ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՈՐՈՆՈՒՄ Է 60-ԱԿԱՆՆԵՐԻ ՋՐԱԳԾԵՐԸ

Գերմանական «KFW» բանկի վարկային ծրագրով իրականացվող «Գյումրու ջրամատակարարման ցանցի վերականգնում» ծրագրի շրջանակներում Հայաստանի երկրորդ քաղաքում հին ջրագծերը փոխարինում են նորերով: Այս գործընթացի արդյունքում շատ թաղամասեր, որոնք մինչ այս զրկված են եղել ջրից, կապահովվեն ջրամատակարարմամբ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ը:
Սակայն նշված ընկերության աշխատանքին զուգահեռ քաղաքապետարանն իր տեխնիկան է դուրս բերել քաղաք եւ որոնում է խորհրդային տարիներին անցկացրած ջրագծերը: Դրանք բնակիչների խոսքերով՝ արդարացնում էին իրենց, քանի որ ոռոգում էին քաղաքի կանաչապատ տարածքները: Նոր ջրագծերի անհեռանկար մոնտաժի հետեւանքով քաղաքի կանաչ տարածքներից շատերը չորանում են, շոգ ամռանը խախտվում է քաղաքի միկրոֆլորան: Սակայն «Ժողովուրդ»-ը Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներից տեղեկացավ, որ ստիպված են հենց դադարեցնել որոնման աշխատանքները, քանի որ քաղաքապետարանն այլեւս բյուջե չունի եւ որոնումները կշարունակվեն հաջորդ տարի:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 

 
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԵԹԵ ՈՂՋ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ Է»

«Վիկիլիքս»-ի հրապարակած հերթական փաստաթղթի հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն է: Դիվանագետը Պետդեպին ուղարկած զեկուցագրում ներկայացնում է Հայաստանի 2010թ. դրությունը՝ հատուկ շեշտադրում անելով ՀՀ իշխանությունների կոռումպացվածությանը: Բավականին ուշագրավ են դիվանագետի վերլուծություններն ու գնահատականները 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների եւ Հայաստանում քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ: Փաստաթղթի ընթերցումը կասկածի տեղ չի թողնում, որ դիվանագետն ամբողջությամբ տիրապետում է Հայաստանում ստեղծված իրավիճակի մանրամասներին:

Յովանովիչը նախ տեղեկացնում է, որ Հայաստանն ունի խաղաղ քաղաքական հանրահավաքներ ու ցույցեր անելու փորձը, որոնք հաջորդել էին «2008թ. փետրվարին տեղի ունեցած նախագահական վիճահարույց ընտրություններին»: Դիվանագետը հավելում է, որ այդ իրավիճակը խաթարվել է միայն կառավարության կողմից կիրառված բռնության արդյունքում՝ 2008թ. մարտի 1-2-ին, որի հտեւանքը եղավ 10 մարդու մահը եւ 20-օրյա արտակարգ դրությունը: Ամերիկացին ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ արտակարգ դրությունն առաջին հերթին ազդել է մամուլի ու հավաքների ազատության վրա: Հեղինակը նկատում է, որ այդ օրվանից սկսած կառավարությունը մշտապես մերժել է ընդդիմության՝ ցույցեր անելու հայտերը: Հատկանշական է, որ իր վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանը պնդում էր, թե իշխանության հարցը լուծվում է ընտրությունների միջոցով: Արդ, մի՞թե նա նկատի ուներ այն ընտրությունը, որն ամերիկացի դիվանագետը որակում է «վիճահարույց»:
Յովանովիչը, նկարագրելով դեպքերի հետագա ընթացքը, փաստում է, որ ընդդիմության բազմաթիվ համակիրներ ձերբակալվեցին ու դատապարտվեցին ազատազրկման` դատական վիճահարույց որոշումներով: Նրա մատուցմամբ՝ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված գործիչների ազատ արձակման խնդիրը մասամբ լուծվեց 2009թ. հունիսի 19-ի նախագահական համաներման արդյունքում: Դիվանագետի ուշադրությունն է գրավել այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունը ընդդիմության դեմ պայքարի շրջանակներում զերծ չի մնացել նաեւ տնտեսական պատժամիջոցներից, որոնք առաջին հերթին ազդել են ընդդիմադիր գործարարների վրա: Նա անդրադառնում է Խաչատուր Սուքիասյանի ու նրա բիզնեսների նկատմամբ 2008թ.կառավարության իրականացրած ճնշումներին` արձանագրելով, որ կառավարության հրահանգով լայնածավալ ստուգումներ են սկսվել վերոնշյալ գործարարի կազմակերպություններում: Յովանովիչը հավելում է, որ 2009թ. Սուքիասյանի «հանքային ջրերի գործարանը խլվեց ու վաճառվեց աճուրդի միջոցով»: Ոստիկանության ու հարկային մարմինների միջամտությունը, ըստ դեսպանի, տեղի է ունեցել այն պահից ի վեր, երբ Սուքիասյանները պաշտոնապես մեղադրանքներ են հնչեցրել իշխանությունների հասցեին ու հայտարարել ընդդիմության թեկնածուին սատարելու մասին:
Քննարկելով կոռուպցիայի խնդիրը՝ դիվանագետը նկատում է, որ այն շարունակում է մնալ Հայաստանում ամերիկյան ներդրումների առաջին խոչընդոտը: Արձանագրելով, որ կառավարությունը վերջին չորս տարիներին մշտապես վերափոխումներ է անում այս բնագավառում՝ դիվանագետը նկատում է, որ դրանք իրականում բավարար չեն ու կոռուպցիան շարունակում է աճել: Դեսպանը որպես կոռուպցիայի մեջ առավելագույնս թաթախված ոլորտներ է նշում դատական համակարգը, հարկային ու մաքսային մարմինները, առողջապահության, կրթական ու իրավապահ օղակները: Դիվանագետը հանգում է այն եզրակացության, որ մանր կոռուպցիան տարածված է ամբողջ երկրով մեկ՝ ներառելով գրեթե ամբողջ հասարակությունը: Նա հիշատակում է 2009թ. «Transparency International»-ի զեկույցը, որում Հայաստանն աշխարհի 180 երկրների մեջ 120-րդ տեղում էր: Յովանովիչը մասնավորեցնում է, որ Հայաստանը ստացել էր 10 հնարավորից 2.7 միավոր, ինչը նշանակում է, որ այս երկրում կոռուպցիան ամենաբարձր մակարդակի վրա է:
Որպես իր խոսքերի ապացույց՝ դիվանագետը նշում է, որ իշխանությունն ու բիզնեսը Հայաստանում ամբողջությամբ սերտաճած են: Նա ավելացնում է, որ տարբեր տրամաչափի պաշտոնյաներն են հիմնականում տնօրինում երկրի մասնավոր բիզնեսը, իսկ իշխանություններն էլ հանդես են գալիս պրոտեկցիոնիզմի դիրքերից, ինչն առաջացնում է մոնոպոլիաներ ու օլիգոպոլիաներ՝ խորտակելով մրցակցության հնարավորությունը: Այսպիսով` ակնհայտ է, որ Յովանովիչը ներկայացրել է Հայաստանում ստեղծված դրության անկողմնակալ պատկերը: Մինչդեռ ի հեճուկս ԱՄՆ նախկին դեսպանի անկեղծ արձանագրումների՝ ՀՀ իշխանությունները շարունակում են կտրված մնալ իրականությունից եւ հրատապ հիմնախնդիրները լուծելու համար կախարդական փայտիկ որոնել:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ԱՆՎՏԱ՞ՆԳ Է ՊԱՂՊԱՂԱԿԸ

Մեր քաղաքացիներից շատերը թերահավատորեն են վերաբերվում երեւանյան փողոցներում վաճառվող պաղպաղակի թարմությանը: Որքանո՞վ է որակյալ եւ անվտանգ վաճառվող պաղպաղակը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանի հետ:
-Այս տարի պաղպաղակի շուկայում պլանային ստուգումներ իրականացվե՞լ են:
-Այս ընթացքում կաթնամթերք արտադրող կազմակերպություններում անցկացվել են ստուգումներ: Իհարկե, ստուգումների ընթացքում բացահայտվել են մի շարք խախտումներ, ինչի համար էլ Ծառայության կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ եւ ժամկետ՝ խախտումների վերացման ուղղությամբ: Նաեւ եղել են դեպքեր, երբ հայտնաբերվել է, որ արտադրանքը վտանգավոր է եղել: Խոսքը պանրի, պաղպաղակի մասին է: Հայտնաբերելու դեպքում արտադրությունը կասեցվել է: Բացի այդ, Ծառայության կողմից այս ընթացքում պաղպաղակի շուկայում իրականացվել են բազմաթիվ դիտարկումներ: Եվ երկու կազմակերպություններում խնդիրներ ունեցող մոտ հինգ ապրանքատեսակ է հայտնաբերվել: Դրանք տեղում արագ ոչնչացվել են:
-Պաղպաղակի շուկայում պլանային ստուգումներն ի՞նչ ժամանակացույցով են իրականացվում:
-Քանի որ պաղպաղակը բարձր յուղայնությամբ եւ ռիսկանյությամբ ապրանքատեսակ է, պլանային ստուգումներն իրականացվում են տարին մեկ անգամ: Բայց դա չի նշանակում, որ մեր վերահսկողությունից դուրս է այդ ոլորտը: Մենք իրականացնում ենք նաեւ դիտարկումներ, ուսումնասիրություններ: Եթե այդ ընթացքում հայտնաբերվում է ինչ-որ խնդիր, որը կապված է արտադրության հետ, ապա օրենքով սահմանված կարգով մենք կարող ենք նորից ստուգում իրականացնել:
-Պարոն Ղուլյան, պաղպաղակի շուկայում հայտնաբերված խախտումները հիմնականում կապված են մակնշմա՞ն, ժամկետի՞, թե՞ այլ խնդրի հետ:
-Տարբեր են խախտումները: Իհարկե մակնշման հետ կապված բազմաթիվ խախտումներ եղել են: Բայց կան նաեւ խախտումներ կապված սանիտարահիգիենիկ պայմանների հետ:
-«Ժողովուրդ»-ի խմբագրությունը պարբերաբար զանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր մտավախություն ունեն կապված երեւանյան փողոցներում վաճառվող պաղպաղակի թարմության հետ:
-Փողոցում վաճառվող պաղպաղակը դա փողոցային առեւտուր է, որը մեր վերահսկողության դաշտում չէ: Իսկ իտալական եւ ֆրանսիական պաղպաղակները, որոնք նույնպես վաճառվում են նաեւ փողոցում, դրանք ներմուծված են: Մեր կողմից պահանջվում է պարտադիր ստուգել դրանց անվտանգությունը հավաստող փաստաթղթերը: Իսկ այն երկիրը, որը ռիսկային է համարվում, այդտեղից ներմուծված պաղպաղակը ենթարկվում է նաեւ լաբորատոր փորձաքննության: Ի դեպ, Հայաստան պաղպաղակ է ներմուծվում Իտալիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից: Այս տարի մոտ մեկ ամիս առաջ առաջին անգամ նաեւ ՌԴ-ից է պաղպաղակ ներկրվել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս