Այն, որ իշխող երեք կուսակցություններն էլ իրենց նախընտրական կարգախոսներով ժողովրդին խնդրում են հավատալ իրենց, ցույց է տալիս, որ այսօր Հայաստանում ցանկացած ֆինանսատնտեսական ճգնաժամից ավելի խորն է հավատի ճգնաժամը: Ու մարդկանց հավատը վերականգնելու համար միայն անիրականանալի խոստումներ չտալը քիչ է: Պետք է պարզապես դադարել ժողովրդին հիմարի տեղ դնել եւ չստել` գոնե այնպիսի հարցերում, որոնց պատասխանն ակնհայտ է: Օրինակ` երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Էջմիածնում ծնկի է իջել ընտրողների առջեւ` սեղմելու նրանցից ոմանց` իրեն պարզված ձեռքերը: Եւ այդ ընթացում նրա պիջակի տակից (քամու օգնությամբ) երեւացել է ոսկեզօծ ատրճանակը: Ինչ խոսք, սեփական ընտրողների հետ զենքով հանդիպման գնալն այնքան էլ դրական փաստ չէ ԲՀԿ առաջնորդի իմիջի համար, սակայն համաձայնեք, որ Ծառուկյանի իմիջի վրա էլ ավելի բացասական է անդրադառնում այն, որ վերջինս հայտարարում է, թե դա ոչ թե զենք էր, այլ ոսկեզօծ հեռախոս: Միգուցե նման բացատրություններով հնարավոր լիներ մարդկանց մոլորեցնել տարիներ առաջ, սակայն հիմա, երբ յուրաքանչյուր գործչի ամեն մի քայլը ֆիքսվում է բազմաթիվ ֆոտոխցիկների միջոցով, արդյո՞ք անիմաստ չէ ակնհայտ փաստերը հերքելը, չէ՞ որ նկարների վրա պարզ երեւում է, որ դա ոչ թե հեռախոս է, այլ ատրճանակ: Էլ չասած, որ ԲՀԿ առաջնորդի թիկնապահը դժվար թե շտապեր իր ղեկավարի պիջակի փեշը հետ բերել, որպեսզի «հեռախոսը» չերեւար: Այնպես որ, կարծում ենք, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե ԲՀԿ առաջնորդն ուղղակի ասեր, որ` այո՛, ինչքան էլ ինքը սիրում-հարգում է իր ընտրողներին, այնուամենայնիվ, նման մարդաշատ միջոցառումներում ավելորդ չէ սեփական անվտանգության մասին մտածելը: Ի վերջո, Ծառուկյանից շատ ավելի փոքր տրամաչափի գործիչներ են նման հավաքներին զենքով շրջում:
Հանրությանը «ֆռռացնելու» մեկ այլ ցցուն օրինակ է Մաշտոցի պուրակը: Երբ Աբովյան փողոցից ապամոնտաժված առաջին կրպակները հայտնվեցին պուրակում, ի պատասխան լրագրողների ահազանգին, Երեւանի քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարեց, որ այդ կրպակները չեն տեղադրվելու այգում: Այդպես էլ անհասկանալի մնաց` որն էր այդ կարճաժամկետ ստի իմաստը, եթե ընդամենը մի քանի օր անց ամեն ինչ պարզ էր դառնալու: Միգուցե եթե հենց այդ ժամանակ, կամ, որ ավելի ճիշտ կլիներ` ավելի վաղ` երբ Աբովյան փողոցից ապամոնտաժվում էին այդ կրպակները, Տարոն Մարգարյանն ազնվորեն ասեր` սիրելի՛ քաղաքացիներ, Աբովյան փողոցը մաքրում ենք, բայց ստիպված մի քանի տարով այդ կրպակները պիտի դնենք Մաշտոցի պուրակում, գուցե այդ ժամանակ երեւանցիներն ըմբռնումով մոտենային քաղաքապետի որոշմանը:
Ի վերջո, քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ հանրությունը գերադասում է ընդունել ոչ այնքան ցանկալի ճշմարտությունը, քան բացահայտ սուտը: Մի՛ ստեք:
ՄԻ՛ ՍՏԵՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ