«ՆՈՒՇԻԿՅԱՆ» ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ԳԱԼԻՍ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի որ ապագա խորհրդարանում նախատեսվում է շոու բիզնեսի աստղերից մեկի մուտքը, հետեւաբար նրան օծանելիք, բուրմունք ու գովազդային վահանակներ են պետք: Երեւի հենց այս նպատակով էլ «Նուշիկյան» ասոցիացիայի ղեկավար Գարեգին Նուշիկյանը որոշել է դառնալ պատգամավոր ու խորհրդարանական կանանց բուրավետության հարցերը լուծել: Գ. Նուշիկյանին, ասում են, դեպի խորհրդարանի ճանապարհը բռնելու միտքը հուշել է իր խնամի Աղվան Հովսեփյանը, ով, զգալով, որ հողը սկսել է երերալ իր ոտքերի տակ, ցանկանում է խորհրդարանում աջակիցներ ունենալ: Դե, հարազատ խնամուց լավ էլ ո՞վ կարող է նրան սատարել ու աջակցել:
Եթե Աղվան Հովսեփյանը կարդար Գարեգին Նուշիկյանի կենսագրությունը, գուցե խորհուրդ տար այն մի քիչ ծաղկեցնել, քանի որ նման աղքատիկ ու խղճուկ կենսագրությամբ պատգամավոր ու քաղաքական գործիչ չեն դառնում: Իհարկե, Աղվան Գառնիկիչը հայտարարում է, որ ինքը որեւէ կապ չունի ընտրությունների հետ, ինքն ու Նուշիկյանն ընդամենն ընդհանուր թոռնիկներ ունեն: Մինչդեռ «չար լեզուներն» ասում են, որ Աղվան Հովսեփյանը քիչ ջանքեր չի գործադրել` խոչընդոտելու Խաչատուր Սուքիասյանի առաջադրմանը: Միամտություն կլիներ կարծել, թե նա տեղյակ չի եղել, որ Սուքիասյանին տեղեկանք չեն տրամադրել վերջին հինգ տարիներին Հայաստանում մշտական բնակության մասին: Բայց մենք չենք ուզում կասկածի տակ առնել մեր ամենաարդարադատ ու քաղաքական ինտրիգներից հեռու գլխավոր դատախազի ազնվությունը: Մարդը սիրում է իր թոռնիկին, իսկ նրա մյուս պապի համար պատասխանատու չէ: Ու եթե վաղը հանկարծ Նուշիկյանը պատգամավոր չդառնա, Աղվան Գառնիկիչը կասի, որ ինքը քաղաքականության հետ կապ  չունի…
51-ամյա Գարեգին Նուշիկյանը երեւանցի է, այսինքն` ծնվել է Երեւանում: Քաղաքի կենտրոնում են ապրել, այդ պատճառով էլ ավարտել է թիվ 1 միջնակարգ դպրոցն ու ընդունվել Երեւանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտ: Մեծ փողերի հետ գործ ունեցող Գարեգին Նուշիկյանը չի սիրում մանր-մունր թվեր, այդ պատճառով էլ նա իր կենսագրության մեջ չի նշում, թե երբ է ավարտել, երբ է ընդունվել, երբ է սկսել աշխատանքային գործունեությունը կամ ինչու չի ծառայել խորհրդային բանակում: Երեւի` տնտեսագետի դիպլոմ ստացած մարդուն ծառայությունը հակացուցված է եղել:
Ինստիտուտն ավարտելուց հետո տեղավորվել է ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության հաշվողական կենտրոնում եւ աշխատել որպես տեխնիկ: Պատկերացնո՞ւմ եք` տնտեսագետը տեխնիկ: Բայց Նուշիկյանին չէր հետաքրքրում, թե ինչ է աշխատում, կարեւորն այն էր, որ բանակ չգնար ու տեղավորվեր մայրաքաղաքում եւ այն էլ` մինիստրությունում: Երեւի այդտեղ է ծանոթներ ունեցել հայր Նուշիկյանը: Չգիտենք, թե ինչքան է տեւել մեր հերոսի` տեխնիկի կարիերան, սակայն այնուհետ նա տեղափոխվել է Կլարա Ցետկինի անվան կարի ֆաբրիկա: Թե որպես ինչ է աշխատել, դարձյալ չգիտենք: Գուցե կարող կամ ձեւող, ո՞վ գիտի… Բայց կարի ֆաբրիկայից հետո աշխատանքի է անցել Հայաստանի մատակարարման պետական կոմիտեում, աշխատել որպես ճարտարագետ, ապա վարչության պետ: Թե ինչպես է տնտեսագետը ճարտարագետ աշխատել, էլի անհայտ է: Այս մարդու կենսագրության մեջ ամեն ինչ մշուշված է, գաղտնիքներով պատված: Եւ ակամայից սկսում ես կասկածել, թե արդյոք նա աշխատել է հիշյալ կազմակերպություններում, արդյոք այն պաշտոններն է վարել, որոնք նշել է իր կենսագրության մեջ:
Հստակությունները սկսել են ի հայտ գալ միայն 1993թ.-ից հետո, երբ սերտ կապեր հաստատելով ՀՀՇ-ի հետ, հաճախ հայտնվելով Վանո Սիրադեղյանի ու նրա շրջապատի կողքին` եղբոր հետ հիմնադրել է «Նուշիկյան» ասոցիացիան: Նուշիկյաններին միանգամից տրամադրվեցին քաղաքի կենտրոնական վահանակները, ամեն տեղ երեւացին նրանց ֆիրմային նշանները, անգամ բինգո ակումբների դռների վրա նկատվեցին Նուշիկյանների անունները: Մի Երեւան` մի Նուշիկյաններ:
Այս շրջանում` 1997թ., Գ. Նուշիկյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Հետաքրքիր է իմանալ, թե ինչ գիտական նորույթ է բերել Նուշիկյանը, ինչով է զարդարել մեր տնտեսագիտությունը: Բացի այդ, Նուշիկյանը դարձել է գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահության անդամ: Այսինքն` հնարավորություն է ստացել ժամանակ առ ժամանակ երկրի նախագահին, վարչապետին տեսնել… Ինչպես «Միմինո» ֆիլմում Մհեր Մկրտչյանն էր ասում` Иштояна увидишь…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս