապահպանության ոլորտի օրենսդրությունը և Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական եզրակացություն տալու բոլոր ընթացակարգերը խախտած, բնապահպանության նախարարության գործառույթներին հակառակ` կեղծիքով և խաբեությամբ ստեղծված, ապա մեր ժողովրդից և հասարակությունից թաքցված Մելիքգյուղի Թուխմանուկի ոսկու հանքավայրի առանց նախագիծ, ապօրինաբար «Մեգո Գոլդ»-ի կողմից հանքաարդյունահանվող 3-րդ պոչամբարի դրական եզրակացության հանդեպ Մելիքգյուղի արձագանքն է:

Մելիքգյուղը շոկային իրավիճակում է: Արդեն հասկանալով, որ օրենքները գործում են միայն ի շահ «հզորների» և որևէ ձևով չեն պաշտպանում Հայաստանի շարքային քաղաքացիների օրինական շահերը, մի ամբողջ համայնքի մատնելով կործանման` անտեսում եք նաև ազգային շահերը»,- մասնավորապես ասված է բաց նամակում:
Ի դեպ, բնապահպանները Թուխմանուկի հանքավայրի նոր պոչամբարի նախագծին տրված փորձաքննական դրական եզրակացության մասին տեղեկացել են «Մեգո գոլդ»-ի պաշտոնական կայքէջից:

Հիշեցնենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղում 3-րդ պոչամբարի կառուցման մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում: Ամիսներ առաջ բնապահպաններն ու Մելիքգյուղի բնակիչները «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ից պահանջում էին ներկայացնել Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման ամբողջական նախագիծը: Այդ թվում նաև` 3-րդ պոչամբարի կառուցման նախագիծը:

Նշենք, որ Մելիքգյուղում ոսկու հանքավայրի շահագործման հետեւանքով արդեն իսկ առողջապահական և բնապահպանական լուրջ խնդիրներ կան:
Մելիքգյուղ համայնքի բնակիչները վստահ են, որ բնապահպանության նախարարը տեղեկացված է եղել նախատեսվող պոչամբարի կառուցման հետ կապված իրական խնդիրների, վտանգների, հասարակական և մասնագիտական կարծիքների մասին: Սակայն, չնայած այդ ամենին, դրական եզրակացությունը տվել է` խախտելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին» ՀՀ օրենքը, որի 11 հոդվածի համաձայն` լիազորված մարմնի կողմից հասարակական լսումներից հետո 20-օրյա ժամկետում կայացվում է որոշում մասնագիտական եզրակացության և հասարակական քննարկումների արդյունքների արձանագրությունների հիման վրա փորձաքննական եզրակացություն տալու մասին:

Բնապահպան Գրետա Գաբրիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղի ունեցածից վրդովված ասաց. «Ուղղակի անտեսվել է մի ամբողջ համայնքի բնակչության գոնե բավարար, բարվոք միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքը: Մինչդեռ հեկտարներով հանդ ու դաշտ է քանդվում, ապականվում, ծանր մետաղները և թունավոր տարրերը սփռվում են փոշու տեսքով ու ջրերի հետ, որոնք կուտակվում են Ապարանի ջրամբարում, ապա հոսում են դեպի Արարատյան դաշտավայր` Արարատի ու Արագածոտնի մարզերի շատ համայնքներ ոռոգելու համար: Պոչամբարների ավելացման դեպքում ընդմիշտ կորցնելու ենք գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքները»:

Իսկ ահա Մելիքգյուղի գյուղապետ Հակոբ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որ ինքը հիմա էլ ընկել է անհարմար դրության մեջ: «Ես ի՞նչ անեմ, որ հիմա էլ բոլոր պատկան կառույցները կարծես թե դրական եզրակացություն են տալիս: Մինչդեռ այդքան ժամանակ բոլոր փորձագետները գալիս էին ստուգում ջուրը, հողը ներկայացնում էին փորձաքննության ու պարզում էին, որ ճիշտ չի լինի 3-րդ պոչամբարի, ընդհանրապես ոսկու հանքավայրի շահագործումը:

Այ մարդ, բայց հիմա արի ու տես, որ բոլորն էլ հակառակն են պնդում` ասելով, թե ամեն ինչ կարգին է: Բայց ես ձեզ ասեմ, որ հիմա էլ բնակիչների մի մասն ինձ է մեղադրում, թե դու թույլ չես տալիս գնանք ու հանքավայրում աշխատենք: Այս պատկերն է մեր համայնքում: Հիմա ես չեմ, դուք եք, ասեք տեսնեմ` ինչպե՞ս վարվեմ»,- հարցրեց գյուղապետը:

Նրա խոսքով` Մելիքգյուղի մոտ 50-60 բնակիչ ստորագրահավաք է անցկացրել` «Մեգո Գոլդ» ընկերության կողմից այդ գյուղում կառուցվող նոր ֆաբրիկայում եւ հանքավայրում աշխատելու պահանջով: «Ամեն դեպքում, ես պետք է համայնքի հետ քայլեմ: Բնակիչները պարապ են. աշխատանք, ապրելու միջոց չունեն, դրա համար էլ բոլորն էլ արդեն հոգնել ու հիասթափվել են ամեն ինչից, ասում են` պետք է գնանք աշխատենք` անտեսելով իրենց առողջությունը»,- ցավով նշեց Մկրտչյանը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև «Մեգո Գոլդ» ընկերությունից: Սակայն ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը երկրում չէր:
Ի դեպ, զրույցի ավարտին գյուղապետից տեղեկացանք, որ վերջերս Մելիքգյուղում է եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Թե ինչ նպատակ էր հետապնդում դեսպանի այցը Մելիքգյուղ` «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս