խոսքի ազատության վիճակի մասին եռամյսակային զեկույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այսօր ներկայացրեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի և ԶԼՄ-ների ու լրագրողների իրավունքների խախտումների մասին եռամսյակային զեկույց, որտեղ անդրադարձել է ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխություններին ու գործընթացներին:
Կոմիտեի կողմից առանձնակի ուշադրության է արժանացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը, որը հաստատվեց 2012թ-ի հունվարի 31-ին:”Մարտի 15-ի հերթական նիստին ԿԸՀ-ն, հաշվի առնելով լրագրողական հանրության հնչեցրած մտահոգությունները, փոփոխություն մտցրեց այդ կարգում”,- տեղեկացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Վերջինս անդրադարձավ նաև “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքին, որը ընդունվել է ԱԺ-ի երրորդ ընթերցմամբ: Օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ կետով նախատեսվում է այդ ռեժիմի պայմաններում խոսքի ազատության սահմանափակում:”Օրենքի մասին խոսելիս բոլորիս մոտ ասոցացվում է 2008թ-ը, երբ նախագահական ընտրութուններից հետո արտակարգ դրություն հայտարարվեց: Այդ օրերին բացահայտ գրաքննություն մտցվեց, որը ոչ միայն օրենքով սահմանված չէր, այլև հրամանագրով չէր սահմանված”,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Որպես եռամսյակում կատարված դրական երևույթ՝ Աշոտ Մելիքյանն առանձնացրեց այն, որ ԱԺ-ն շրջանառության մեջ է դրել “Հեռուստատեսության և ռադիոյի մասին” ՀՀ օրենքում փոփոփխություններ իրականացնելու նախագիծ: Այդ աշխատանքներին ներգրավել են “Երևանի մամուլի ակումբը”, “Ինտերնյուս” հասարակական կազմակերպությունը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:
“Մենք կարծում ենք, որ այս ոլորտում շատ անելիքներ ունենք և պետք է անենք ամեն ինչ՝ օրենքը ավելի լավը դարձնելու համար”,-ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:




Լրահոս