ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ՏԵՂ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չորաթան գյուղն ունի 320 առանձնատուն: Գյուղապետ Վարուժան Բաղմանյանի վկայությամբ` սահմանամերձ գյուղում գրանցված 1100 բնակիչներից փաստացի առկա է 850-ը: Տեղի միջն. դպրոցն ունի 110 աշակերտ: Ադրբեջանական հրետակոծությունից վնասվել եւ դեռեւս չեն նորոգվել Չորաթանի մշակույթի տան եւ գյուղապետարանի շենքերը: Սահմանամերձ գյուղում գործում է մանկապարտեզ, որտեղ հաճախում է 41 երեխա: Տնօրեն Մարիետա Սարուխանյանն ասում է, որ գյուղի նախադպրոցական տարիքի եւս քսան երեխա ցանկանում է մանկապարտեզ հաճախել, սակայն նրանց ընդունելու հնարավորություն չունեն, քանի որ հարկ կլինի նոր աշխատատակիցներ ընդունել, երեխաների սննդի համար հավելյալ ծախսեր կատարել: Ներկայում Չորաթանի մանկապարտեզն ունի տասնմեկ աշխատակից: Նախկինում ծնողներից երեխաների սննդի վարձ չէին հավաքում, սակայն այս տարեսկզբից սննդի համար ամսական հազար դրամ են գանձում: Սահմանամերձ համայնքի 2012թ. բյուջեն 16 մլն 178 հազար դրամ է, որից 12.2 մլն` պետական լրավճար: Համայնքի  սուղ բյուջեից 3 միլիոն դրամը հատկացվում է գյուղի մանկապարտեզին` աշխատողների աշխատավարձի, երեխաների սննդի գումարների եւ մանկապարտեզի պահպանման  ծախսերի համար: Ցավոտ է նաեւ մանկապարտեզի աշխատողների ցածր աշխատավարձերի խնդիրը: «Առավոտից իրիկուն աշխատում ենք, 25.000 դրամ աշխատավարձ եմ ստանում, սահմանամերձ գյուղի մանկապարտեզ է, պետք է պետբյուջեն ֆինանսավորի»,-ասում է մանկապարտեզի դաստիարակչուհի Օֆելյա Քալանթարյանը:
Մանկապարտեզի խնդիրը պետք է մտահոգի իշխանություններին: Սահմանագոտու մանուկները մայրաքաղաքի երեխաների նման արժանի են մանկապարտեզ հաճախելու, նախադպրոցական կրթություն եւ դաստիարակություն ստանալու: Մարդիկ սոցիալական դժվարին վիճակի, կուլտուր-կենցաղային վատթար պայմանների պատճառով են սահմանագոտուց արտագաղթում: Մինչդեռ սահմանամերձ տարածքի յուրաքանչյուր բնակիչ սահմանապահ զինվորի պես կարեւոր է: Չորաթանի բնակչությունը նվազում է  ոչ միայն արտագաղթի պատճառով: Գյուղապետարանի տվյալներով` 2011-ին Չորաթանում եղել է 12 ծնունդ, 17 մահ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս