ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը Արմեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Մխիթարյանը՝ Մխիկը եւս, «մոդային» զոհ գնալով, շփման գծում լուսանկարվել ու այն տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում: Հանուն արդարության պետք է նշենք, որ Ա. Մխիթարյանն այն «հազվագյուտների» թվին է դասվում, որ իսկապես պատերազմի դաշտ է գնացել ու պայքարել հայրենիքի համար: Եվ անհասկանալի է, թե ինչ է ցանկանում այդ լուսանկարով ցույց տալ պատգամավորը:

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, հնարավո՞ր է արդյոք անձի գույքային պարտավորությունների համար դատական կարգով բռնագանձում արվի պարտադիր կուտակային միջոցների վրա, եթե անձի կենսաթոշակային տարիքը դեռ չի լրացել: Այսինքն՝ եթե իմ թոշակային տարիքը չէ, բայց ինձանից ԴԱՀԿ-ն բռնագանձում է իրականացնում, իմ կուտակած գումարները կարո՞ղ է տանել:

Սուսաննա Ռամազյան (60 տարեկան, դաշնակահարուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ: Մինչեւ անձի 63 տարին լրանալն անձի գույքային պարտավորությունների համար պարտադիր կուտակային միջոցների նկատմամբ բռնագանձում տարածվել չի կարող: Այսինքն, եթե անձն ունի գույքային պարտավորություններ բանկի կամ որեւէ այլ անձի հանդեպ եւ չունի բավարար գույք իր պարտավորությունները կատարելու համար, ապա միեւնույն է` նրա պարտադիր կուտակային միջոցների վրա բռնագանձում չի կարող տարածվել: Անձի գույքային պարտավորությունների համար դատական կարգով բռնագանձում կարող է տարածվել պարտադիր կուտակային կենսաթոշակի վրա՝ 63 տարեկան դառնալուց հետո, կուտակային կենսաթոշակը ստանալու փուլում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարելի է ասել, նշված օրենքը սահմանողները փոքր-ինչ բարի են գտնվել՝ բռնագանձում չի տարածվում կենսաթոշակային տարիքը չլրացած քաղաքացիների կուտակած միջոցների վրա: Կարծում ենք, գոնե այս դեպքում նրանք մի փոքր ավելի ժամանակ ու հնարավորություն կունենան լուծելու իրենց գույքային պարտավորությունները:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, եթե վարձու աշխատողին արտասահմանում տրամադրվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ բժշկական հաստատության կողմից, արդյոք այդ թերթիկն անցողիկ է ՀՀ-ում: Եթե այո, ապա կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության նպաստը:

Մարգարիտա Հարությունյան (54 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հարությունյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքի կիրառումն ապահովելու մասին» N-1024-Ն որոշման հավելված 6-ով, համաձայն որի՝ Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող այլ փաստաթղթի) (այսուհետ` բժշկական փաստաթուղթ) հիման վրա քաղաքացուն տրամադրվում է ՀՀ կառավարության սահմանած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (այսուհետ՝ անաշխատունակության թերթիկ): Քաղաքացին ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացնում հյուպատոսական վավերացմամբ, իսկ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքում՝ ապոստիլի հիման վրա վավերացված բժշկական փաստաթուղթը եւ դրա նոտարական կամ հյուպատոսական կարգով վավերացված թարգմանությունը: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացված փաստաթղթերի հիման վրա տալիս է գրավոր թույլտվություն` քաղաքացուն անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար: Քաղաքացուն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը, ՀՀ առողջապահության նախարարության գրավոր թույլտվության հիման վրա, անձին տրամադրում է անաշխատունակության թերթիկ:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դեռ լավ է, որ բավականին երկար ճանապարհ անցնելուց ու թղթաբանական իսկական քաշքշուկի մեջ ընկնելուց հետո, օրենքը թույլ է տալիս արտասահմանից ուղարկած փաստաթղթով ստանալ անաշխատունակության նպաստ:




Լրահոս