ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կից հասարակական խորհրդի երեկվա նիստին ներկա էին նաեւ սիրիահայ գործարարներ, որոնք ներկայացրին Հայաստանում մրցակցային դաշտի հետ կապված իրենց մտահոգությունները:

Նշենք, որ ՏՄՊՊՀ հասարակական խորհրդում ներգրավվել են նաեւ սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոններ, որոնց ներկայացուցիչները, այդ թվում եւ` սիրիահայ գործարարներ, այսուհետ կմասնակցնեն խորհրդի նիստերին:
Մասնագիտությամբ ոսկերիչ-արծաթագործ Կարո Դադաղյանն արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում է ապրում: Շուրջ երեք ամիս է՝ նա այստեղ աշխատում է որպես արծաթագործ: «Փորձում ենք մի բան անել: Դեռ տակավին մենք նոր ենք, որ սովորենք երկրի վիճակը, կառուցվածքը: Բայց շատ տարբերություն կա Հայաստանի եւ մեր ապրած Սիրիայի մեջ: Այնտեղի բնակչությունը թվով շատ էր, իսկ այստեղ՝ քիչ: Այստեղի շուկաները սահմանափակ են: Դեռ ինչ-որ չափով ծանոթ չենք այստեղի պայմաններին, բայց ինչքան էլ որ ծանոթանանք, մեզի համար միշտ էլ նորություն կա: Ամենակարեւորն ապրանքի սպառումն է, որը քիչ է, քանի որ շուկան սահմանափակ է»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց արծաթագործը:
Երիտասարդ սիրիահայ Հարութ Փափազյանը պատրաստվում է Երեւանում ջինսերի արտադրությամբ զբաղվել: «Մենք խոշոր չափի ապրաքն ենք արտադրելու, բայց խնդրի առաջ ենք կանգնել, քանի որ հագուստը կարող մեքենայի մասը փչանալու դեպքում համապատասխան սարքավորումներ չկան Հայաստանում, եւ պետք է այլ երկրից բերենք: Մեխանիկական, էլեկտրական մասեր, դրանք որ փչանում են, մենք փաստի առաջ ենք կանգնում»,-նկատեց Հարութը՝ տեղեկացնելով, որ ինքը Սիրիայում նույնպես կտորի արտադրամաս է ունեցել: «Հիմա չեմ կրնա Սիրիան համեմատել Երեւանի հետ, այն մեծ երկիր էր, ուներ մեծ բնակչություն, կապ կար դրսի՝ արաբական երկրների շուկայի հետ: Իսկ այստեղ՝ Երեւանում, սահմանափակ, փոքր շուկա է, բայց հուսով ենք, որ նորից Երեւանի դռները կբացվեն, եւ մեծ երկրների հետ կկարողանանք նույն գործն այստեղ անել ու զարգացնել»,-նշեց երիտասարդ գործարարը:
«Խնկիկյան էլեկտրոնիկս»-ի սեփականատեր եւ տնօրեն Շանթ Խնկիկյանի խոսքով՝ իր ընկերությունը Հայաստանում դեռեւս 2012-ից է գործում, իսկ Սիրիայում այն 40 տարվա պատմություն է ունեցել: Ընկերությունը զբաղվում է էլեկտրասարքավորումների արտադրությամբ եւ վերանորոգման ծառայությունների իրականացմամբ: Երիտասարդ գործարարի կարծիքով՝ Հայաստանում յուրաքանչյուրը մտածում է ոչ թե որպես արտադրող, այլ ավելի շատ որպես վաճառական: «Դրա համար արտադրանք չկա Հայաստանում, քիչ է: Եթե դյուրություններ ըլլա արտադրողների համար, եւ ստեղծվեն հատուկ օրենքներ, ինչպես Սիրիայում էր, ապա արտերկրից էլ կգան Հայաստան ու այս երկիրը կզարգացնեն, արտադրամասեր կստեղծվեն, աշխատատեղեր կբացվեն: Սիրիայում, անշուշտ, ավելի լավ էր, որովհետեւ ներքին շուկա կար: Դյուրին էր ապրանքը վաճառել, իսկ Հայաստանի մեջ դա չկա»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգ ասաց Շանթը:
Իսկ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսան Քարադանայանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ փոքր երկրում շատ ավելի դժվար է արտադրություն սկսել: «Սիրիայում եթե մարդը ցանկանում էր նոր բիզնես սկսել, պետությունը երկարաժամկետ ու խոշոր չափի վարկեր էր տրամադրում»,-նշեց Քարադանայանը: Նրա պատմելով՝ Սիրիայում նախկինում մեծ արտադրություն ունեցող գործարարները, որոնք այսօր Հայաստանում են, չեն կարողանում բիզնես սկսել նյութական պատճառներով, ինչի համար էլ մեկ-երկու ամիսների ընթացքում սիրիահայ արտադրողներն ու գործարարները միություն են հիմնելու, որը մանրամասն կզբաղվի նրանց խնդիրներով. «Այստեղ արտադրությունը շատ է բարդանում թղթաբանություններով, մաքսերով, հարկերով: Մարդիկ նախընտրում են առեւտրով զբաղվել, քան թե արտադրությամբ: Ձգտում են նույն ապրանքը դրսից բերել, քան արտադրել: Անշուշտ, պետությունը պետք է օրենքներ ունենա, որով Հայաստանի արտադրողներին կպաշտպանի թե՛ գնային, թե՛ շուկայի առումով»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՐԶԵՐ

 

ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ մարզի բնակչությունը կազմում է 132 հազար մարդ: Նշենք, որ 2 տարի առաջ, ըստ նույն կայքի, մարզի բնակչությունը 134 հազար էր: Սակայն այս թիվն էլ չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ինտերնետային կայքում (www.armstat.am) հրապարակված տեղեկության համաձայն՝ 2014թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բնակչության թիվը կազմում է 3 միլիոն 17 հազար 400 մարդ: Իհարկե, այս թիվը կասկած է հարուցում, սակայն անդրադառնանք Տավուշի մարզի ժողովրդագրական տվյալներին: Ըստ նույն ծառայության՝ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզի բնակչության թիվը եղել է 128 հազար 300, 2014թ. հունվարի 1-ին՝ 127 հզ. 600 մարդ: Այսինքն՝ մեկ տարում մարզի բնակչությունը նվազել է 700 մարդով: Անցած մեկ տարում Տավուշի մարզի բնակչության հավելաճը 1000 բնակչի հաշվով կազմել է 1,4: Սա հանրապետության մարզերի մեջ ամենացածր ցուցանիշն է: Մի քանի օրից՝ փետրվարի 26-ին, կլրանա Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի պաշտոնավարման 15 տարին: Մարզպետը պարբերաբար վերադասներին ներկայացնում է մարզի տնտեսության վիճակի մասին գունազարդ պատկեր: Սակայն իրականությունը մռայլ է. բնական հավելաճի փոքր թվի հետ կա նաեւ արտագաղթ՝ հիմնականում ՌԴ: Սահմանամերձ մարզի բնակչության շարունակվող նվազումը պետք է լուրջ ահազանգ լինի իշխանությունների համար:

 
ԻՆՔՆԱԿԱՄ ԼՔԵԼ Է

Երեւան քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Հարություն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինվորական դիրիժոր, կոչումով ավագ լեյտենանտ, պարտավոր լինելով 2013թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան ներկայանալ ծառայության, ժամանակին չի եկել եւ միայն հաջորդ օրն է ներկայացել զորամաս: Նույն կերպ պարտավոր լինելով 2013թ. հոկտեմբերի 14-ին ներկայանալ ծառայության, նա առանց հարգելի պատճառների չի ներկայացել եւ զորամաս է եկել միայն հոկտեմբերի 16-ին: Նա նման կերպ է վարվել նաեւ դեկտեմբերի 9-ին: Այսպիսով` Պապիկյանը 3 ամսվա ընթացքում 3 անգամ, մեկ ժամից մինչեւ 3 օր տեւողությամբ, առանց հարգելի պատճառների, զորամաս չի ներկայացել: Նրան մեղադրանք է առաջադրվել 361-րդ հոդվածի 4-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, որը կատարվել է սպայի կամ ենթասպայի կողմից): Այդ հոդվածով բնութագրված արարքը պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Սույն գործով դատավարությունը կկայանա Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

 

 
ՌՈՒՍԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈ՞ՒՆ

 

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի տասներեքերորդ օրը Նորվեգիայի օլիմպիական թիմը եւս մեկ ոսկե մեդալ նվաճեց, այս անգամ՝ դահուկային երկամարտում: ԱՄՆ-ի թիմը նույնպես ոսկե մեդալ ստացավ եւ ընդամենը երկու մեդալով է հետ մնում նորվեգացիներից, ինչպես եւ` Գերմանիայի թիմը: Ռուսաստանի հավաքականն էլ ոսկե մեդալ նվաճեց կանանց գեղասահքից եւ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, բայց…
Ռուսական եւ ընդհանրապես միջազգային մամուլում այս օրերին ամենաշատ քննարկվող թեման հենց կանանց գեղասահքի մրցումներն են, ավելի ճիշտ՝ ռուսաստանցի Ադելինա Սոտնիկովայի՝ չեմպիոնուհի դառնալու հարցը։ Չեմպիոնուհու մարզիչ Ելենա Բույանովան, պատասխանելով ամերիկյան փորձագետների այն հայտարարությանը, թե կամավոր ծրագրի ժամանակ իր սանուհու գնահատականներն անարդարացիորեն բարձրացրել են, մասնավորապես ասել է. «Մեր մարզաձեւն այնքան անհատական ձեւ է, որ, իհարկե, հիմա կարելի է գնահատականների վերաբերյալ ամեն ինչ ասել։ Եվ քանի որ ամերիկուհիները մրցանակային տեղ չեն զբաղեցրել, հետեւաբար, նրանց մամուլն սկսում է արդարացնել իրենց մարզուհիներին։ Ամեն երկիր ունի իր հերոսները, եւ մենք, առաջին հերթին, պետք է հպարտանանք այն փաստով, որ ունենք նման մարզուհի»։
Իսկ ահա օլիմպիական կրկնակի չեմպիոնուհի, գերմանուհի Կատերինա Վիտտը քննադատել է Ադելինա Սոտնիկովային հաղթանակ պարգեւած մրցավարներին. «Ես պարզապես ցնցված եմ այդ արդյունքով։ Ես չեմ հասկանում, թե ինչպես են այստեղ ընդհանրապես հաշվում միավորները։ Ինչո՞ւ Սոտնիկովան առաջինն է, Կիմը՝ երկրորդը»։ Հիշեցնենք, որ Սոտնիկովան կամավոր ծրագրից հետո հավաքել էր 224,59 միավոր՝ շրջանցելով կորեուհի Յու-Նա Կիմին (219,11 միավոր)։
Օլիմպիական եռակի չեմպիոնուհի Իրինա Ռոդնինան էլ, բնական է, պաշտպանել է իր հայրենակցուհուն. «Ես չեմ հասկանում, թե ինչու է նման փոթորիկ բարձրացել. բողոքներ մրցավարությունից, սկանդալի փնտրտուք։ Բանն այն է, որ նման կարգի օլիմպիական մրցաշարերը շատ մրցավարներ են սպասարկում, ովքեր տարբեր երկրներ, գեղասահքի տարբեր ֆեդերացիաներ են ներկայացնում։ Ես համոզված եմ, որ ոչ մի ռուսական դավադրության մասին խոսք լինել չի կարող»։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս