ԹՎԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Սերժ Սարգսյանը «Բազե-2014» երիտասարդական ճամբարում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանի տնտեսության մասին. «Նայեք, տեսեք մեր տնտեսությունը որքան է զարգացել վերջին հինգ տարիներին. ես չեմ ասում՝ շատ է զարգացել, եւ մեր համախառն ներքին արդյունքը շատ է ավելացել, բայց տեսեք՝ մեր բյուջեն գրեթե կրկնապատկվել է, իսկ դա ինչպե՞ս է եղել, որտեղի՞ց: Մենք չունենք բյուջեի համալրման այլ աղբյուր, քան մեր հարկերը ու նաեւ մեր վերցրած վարկերը»: Քիչ էր մնում ուրախությունից թռչկոտեինք Սարգսյանի խոսքերը լսելով: Բայց, ինչպես միշտ, տնտեսության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Ու դրա մասին են վկայում հենց պաշտոնական թվերը: Բանն այն է, որ Ս.Սարգսյանի պաշտոնավարման սկզբում՝ 2008թ., ՀՀ պետական բյուջեն կազմել է 802 մլրդ 939 մլն դրամ, իսկ 2009-ին՝ ավելի քիչ՝ 711 մլրդ 696.2 մլն դրամ: 2014թ. այդ թիվը հասել է 1տրիլիոն 170.4 մլրդ դրամի: Ինչպես նկատեցիք՝ 5 տարվա ընթացքում բյուջեն ամենեւին էլ չի կրկնապատկվել, այլապես՝ այսօր այն պետք է կազմեր առնվազն 1 տրիլիոն 422 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է հավաքագրված հարկերին, ապա այս ընթացքում ավելացել է ոչ թե հարկերի հավաքագրման տոկոսը, այլ՝ պարզապես բարձրացել են հարկերը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կուտակային կենսաթոշակների մասին «պարտադիր, բայց ոչ պարտադրված» թեզը յուրօրինակ կիրառում է ստացել: Չնայած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո կառավարությունը համաձայնեց պարտադիր բաղադրիչը կիրառել միայն պետական ապարատի աշխատակիցների նկատմամբ, մասնավորի դեպքում այն հետաձգելով մինչեւ 2017թ., սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին մասնավոր շատ ընկերությունների ղեկավարներ ստիպում են աշխատակիցներին պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ընտրելու համաձայնագիր ստորագրել: Հիմնական ահազանգերը եկել են բանկերից, որտեղ պատճառաբանել են, թե վարչապետը ներքին հրահանգ է տվել՝ պարտադիրը կիրառել: Օրերս ՀՀԿ նիստին շտապող ՀՀ վարչապետից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է նման հրահանգ տվել: Սակայն նա կտրուկ հերքեց լուրը՝ ասելով, թե իր անունից որեւէ մեկն իրավունք չունի նման հրահանգի մասին խոսել. «Քաղաքացիներն ազատ են ֆոնդեր ընտրելու կամ չընտրելու հարցում, պարտադիր ոչինչ չկա»։
Հայաստանի Զինված ուժերին գոմեշի միս մատակարարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը դատարան է մտել կիսատ: Այս գործով անցնում էին 5 անձինք, մինչդեռ մեղադրյալի աթոռին առայժմ նստած է միայն մեկը՝ գործարար Ալբերտ Օհանջանյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործի տրոհման պատճառն այն է, որ ՊՆ-ում 2 տարի է դեռ շարունակվում է հաշվարկվել պետությանը հասցված վնասի չափը: Օրերս էլ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն այս օրերին աճուրդի է հանել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց գտնվող իր առանձնատունը եւ էլի մի քանի բաներ: Հավանաբար, նրան ստիպել են փոխհատուցել պետությանը հասցրած վնասը, որից հետո նոր Փայտյանի ենթականերից 4-ի գործն առանձին մասով կմտնի դատարան:
Ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հայ հոգեւորականները ծեծի էին ենթարկվել մի խումբ մարդկանց կողմից: Անցել է շուրջ մեկ ամիս, սակայն մինչ օրս որեւէ մեկը չի ձերբակալվել այս գործի շրջանակներում: Ու պարզվում է՝ ուշագրավ բացահայտում է եղել այս մասով: Ախալքալաքի շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Սամվել Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ պարզվել է՝ հայ հոգեւորականներին ծեծի ենթարկողների մեջ հայեր են եղել. «Եթե չեմ սխալվում՝ երկու-երեք հոգի են եղել: Այս բացահայտումից հետո քննության ընթացքում պարզել են, որ կատարվածը էթնիկ հողի վրա առաջացած կոնֆլիկտ չի եղել: Գոնե ծեծողների կողմի հայերը թույլ չտային եկեղեցու սպասավորներին ծեծել: Չգիտեմ՝ ինչ ասեմ»:
ԴԱՏԱՐԿ ՏԵՂԸ
Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների` ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում ՀՀ տնտեսությունում նշանակալիորեն կարող են ավելանալ մասնավոր ներդրումները` արտահայտելով անդամ երկրների հետ համատեղ իրականացվելիք մի շարք ներդրումային նախագծեր: Թե կոնկրետ ինչի վրա է հիմնված ԿԲ լավատեսությունը` առայժմ հայտնի չէ: Համենայն դեպս` այդ մասին հանրությանը մատչելի տեղեկատվություն ներկայացված չէ: Իսկ «համատեղ իրականացվելիք ներդրումային նախագծեր»-ի մասին հեքիաթներն էլ առաջին անգամ չէ, որ փորձ է արվում ներկայացնել ՀՀ քաղաքացիներին:
Այս առումով ակնկալիքներ են եղել ոչ միայն ՌԴ-ից կամ Ֆրանսիայից, այլեւ հարեւան Իրանից, որի հետ «համատեղ իրականացվելիք նախագծերի» փողերը հայրենի իշխանություններն այնքան հաճույքով հաշվում էին` նշելով, թե հայ-իրանական երկաթուղուց, նավթավերամշակող գործարանից կամ Արաքսի վրա կառուցվող հէկ-ից որքան գումար կմտնի պետբյուջե: Բայց, ինչպես տեսանք, այդ նախագծերից եւ ոչ մեկը կյանքի չկոչվեց: Իսկ դա տեղի ունեցավ այն պարզ պատճառով, որ բացակայում էր այդ նախագծերի իրագործման տնտեսական եւ քաղաքական երկկողմ ու հավասարաչափ շահագրգռությունը:
Հիմա ճիշտ նույն պատճառով էլ դժվար թե կայանան ԵՏՄ անդամ երկրների հետ համատեղ նախագծերը: Նախ` ԵՏՄ անդամներից մեր ամենակարեւոր դաշնակիցը` Ռուսաստանը, դեռ շատ վաղուց` «գույք պարտքի դիմաց» խայտառակ գործարքից ի վեր Հայաստանում ունի տնտեսական լրջագույն ներկայություն: Սակայն շորթելով ՀՀ կարեւորագույն տնտեսական հզորությունները` ռուսները ոչ միայն դրանք չգործարկեցին եւ դրանով որեւէ կերպ չնպաստեցին ՀՀ տնտեսության զարգացմանը, այլեւ իրենց տնտեսական ներկայությունը փորձեցին ամրապնդել նորանոր շորթումներով` ի դեմս Հրազդանի 5-րդ էներգաբլոկի եւ «ՀայՌուսգազարդ»-ի վերջին 20 տոկոսի: Իսկ ահա «Նաիրիտ»-ի ակնկալվող վաճառքը ռուսական ընկերությանը չկայացավ, քանզի դա պարտադիր կերպով պահանջելու էր հսկայական ներդրումներ, ինչը ռուսներին ամենեւին հետաքրքիր չէ. ինչու փող ծախսել մի բանի վրա, որն առանց այդ էլ իրենց տիրապետության ներքո է:
Ինչ վերաբերում է ԵՏՄ մյուս անդամներին` Բելառուսին եւ Ղազախստանին, ապա առաջինի հետ արդեն իսկ իրականացվող առեւտուրը` գյուղտեխնիկայի եւ տեքստիլի, անցած տարիներին այդպես էլ աճ չարձանագրեց: Իսկ հայկական ընկերություններից էլ այդ երկիր մուտք ունեցան միայն «ընտրյալները», ովքեր երկրի նախագահ Ա. Լուկաշենկոյի հետ սերտ հարաբերությունների մեջ են: Եվ դժվար թե ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այս առումով լուրջ փոփոխություններ լինեն:
Հայ-ղազախական տնտեսական «համատեղ նախագծերի» մասին խոսելուց առաջ էլ, թերեւս, պետք է հասկանալ, թե ինչպես են հանգուցալուծվում հայ-ղազախական քաղաքական ոչ այնքան փայլուն հարաբերությունները: Համենայն դեպս` այսօրվա դրությամբ մի քիչ դժվար է պատկերացնել, որ ղազախ գործարարները ցանկանան իրենց միլիոնները ներդնել ՀՀ-ում: