Ռեժիսոր ԽԱՉԻԿ ԵՂՈՅԱՆԸ վաղուց դադարել է ընտրությունների գնալ, քանի որ չի հավատում, որ իր ձայնը կարող է որեւէ բան փոխել, նաեւ վիրավորված ու նեղացած է ղեկավարներից: Գալիք ընտրություններին էլ չի մասնակցելու, իսկ թե ինչու, հիմա կիմանանք:
-Երբ Սոս Սարգսյանն իր թեկնածությունը դրել էր նախագահական ընտրություններին, այդ ժամանակ եմ մասնակցել առաջին ու վերջին անգամ: Լեւոն Տեր-Պետրոսյանի` առաջին անգամ նախագահ ընտրվելը մեզ համար նոր ապագայի հույս էր, ոգեւորություն, ուրախ էինք, որ նոր երկիր ենք ստեղծում: Երկրորդ ընտրություններից հետո հուսախաբ եղա մինչ այսօր: Այս անգամ էլ չեմ գնալու ոչ մի ընտրության:
Հիշեցի, մի անգամ էլ գնացի, երբ անձնագրի մեջ փոքրիկ կնիքներ էին խփում: Այդ ժամանակ գործով պետք է Եվրոպա մեկնեի, մտածեցի` միգուցե խնդիր լինի, ու միայն այդ կնիքի համար գնացի: Չեմ գնացել, չեմ գնալու ու թող չասեն` չես գնում, ձայնդ կեղծում են: Թող իմանան, որ արհամարհում եմ:
-Դեմ եք բոլորի՞ն:
-Մի քիչ կոպիտ կհնչի, որովհետեւ խելացի մարդիկ շատ կան, պարզապես չեմ հավատում:
-Ինչի՞ն` մարդկա՞նց, թե՞ ընտրություններին:
-Արդար ընտրություններին: Իմ ձայնի ուժին չեմ հավատում: Ես ուրիշ կերպ եմ երկրիս համար լավ բաներ անում: Կանչում են ընտրության, գնում ես, բայց միեւնույն է, իրենց ուզածն է անցնում: Ես գլխաքանակի համար չեմ ծնվել ու ապրում:
-Կոպիտ ասած, չեք ուզում խամաճիկի դերում լինել:
-Ամբողջ կյանքս եմ խուսափել մարիոնետ լինելուց: Չեմ գնալու, մեր ղեկավարներից նեղացած, վիրավորված եմ:
-Ինչո՞ւ
-Որվհետեւ ես այսօր իմ հոր ու իմ վիճակն եմ տեսնում, դրա համար էլ վիրավորված եմ: Մարդ աշխատի 24 ժամ ու արդյունք չունենա՞:
-Ի՞նչ էիք սպասում ղեկավարներից, ի՞նչ պետք է մեզ համար անեին, որ չարեցին:
-Ասեմ: Օրեր առաջ մեքենայիս բենզինը վերջացավ հենց քաղաքի կենտրոնում, նստեցի տաքսի, գնացի բենզինի հետեւից: Էնպես չէր, որ չէի նկատել բենզինի վերջանալը, պարզապես մտածում էի` էս գործն էլ անեմ, էն գործն էլ անեմ… Թող մի օր մեր ղեկավարները հայտնվեն այդ տեսակ իրավիճակի մեջ, որ բենզինը վերջանա, կամ նստեն տաքսի ու տեսնեն տաքսիստների վիճակը: Մի քիչ շատ մանր բան ասացի, բայց հենց այս տեսակ բաների մասին չեն խոսում: Մանրուքներից է ամեն բան կառուցվում:
-Ինչի՞ց է կախված ամուր պետության հիմքը:
-Թող մի վայրկյան ժողովրդի մաշկի մեջ մտնեն, տեսնեն` հարմա՞ր է իրենց էդտեղ: Ու եթե սկսեն անհարմարություն զգալ, այդտեղ էլ երեւի որոշ լուրջ փոփոխություններ կանեն: Միգուցե մեր լավ վիճակից նաեւ մարդկանց մակարդակը բարձրանա: Նստած էի մի սրճարանում, որի պատին շատ սիրելի մարդու` կենդանի լեգենդ Էդուարդ Միրզոյանի հոբելյանական երեկոյի պաստառն էր փակցված, որն արդեն հասցրել էին նկարազարդել: Ինչ ասես նկարել էին, ու վստահ եմ, որ այդ նկարող ջահելությունը չի իմացել` այդ մարդն ով է: Այսօրվա աստղերի վրա կնկարեի՞ն: Չէին նկարի: Եթերով էլ ապուշ-ապուշ ասում են` ինչ պահանջում են, այն ենք տալիս: Մի հատ Սեւակի աշխատություններից մեկը կարդացե՛ք: Հանճարեղ է այն արվեստագետը, ով բարձրացնում է ժողովրդին իր մակարդակին: Եթե իջավ ժողովրդի մակարդակին, ինքը կործանվում է:
-Ինչպե՞ս եք վերաբերվում Ազգային Ժողովում արվեստագետների առկայությանը:
-Ես միայն Շուշանի մասին գիտեմ: Երբ Մաշտոցի այգում տեսա վրանների մեջ պառկած էրեխեքին, որոնք սառում էին, ցանկացա գնալ ու միանալ նրանց, բայց երբ տեսա, որ որոշ մարդիկ` հիմարներ, որ իրենցից բան չեն ներկայացնում, գնացել են ու իրենց են էնտեղ ցույց տալիս, բարկացա ու չգնացի: Ես նկարահանվելու համար չէի գնալու, այլ իմ երիտասարդ ընկերների կողքին լինելու: Կարծում եմ` հիմա նույն բանն անում են ԱԺ-ում, որոշ մարդկանց համար դա ուղղակի ճանաչման ինչ-որ տեղ է: Անկեղծ ասեմ, Շուշանի դեպքն այլ է, նման մարդիկ պետք են, ես հարգում եմ նրան:
-Ի՞նչ կարող է անել Շուշան Պետրոսյանն ԱԺ-ում: Մի ծաղկով գարուն կգա՞:
-Իհարկե կգա: Չե՞ք նկատել, որ հիմա մեքենայից քիչ են բան շպրտում դուրս: Որովհետեւ տարիների ընթացքում սովորեցինք, որ այդպես չի կարելի: Մարզպետունու ժամանակներից է եկել, երբ մի քանի տասնյակ մարդիկ հազարավոր բանակի հետ են կռիվ տվել: Եթե ոչ մի բան չանի առաջիկա տարիների ընթացքում, միգուցե իր խոսելով եթերը մաքրի աղբից: Եթե մշակույթի նախարար էլ տային իրեն, ես կողմ էի: Նրա մեջ ազգային մտածելակերպ կա:
շարունակելի
«ԻՄ ՁԱՅՆԻ ՈՒԺԻՆ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ