ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում

Երեկ՝ ժամը 10:02-ի սահմաններում Մարտունու տարածաշրջանի Երանոս համայնքում տեղակայված գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորված աշխատակիցը` Բաբկենը, վիրահատության ժամանակ մահացել է: Պայթյունի հետեւանքով տուժել է նաեւ վարորդը` Սարգիսը: Նրա վիճակը ծանր է: Այս իրավիճակը հերթական անգամ փաստում է, որ անվտանգության կանոնները գազալցակայաններում այնքան էլ պատշաճ չեն պահպանվում: Երբեմն ԱԳԼՃԿ-ներում հաճախորդներ հրապուրելու համար մեքենան նորմայից ավելի են լիցքավորվում, ինչն անթույլատրելի է:

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, ո՞ր դեպքերում է քաղաքացուն հաշմանդամության անժամկետ խումբ տրվում։ Այսինքն՝ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։

Հայկ Բադալյան (59 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հաշմանդամության անժամկետ խումբ սահմանվում է՝
ա) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում,
բ) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում),
դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում։ (Հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.03 թվականի թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 31 կետ):

Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ անժամկետ հաշմանդամ ճանաչված հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու, նրա հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում, ինչպես նաեւ դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ։

 

 
ՀԱՐՑ. Կա՞ն դեպքեր, երբ թույլատրվում է մինչեւ 63 տարին լրանալը ստանալ կուտակային միջոցները։ Եթե այո, ապա խնդրում եմ նշել՝ որոնք են դրանք։

Ալիսա Մանուկյան (34 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքով նախատեսված է 4 դեպք, երբ հնարավոր է նախքան 63 տարեկանը լրանալը միանվագ ամբողջությամբ ստանալ կուտակային միջոցները: Դրանք են՝
1) մասնակիցն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ,
2) մասնակիցն առողջական ծայրահեղ ծանր վիճակում է եւ հիվանդ է կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որը հավաստվում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությամբ,
3) ՀՀ քաղաքացի մասնակիցը մշտական բնակության նպատակով մեկնել է օտարերկրյա պետություն, եւ դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
4) ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր:
Վերը նշված 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները հօգուտ մասնակցի փոխանցվում են համապատասխան օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով: Եթե համապատասխան օտարերկրյա պետությունում անձը չի մասնակցում կուտակային կենսաթոշակային համակարգի, ապա նա իր միջոցները կարող է ստանալ բացառապես 63 տարեկանը լրանալուց հետո:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը ներկայացված է բավականին պարզ, բայց պետք է նշել, որ օրենքը քաղաքացիներին թույլ է տալիս ստանալ կուտակային միջոցները, մեղմ ասած, ծայրահեղ դեպքերում:




Լրահոս