ԶՈԼՅԱՆ-ԱՇՈՏՅԱՆ. ԵՐՐՈՐԴ ՌԱՈՒՆԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն իր նախորդ համարներում տեղեկացրել էր, որ ՀՀ ԿԳ նախարարությունը ստուգումներ է անցկացրել Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, որոնց ժամանակ արձանագրվել են խախտումներ:
Երեկ հրապարակվեցին այդ խախտումները, որոնք դասակարգված են երեք խմբի:
1. Խախտումներ, որոնք վերաբերում են համալսարանի ռեկտորի կողմից հաստատված ներքին իրավական ակտերին: Մասնավորապես, «ուսանողների հեռացման` ազատման, վերականգնման, առարկաների վերահանձնման եւ կուրսի կրկնության կարգը», «ԵՊՀԼ անհատական ժամանակացույցով ուսուցման տրամադրման կարգը» հակասում են ՀՀ օրենսդրության եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին: ՀՀ օրենքներով նախատեսված չէ անհատական ժամանակացույցով ուսուցման ձեւ, սակայն համալսարանի ռեկտորի կողմից հաստատվել է կարգ, որով նախատեսվում եւ իրականացվում է անհատական ժամանակացույցով ուսուցում: Բացի այդ, նորմատիվ իրավական ակտերով նախատեսված չէ շրջանավարտներին ամփոփիչ ատեստավորման անբավարար արդյունքներով որակավորում չշնորհելու (դիպլոմ չտալու) դեպքում հետագա տարիներին ամփոփիչ ատեստավորմանը մասնակցելու սահմանափակում, այնինչ համալսարանի ռեկտորի կողմից հաստատված կարգով ամփոփիչ ատեստավորման անբավարար արդյունքներ ունեցող շրջանավարտները կարող են վերահանձնել ոչ ուշ, քան 5 տարի հետո եւ երկու անգամից ոչ ավելի:
2. Խախտումներ, որոնք վերաբերում են ՀՀ օրենսդրության եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին՝ ուսանողների տեղափոխությունների, հեռացումների, վերականգնումների, ակադեմիական արձակուրդների ձեւակերպման գործընթացների իրականացման ընթացքում: Օրինակ` կատարվել է ներբուհական տեղափոխություն առաջին կուրսում, բուհից բուհ տեղափոխություն առանց ակադեմիական տեղեկանքի, ձեւակերպվել է հետին թվով ակադեմիական արձակուրդ` առանց բժշկական տեղեկանքի, ակադեմիական արձակուրդը երկարաձգվել է եւս մեկ տարով, իրականացվել է անհատական գրաֆիկով ուսուցում՝ ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքի հիման վրա, կատարվել է ուսանողի վերականգնում առաջին կուրսի առաջին կիսամյակից, կատարվել է արտերկրի ուսումնական հաստատություններից տեղափոխություն` առանց համապատասխան հաստատությունից հարցման դրական պատասխանի:
3. Խախտումներ, որոնք կատարվել են դիպլոմների լրացման գործընթացում, ինչի հետեւանքով տրվել են գոյություն չունեցող մասնագիտություններով (օրինակ` անգլերեն եւ երկրագիտություն մասնագիտությամբ) դիպլոմներ:
Ի պատասխան` ԵՊԼՀ-ն գրությամբ դիմել է ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանին. «Եթե առաջիկայում պրն. Ռ. Սուքիասյանը չհերքի իր կողմից հնչեցրած «հայտնաբերված լուրջ խախտումների» վերաբերյալ հայտարարությունը, ԵՊԼՀ բարի համբավը արատավորելու համար բուհից ներողություն խնդրելու եւ ԶԼՄ-ներով հերքում տպագրելու հայցապահանջով ԵՊԼՀ-ն դիմելու է դատարան»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս