ԵԹԵ ՄԵԿ ՕՐՈՒՄ 4-5 ՍԵՐԻԱ ԵՆ ՆԿԱՐՈՒՄ…
Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, անդրադառնալով իրենց թատրոնում տեղի ունեցող սերնդափոխության խնդրին, մասնավորապես նշեց, որ իրենք համարձակորեն տեղ են տալիս երիտասարդներին, թողնում, որ նրանք ազատ ստեղծագործեն, կայանան։
-Մեր թատրոնում միշտ էլ երեք սերունդները համերաշխ գոյատեւել են, օգնել միմյանց։ Իմ երիտասարդության տարիներին՝ 1970-ականներին, ավագ սերնդի դերասաններից մի քանիսը մտել էին մեր թատրոնի հիմնադիր, մեծանուն ռեժիսոր, լուսահոգի Հրաչյա Ղափլանյանի աշխատասենյակը (ի դեպ, հենց այն սենյակը, որտեղ հիմա զրուցում ենք) եւ զեկուցել նրան. «Հրաչյա Նիկիտի՛չ, Խանդիկյանը թատրոնում թատրոն է ստեղծում, ինչի՞ մասին եք մտածում»։ Ղափլանյանը կանչեց ինձ, հարցրեց. «Ա՛յ տղա, այս ի՞նչ են ասում. թատրոնում նոր թատրո՞ն ես ստեղծում»։ «Նիկիտի՛չ, կարծում եմ, որ դա թատրոնի վաղվա օրն է»,-համարձակ պատասխանեցի ես։ Եվ… Եվ Ղափլանյանը հանգիստ ասաց. «Ա՛յ տղա, ճիշտ ես ասում։ Գնա՛, գնա՛, ինչ որ պիտի անես, արա՛»։ Այսօր արդեն ես եմ հրահրում, որ թատրոնում թատրոն ստեղծվի։ Ժամանակին Սոս Սարգսյանի առաջարկությամբ ես հավաքեցի ռեժիսորական կուրս, նա էլ գնաց այն զիջմանը, որ բոլոր մասնագիտական դասերն անցնեն թատրոնում՝ սկսած բեմի մեքենավարից մինչեւ ատաղձագործի, դերասանի, ռեժիսորի աշխատանքը։ Արդեն չորրորդ կուրսում են, շուտով ավարտելու են… Գրիգոր Խաչատրյանի դերասանական կուրսն է արդեն համալրում թատրոնի շարքերը, ոմանք նույնիսկ աշխատավարձ են ստանում։ Այնպես որ, երիտասարդները շատ են։
-Սերիալները մնում են քննարկման թեմա, եւ ոմանք վատ սցենարի, վատ ռեժիսուրայի համար էլ են դերասանին մեղադրում։ Ըստ Ձեզ՝ դա ճի՞շտ է։
-Կարծում եմ՝ եթե շատ թույլ գործ, սցենար է ներկայացվում դերասանին, նա պիտի այդ օրվա հացից զրկվի, բայց հրաժարվի այդ դերը խաղալուց։ Մեր թատրոնի գրեթե բոլոր դերասանները, ովքեր ցանկանում են նկարահանվել որեւէ սերիալում, գալիս, ինձնից կարծիք են հարցնում։ Ես բոլորին ասում եմ՝ եթե կարող եք, թատրոնի լավը տարե՛ք այնտեղ, բայց այնտեղի վատը չբերեք այստեղ. ես դա պարզապես չեմ ընդունի։ Այսինքն՝ չեմ ընդունի այդ որակները, որոնք հաճախ ներկայացվում են սերիալներում։ Թող լինեն սերիալները, անցումային պահ է, դրանք աստիճանաբար պետք է որակյալ դառնան: Սակայն, ցավոք, հակառակն ենք տեսնում։ Եթե մեկ օրում 4-5 սերիա են նկարահանվում, դերասանն ի՞նչ կարող է պահանջել, հազիվ հասցնում է նկարահանվել։ Ցավոք, կան հեռուստաընկերություններ, որոնք դերասանի հետ կազմած պայմանագրում գրում են, որ նա իրավունք չունի չհամաձայնել իրեն տրվող հրահանգի կամ ներկայացվող տեքստի հետ։ Փաստորեն, դերասանն ստիպված է լինում անել այն, ինչ իրեն ասվում է։
-Ընդհանրապես, ինչպե՞ս են իրացվում թատրոնների տոմսերը։ Օրինակ՝ դպրոցներում արգելված է տոմսերի վաճառքը։
-Տոմսերն առաջին հերթին իրացվում են մեր տոմսարկղով։ Մենք նաեւ տոմսի տարածողներ ունենք, ովքեր, իհարկե, տոկոս են վերցնում։ Պայմանագիր ունենք մի ընկերության հետ ու ինտերնետի միջոցով ենք սկսել տոմս վաճառել։ Ինչ վերաբերում է դպրոցներին, կարծում եմ՝ պիտի լուծել այդ հարցը։ Դպրոցականը պետք է գա թատրոն, սովորի այդ ճանապարհը, հասկանա՝ ինչ է թատրոնը, դա նրան պետք կգա ամբողջ կյանքում։ Եվ այստեղ միայն տոմսի վաճառքի հարցը չէ, որը գուցե մեզ համար առաջնահերթ է, բայց գլոբալ իմաստով այդպես չէ։ Կարեւորը դպրոցականին արվեստի, թատրոնի հետ կապելն է։ Եվ երեխան մեղք չունի, եթե թատրոնից գաղափար չունի, մեղավորը մենք ենք՝ ծնողներս, այսօրվա մեծահասակներս։ Օրինակ՝ համալսարանի հետ համագործակցության ծրագիր ունենք, տոմսերը զեղչով ենք վաճառում, գալիս են, դիտում ներկայացումը, որից հետո մի 10 րոպե ընդմիջում է լինում, ապա սկսվում է թեժ քննարկումը։ Դահլիճում ուսանողները, դասախոսներն են, բեմում՝ ներկայացումն ստեղծողները, դերակատարները։ Դահլիճից այնպիսի փայլուն մտքեր են հնչում… Իսկ ընդհանրապես այսօր թատրոնի հանդիսատեսի թիվն ապահովում են հայ օրիորդը, հայ մայրը, հայ տատիկը։ Եթե դռան մոտ կանգնեք ու հաշվեք, տասից ութը կանայք կլինեն։ Ընդ որում, նրանք երբեմն գալիս են իրենց փոքրիկների հետ, ու չես կարող ներս չթողնել։ Երբեմն այնպես է պատահում, որ մեր ադմինիստրատորները ներքեւի սենյակում զբաղեցնում են երեխային, մինչ նրա մայրը դիտում է ներկայացումը:
Զրուցեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ
ՀԵ՜Յ, ՃԱՄՓԱՆԵ՛Ր, ՃԱՄՓԱՆԵ՛Ր
Այսօր` փետրվարի 19-ին, Մեծ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Ու արդեն քանի տարի է` այն նշվում է նաեւ որպես գիրք նվիրելու օր։ Մենք էլ այսօր մեր ընթերցողներին կնվիրենք Թումանյանի քառյակներից:
Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներս ո՞ւր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լո՜ւռ կորան:
* * *
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում:
* * *
Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,
Քանի օրվա հյուր ընկանք.
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք:
* * *
Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:
* * *
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ
Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ
կամկար,
Ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամփան:
* * *
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղա՛ղ անցիր, ուրա՛խ անցիր երկու օրվան էս ճամփեդ:
* * *
Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վռազ եղավ, անցկացավ.
Վռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
Կյանքս թեթեւ տանուլ տված գրազ եղավ, անցկացավ:
* * *
Խայամն ասավ իր սիրուհուն. «Ոտքդ զգույշ դիր հողին,
Ո՜վ իմանա` որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի…»։
Հե՜յ, ջա՜ն, մենք էլ զգույշ անցնենք,
ո՜վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում,
թե՞ հուր լեզուն Խայամի:
* * *
Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ինչքա՜ն է դեռ մնում,
Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ինչքա՜ն շատ ես տվել ինձ,
Ինչքա՜ն շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:
Ռ. Թ.
ԼՈՒՐԵՐ
«ԹԵՎԱՆԻԿ»
Արցախի ազատամարտի մասին նկարահանված հայ-լատվիական համատեղ արտադրության «Թեւանիկ» ֆիլմը կինոսերների դատին կհանձնվի այս տարվա մայիսին: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմում Արցախյան պատերազմը ներկայացված է 3 երեխաների ողբերգությամբ: Ֆիլմում նկարահանվել է նաեւ Սոս Ջանիբեկյանը:
«Թեւանիկ»-ի համար երաժշտություն է գրել լատիշ կոմպոզիտոր Յոնաս Յուրկունասը: Այս հանգամանքն անարձագանք չի թողել Ադրբեջանի ԱԳՆ-ին, որը Լատվիայում իրենց երկրի դեսպանատանը եւ Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությանը հանձնարարել է զբաղվել ֆիլմում լատվիական ստեղծագործական կոլեկտիվի մասնակցության հարցով: Ազերիներին վրդովեցրել է նաեւ այն հանգամանքը, որ Լատվիայի դպրոցներում աշակերտներին սովորեցնում են, թե Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսեթիան եւ Աբխազիան անկախ պետություններ են:
ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եվա Բաղդասարյանը, Սեդա Սերոբյանը եւ այլ մոդելներ օրերս երեւանյան սրճարաններից մեկում մասնակցել են նորաձեւության շոուի` ցուցադրելով երիտասարդ դիզայներ Ալիսա Հարությունյանի հեղինակած զգեստները: Միջոցառման հյուրերի թվում են եղել Ֆելիքս Խաչատրյանը, A. Chilla-ն, Տաթեւ Սարգսյանը եւ ուրիշներ: Երեկոյի երաժշտական մասը վստահված է եղել «Հայաստանի ձայնը 2» նախագծի մասնակիցներ Վիգեն Ահարոնյանին, Լուսինե Քոչարյանին եւ Արմեն Հովհաննիսյանին: Ալիսա Հարությունյանն իր հավաքածուն անվանել է «Հավերժություն»: Միջոցառման կազմակերպիչն է «Armenian Fashion Week»-ի փոխնախագահ Արմինե Ջաղարյանը:
ԼՈՂԱԶԳԵՍՏՈՎ ՈՒ ԽԱԼԱԹՈՎ
Ամերիկյան երգչուհի Ռիհաննան միշտ տարբերվել է բավականին տարօրինակ հագուստի ոճով: Վերջերս՝ իր ընկերներից մեկի տարեդարձին, նա հայտնվել է լողազգեստով, երկար խալաթով ու գլխարկով: Թեեւ պետք է նկատել, որ երգչուհու կատարյալ կազմվածքը հրաշալի է դիտվում ցանկացած հագուստի մեջ: Նա հիանալի ատլետիկ տեսք ունի եւ իրեն կարող է նման հանդերձանք թույլ տալ: