ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվելէ Սեւանա լճի լողափերից մեկում

Ամենաբազմազան ծառայությունների պակաս չի զգացվում ոչ միայն Երեւանում, այլեւ Սեւանա լճի լողափերից մեկի այս անշուք հատվածում: Թե այս փոքրիկ կրպակում մերսման ինչ սարքավորումներ են տեղադրված՝ դժվար է պատկերացնել, պարզ է, սակայն որ «օդից փող քամելու» սովորությունը այստեղ էլ է գործի դրվել՝ նպատակն արդարացնում է միջոցները տարբերակով:

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, եթե անձը մինչեւ կենսաթոշակային տարիքը կորցրել է աշխատանքը, ապա այդ դեպքում նա իրավունք ունի՞ ստանալ իր կուտակային կենսաթոշակը` մինչեւ 63 տարեկան դառնալը:

Հենրիկ Թումանյան (61 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աշխատանքը կորցնելը բավարար իրավական հիմք չէ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կուտակային կենսաթոշակը ստանալու համար: Մասնակիցը մինչեւ 63 տարին լրանալը կարող է ստանալ իր կուտակային միջոցները հետեւյալ դեպքերում՝
1) օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.
2) առողջական ծայրահեղ ծանր վիճակում է եւ հիվանդ է կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որը հավաստվում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությամբ.
3) ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մասնակից է եւ վերադառնում է իր մշտական բնակության երկիր:
Օրենքը նախատեսում է կուտակային միջոցների` մինչեւ 63 տարեկանը ստանալու եւս մեկ դեպք՝
Եթե լրացել է մասնակցի 55 տարին եւ նրա կենսաթոշակային հաշվում առկա ֆոնդի փայերի հաշվարկային արժեքն այնքան է, որ բավարարում է հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով ցմահ անուիտետ գնելու համար, ապա նա կարող է ստանալ իր կուտակած միջոցները 55 տարեկանից՝ կենսաթոշակային փայերի մի մասի մարմամբ կնքելով հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով անուիտետ, իսկ մնացած մասը ստանալ իր նախընտրած տարբերակով: Սա կոչվում է վաղաժամ կուտակային կենսաթոշակի իրավունք:

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը բավականին սպառիչ է, սակայն խրթին, որպեսզի շարքային քաղաքացին հասկանա իր իրավունքները՝ առանց մասնագետի միջնորդության: Նոր ներդրված կուտակային համակարգը բավականին խնդրառատ է, եւ դեռ երկար ժամանակ է պետք, որպեսզի դրա բոլոր դետալները հստակեցվեն:

 

 

ՀԱՐՑ. Ամիսներ շարունակ խնամել եմ իմ ծանոթին, որը անկողնային հիվանդ է եղել: Նա մի քանի ամիս առաջ մահացել է: Ապրում եւ գրանցված եմ նրան պատկանող բնակարանում: Մահացողը այլ բարեկամներ չի ունեցել: Խնդրում եմ խորհուրդ տվեք, ես ի՞նչ կարող եմ անել, որպեսզի բնակարանի սեփականության իրավունքը ձեւակերպվի իմ անունով: Ուզում եմ հասկանալ՝ կա՞ նման օրենք, թե՞ ոչ:

Լիանա Միքայելյան (41 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դուք չեք նշել, բայց, ըստ ամենայնի, ձեր ծանոթի գույքը ձեզ է փոխանցվել լիազորված կառավարման: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954 հոդվածում նշված է, որ «գույքի փոխանցումը լիազորված կառավարման չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցմանը լիազորված կառավարողին (այսինքն՝ ձեզ)»: Ավելին, դուք չունեք ժառանգության իրավունք ձեր ծանոթի գույքի նկատմամբ (դուք չեք հանդիսանում նրա բարեկամը եւ, ինչպես ես հասկացա, ձեր վերաբերյալ կտակ չի գրվել): Այնպես որ, կարծում եմ, նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեւակերպումը, ցավոք, ձեզ չի հաջողվի: Բայց անգամ ձեր ծանոթի մահից հետո դուք չեք կորցնում բնակարանի օգտագործման իրավունքը:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն տիկին Լիանան կարող է բնակվել տվյալ բնակարանում, սակայն դրա նկատմամբ որեւէ այլ իրավունք նա չի կարող ունենալ:




Լրահոս