«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ 2012-ի մարտի 24-ին ազատվել են ոչ թե 35, այլ 26 աշխատակիցներ` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի: Հաստիքների կրճատվելու պատճառներն են` անձնակազմի ուռճացված լինելը, որոշ հաստիքների գործառույթների վերանալը, հաշմանդամությունը, գիտական պաշտոնների անձնագրերին աշխատակիցների անհամապատասխանությունը, ինչպես նաեւ կենսաթոշակային տարիքը: «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտության գծով տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանը մեզ վստահեցրեց. «Սույն թվականի մարտի 24-ից առ այսօր ոչ մի նոր մարդ դեռ աշխատանքի չի ընդունվել»: Սակայն միաժամանակ հակասեց իրեն` նշելով, որ արդեն նոր գլխավոր գիտաշխատող ունեն:
Վ. Գուլանյանի խոսքերով` «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտության բաժնում այսուհետ նեղ մասնագետ է աշխատելու` գիտությունների թեկնածու, միկրոկենսաբան Հերբերտ Վարդանյանը. ««Նարինե»-ի ստեղծման օրվանից աշխատում է այդ մարդն ու այսօր մեզ մոտ աշխատելու է որպես հիդրոկենսաբան, բնականաբար, բարձր կվալիֆիկացիայով»:
«Ժողովուրդ»-ը Վ. Գուլանյանից փորձեց պարզաբանել, թե ինչու են ազատվել գիտության բաժնի աշխատակիցները. «Գիտության բաժնում ուղղակի մասնագետների որակավորման բարձրացման խնդիր է դրվել, որը խորհուրդով, գործող օրենսդրությամբ, ամեն ինչով լրիվ իրավական դաշտում է: Նաեւ գիտության բաժնի գլխավոր մասնագետը պետք է լինի նեղ մասնագետ` ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձով: Կրճատվածները չեն համապատասխանում այդ կվալիֆիկացիային»:
27-ամյա ղեկավարի համոզմամբ` «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը երբեւէ չի «շնչել». «Այդ հիմնարկը վերջապես գիտահետազոտական հիմնարկ է, ունիվերսալ լաբորատորիա ենք ստեղծել, հետազոտություններ ենք անում: Ճահճից պետք է դուրս բերենք չէ՞, ի վերջո»: Երկար տարիներ շարունակ որեւէ գիտական հետազոտություն չի իրականացվել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, եւ հիմա 27-ամյա երիտասարդը փորձում է փոփոխություններ անել` աշխատանքից ազատելով գիտաշխատողներին: «Մասնագետներ չենք ունեցել, գիտությունը բանի տեղ չեն դրել, որեւէ մեկին պետք չի եղել»,-անկեղծացավ տնօրենի տեղակալը` նկատելով, որ փոփոխություններն իրականացնելու պահն արդեն հասունացել է:
Նա պնդում է, որ ազատված աշխատողների հանդեպ իրենք որեւէ պարտավորություն չեն կրում. «Թող աշխատեին իրենց վրա»: Սա ասում է ՊՈԱԿ-ի գիտության բաժնի 27-ամյա ղեկավարը, որը, ըստ իր խոսքերի, ունի արտասահմանյան ինստիտուտների հետ համատեղ տպագրած 20-ից ավել հոդվածներ: «2 տարվա մեջ աշխատել եմ ինձ վրա եւ հասել մի մակարդակի, որ այսօրվա գոյություն ունեցող գիտական հետազոտությունների շուկայում մրցունակ մասնագետ եմ»,-ինքնագոհ ասաց Վ. Գուլանյանը` ընդգծելով, որ որեւէ մեկին հանելու կամ ինչ-որ հարց լուծելու խնդիր չի եղել:
Իսկ գեոդեզիստի կրճատման վերաբերյալ տնօրենի տեղակալը պնդեց, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը նման գործունեություն չի ծավալում: «Իրավունք էլ չկա օրենքի տեսանկյունից, լիցենզիա է պետք դրա համար: Այդ մասին թող մտածի գեոդեզիայի ինստիտուտը»,-հայտարարեց նա` զարմանալով, թե ինչու են այսքան ժամանակ պահել գեոդեզիստին: Նրա խոսքերով` «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը երբեւէ լիցենզիա չի ունեցել. «Ազգային պարկի ինչի՞ն է դա պետք»: Հիշեցնենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենը նախկինում հայտարարել էր, թե «ազգային պարկին երեք գեոդեզիստ է պետք»:
ՀՀ ԲՆ աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը տեղյակ էր «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ազատված աշխատակիցների մասին: «Մենք տեղեկացանք այդ մասին կատարվածից հետո: Նա նման նկատառումներ ունեցել է, բայց մենք ասում էինք, որ պետք չէ փոփոխություն անել»,-մեզ հետ զրույցում ասաց Էդգար Փիրումյանը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին հողաշինարար, ԵԿՄ մարզային կառույցի փոխնախագահ Ռոբերտ Ավագյանի հետ, ով համոզված է. «Ազգային պարկը խեղճերի, մեղքերի տեղ չէ, այստեղ աշխատանքային տեղ է, հանրապետության համար էլ բնապահպանական խնդիրներ է լուծում»: Նրան առաջարկել էին տեսուչի աշխատանք, որից հրաժարվել է:
28 տարվա բնապահպանը պնդում է, որ մարդը պետք է լինի նախ բնապահպան, որպեսզի գնահատի բնապահպանության մեջ մարդկանց վաստակը, կարողություններն ու կրթությունը:
«ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ»-ՈՒՄ ԷԼԻ ԽԱՌՆԱՇՓՈԹ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ