«ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՇՆՉԵԼ»
Օրերս ՀՀ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի եւ Բյուրեղավան քաղաքի բնակիչները բողոքի ակցիա անցկացրեցին` իշխանություններից պահանջելով միջոցներ ձեռնարկել հարեւանությամբ գործող «Առողջ սունկ» ընկերության տարածած գարշահոտության դեմ: Բնակիչների պնդմամբ՝ արտադրամասի գրեթե մեկ տարվա գործունեության արդյունքում իրենք չեն կարողանում հանգիստ շնչել եւ օգտվել սեփական այգիներից:
70-ամյա Սուսաննան 16 տարի է, ինչ բնակվում է Նուռնուսում: Նրա խոսքով՝ բնակիչները դեռ հունվար ամսից դժգոհում են արտադրամասի տարածած գարշահոտությունից: «Գործարանը մի երկու ամիս աշխատեց ու մենք սկսեցինք դժգոհել: Երբ նախօրեին փակեցինք արտադրամաս տանող ճանապարհը, դրանից անմիջապես հետո գարշահոտությունը վերացավ: Վերջապես էս մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք մեր սեփական այգում մեկ բաժակ սուրճ խմել եւ մի կտոր ձմերուկ ուտել»,- ներկայացրեց տիկին Սուսաննան:
«Ժողովուրդ»-ը դժգոհող բնակիչներից տեղեկացավ, որ երեկ նրանք հանդիպել են Աբովյանի ոստիկանապետ Արմեն Առաքելյանի, Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանի, Նուռնուսի գյուղապետ Մնացական Գեւորգյանի եւ «Առողջ սունկ» ընկերության ներկայացուցիչների հետ: Վերջիններս բնակիչներից մեկ ամիս ժամանակ են խնդրել՝ խնդիրը կարգավորելու համար: «Խոստացել են գարշահոտությունը իսպառ վերացնել, հակառակ դեպքում՝ կտեղափոխվեն այստեղից: Նշեմ, որ աշխատելու ընթացքում էլ հնարավոր է էլեկտրաէներգիան անջատվի ու դրանից կրկին գարշահոտություն է տարածվում: Չեք պատկերացնում, թե դա ինչ վատ հոտ է: Այն նման է սատկած կենդանու հոտին: Մենք ոչ կարողանում ենք այս շոգ եղանակներին պատուհան բացել, շնչել, ոչ էլ մեր այգիներից օգտվել: Անգամ այն ճնճղուկ կոչվող ծտերը, որոնք ժամանակին հացը սեղանից թռցնում- տանում էին, հիմա այդ հոտից չկան: Անընդհատ խոստանում էին, որ կանցնի, բայց չի անցնում: Անգամ մենք բնակիչներով անձամբ գնացել ենք, փորձել ենք խոսել ընկերության տնօրինության հետ, բայց անարդյունք»,-պատմեց մեկ այլ բնակիչ:
Բնակիչների պատմելով՝ «Առողջ սունկ» ընկերության արտադրամասը նախկինում գործել է Եղվարդ քաղաքի մոտ: Սակայն այնտեղ էլ գարշահոտության պատճառով տեղացիները սկսել են բողոքել: Դրանից հետո արտադրամասը Եղվարդից տեղափոխվել է Նուռնուս գյուղի եւ Բյուրեղավան քաղաքի մոտ:
Թեեւ ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն անձամբ չի հանդիպել բնակիչների հետ, սակայն մարզպետարանի համապատասխան աշխատակիցները վստահեցնում են, որ իրենք նույնպես մտահոգված են խնդրով: «Ժողովուրդ»-ը զրուցեց մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մհեր Եղիազարյանի հետ, ով ասաց. «Այս հարցի հետ կապված ընդամենը մեկ ամիս առաջ ավելի քան 30 բնակչի անունով դիմում ենք ստացել: Բայց տեղեկացնեմ, որ ընկերությունն ունեցել է բոլոր համապատասխան փաստաթղթերը եւ փորձաքննություն է անցել: Ամեն դեպքում, ընկերությանը պարտավորեցրել ենք, որ համապատասխան ժամանակացույց, գրաֆիկ կազմեն եւ ներկայացնեն: Մենք ուղղակի այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում ենք պահում եւ իրենք խոստացել են լուծել այն»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի տնօրենի տեղակալ Աշոտ Գեւորգյանի հետ, ով տեղեկացրեց, որ այս պահին տեսչությունը ընկերությունում ստուգումներ է իրականացնում:
«Ե՛վ սանիտարահիգիենիկ, ե՛ւ բնապահպանական տեսչության կողմից արված փորձաքննության արդյունքներով նորմաների գերազանցում չի ֆիքսվել: Բայց ինչ վերաբերում է հոտին, ապա այն պարբերաբար կրկնվում է: Մեր ստուգումները շուտով կավարտվեն եւ առաջիկայում կհրապարակվեն արդյունքները: Արդեն վերջնական փուլում ենք»: Տեսչության տնօրենի տեղակալի խոսքով՝ Եղվարդից տեղափոխվելուց հետո ընկերությունը կատարելագործել է իր տեխնոլոգիաները. «Եղվարդում մենք մեկ անգամ ենք միայն ստուգումներ իրականացրել, ինչի արդյունքում վարչական տուգանք նշանակվեց: Հետո ընկերությունը տեղափոխվեց: Բայց ընկերությունն ունի բոլոր համապատասխան օրինական փաստաթղթերը»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ընկերության տնօրեն Սուրեն Դավթյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչ է ձեռնարկվում այս խնդրի լուծման ուղղությամբ: Տնօրենը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ այս պահին ընկերության աշխատակիցները պետք է նույնիսկ 24- ժամյա գրաֆիկով աշխատեն, որպեսզի ստեղծված խնդիրն արագ լուծեն. «Ճիշտ է, դա որոշակի անհարմարություն է ստեղծում բնակիչների մոտ, սակայն մենք այսօր այս ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի մեկ ժամ առաջ լուծվի խնդիրը»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
«ԱԹՈՌԸ» ՓՈԽԱՆՑԵԼՈՒ Է ԱՄՈՒՍՆՈՒՆ
ՀՀ Լոռու, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի մարզերում առաջիկայում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Լոռու մարզի Ձյունաշող համայնքի երիտասարդ կին, ՀՀԿ-ական գյուղապետ Յանա Մամիկոնյանի հետ:
-Տիկին Մամիկոնյան, Դուք առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը, թե՞ ոչ:
-Ոչ, ես չեմ առաջադրվելու: Իմ ամուսինը կփորձի:
-Ի՞նչն է խնդիրը: «Աթոռը» փոխանցում եք Ձեր ամուսնո՞ւն:
-Առողջության հետ կապված խնդիրներ ունեմ: Բացի այդ, երեխաներիս կրթությամբ եմ ուզում զբաղվել:
-Քանի՞ տարի է, ինչ գյուղապետ եք:
-Արդեն ութը տարի է:
-Այս ութը տարիների ընթացքում ի՞նչ եք արել գյուղի համար:
-Առաջին հերթին ջրի խնդիրն ենք լուծել, հետո՝ գյուղամիջյան ճանապարհներն ենք նորոգել: Համայնքի դպրոցի տանիքն ենք վերանորոգել:
-Քանի՞ տարի է, ինչ ՀՀԿ-ական եք:
-Գյուղապետ ընտրվելու հաջորդ տարին դարձա ՀՀԿ անդամ: Ի դեպ, ամուսինս էլ է ՀՀԿ-ական: Նա Սերժ Սարգսյանից շնորհակալագիր ստացավ որպես ակտիվ ՀՀԿ-ական:
-Այս ընթացքում կուսակցությունը կոնկրետ ի՞նչ է արել գյուղի համար:
-Մեզ օգնել է: Անտարբեր չեն եղել:
-Այս տարի առաջին դասարանի աշակերտ ունենալո՞ւ եք:
-Չէ, չունենք:
-Երիտասարդ ընտանիք չկա՞ գյուղում:
-Հույս ունենք, որ հարեւան գյուղից մի երիտասարդ ընտանիք կգա մեր գյուղ: Կամ էլ չեն գա:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԵՐԳՈՎ ՈՒ ՊԱՐՈՎ
Երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ամփոփել է վերանշանակումից հետո պաշտոնավարման հարյուր օրվա աշխատանքները եւ ներկայացրել նոր ուսումնական տարվա ծրագրերը: Նախարարը երեկ հայտարարել է, որ այս տարի հանրապետությունում կգործի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի առաջին փուլը, որը կմեկնարկի Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերից: Ըստ ծրագրի՝ տարրական դասարանների աշակերտները կապահովվեն միանվագ դպրոցական սնունդով՝ ելնելով տարիքային խմբի կենսաֆիզիոլոգիական առանձնահատկություններից: Ի դեպ, «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունը մշակվել է Սերժ Սարգսյանի՝ 2007թ. փետրվարի 7-ի «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» հրամանագրի եւ կառավարության` 2008թ. հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման հիմնադրույթներին համապատասխան: Բացի այդ, հանրապետության մի շարք դպրոցներում այս տարի կներդրվի «Ազգային երգ ու պար» առարկան: Նախարարը նշել է, որ առաջիկայում կհաստատվեն այն 10 դպրոցները, որտեղ առարկան կներդրվի փորձնական եղանակով:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու եւ երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 1-ից 30-ը կհայտարարվի անվտանգ երթեւեկության միամսյակ եւ կրթօջախների հարակից տարածքներում ճանապարհային ոստիկանության հետ ուժեղացված հսկողություն կսահմանվի:
Ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրասատական աշխատանքների հետ կապված Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած երեկվա աշխատանքային խորհրդակցությանը զեկուցվել է, որ գույքագրվել են ուսումնական բոլոր հաստատությունների, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, բուհերի հարակից տարածքներն ու 239 հատվածներում արդեն իսկ համապատասխան գծանշումներ են կատարվել: Դպրոցների եւ մանկապարտեզների բուժկետերն էլ ապահովվել են առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով եւ պարագաներով:
Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողության տակ պահել տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերի բաշխման գործընթացը:
Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու եւ երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 1-ից 30-ը կհայտարարվի անվտանգ երթեւեկության միամսյակ եւ կրթօջախների հարակից տարածքներում ճանապարհային ոստիկանության հետ ուժեղացված հսկողություն կսահմանվի:
Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի գերծանրաբեռնված աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ու քաղաքացիների պատշաճ ուղեւորափոխադրում իրականացնելու ուղղությամբ:
ՄԱՍՆԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Այս տարվա ընդունելության քննությունները ցույց տվեցին, որ Հայաստանի մասնավոր բուհերում շատ քիչ ընդունվողներ են եղել: Երեկ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է այն մտահոգությանը, թե այդ հանգամանքը կարող է պատճառ դառնալ մասնավոր բուհերի փակման համար: Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթության ոլորտում տարիներ առաջ վատ վիճակ էր տիրում. «Անցան այն ժամանակները, երբ Հայաստանում մասնավոր բուհերն ավելի շատ էին, քան քաղաքական կուսակցությունները: Նրանց շարքում, իհարկե, կային կայացող մասնավոր բուհեր: Բայց մասնավոր բուհերի զարգացման համար անհրաժեշտ է, որ բոլորն աշխատեն հավասար պայմաններում: Աշոտյանը հավելել է, թե պետական բուհերին վճարովի տարկետման իրավունքից զրկելը մասնավորներին աշխատելու հնարավորություն է տվել: «Մենք պատրաստ ենք քննարկել մասնավոր բուհերին պետական պատվերով տեղ հատկացնելու հարցը: Հիմա նոր հավատարմագրում է եկել, անցեք այն, եւ մենք ձեզ կհատկացնենք պետական պատվեր»,-ընդգծել է նախարարը` վստահեցնելով, թե այս ամենը բերելու է բուհերի մրցակցության բարձրացմանը: