ՀԱՐՑ. Քույրս ապում է Մեծամորում (1 շենք բն. 1), 88 տարեկան է, հաշմանդամ եւ ապրում է սոցիալական ծանր պայմաններում: Ապրելու եւ դեղեր գնելու համար նրան գումար է հարկավոր: Բանկում ավանդ ունի (1500 ռուբլի): Խնդրում եմ ասել, թե որտեղից եւ երբ կարող է ստանալ իր ավանդը:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ նախկին ԽՍՀՄ «Խնայբանկ»-ի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը նպաստառու ընտանիքում ընդգրկված անձանց համար իրականացվում է «2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով եւ ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ «Խնայբանկ»-ի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» համար 352-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:
Մասնավորապես` ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն 2005թ. հուլիսի 1-ից սկսած մինչեւ 2006թ. ապրիլի 1-ն անընդմեջ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների կազմում ընդգրկված այն ավանդատուները, որոնք նախկին ԽՍՀՄ «Խնայբանկ»-ի ՀԽՍՀ հանրապետական բանկում խորհրդային ռուբլով դրամական ավանդ են ներդրել մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներառյալ` ըստ սոցիալական խմբերի ստորեւ թվարկման հերթականության.
ա) 70 տարին լրացած եւ դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներ (անձիք),
բ) մինչեւ 70 տարեկան կենսաթոշակառուներ (անձիք),
գ) միայնակ կենսաթոշակառուներ,
դ) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ եւ նրանց հավասարեցված անձիք,
ե) ՀՀ պաշտպանության 1990-1994թթ. ընթացքում մարտական գործողություններին մասնակցած անձիք եւ նրանց ընտանիքների անդամներ, դրա հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած անձիք եւ նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաեւ զոհվածների ընտանիքների անդամներ,
զ) 1-ին, 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամներ,
է) ՀՀ պաշտպանության ժամանակ` 1990-1994թթ. ընթացքում, մարտական գործողություններից տուժած սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ,
ը) երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակիչներ:
շարունակելի
նախարարության սոցիալական աջակցության
վարչության պետ Ա. Մինասյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ սոցիալական այն խմբերը, որոնց հնարավորություն է տրվում խորհրդային «Խնայբանկ»-ում կորցրած գումարները ետ ստանալ, շատ են թվում, այսուհանդերձ, արդեն քանի տարի շարունակվող ավանդների վերադարձման գործընթացն աննշան թվով մարդկանց է հնարավորություն ընձեռել փոխհատուցում ստանալ: