ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ՈՒ «ՖԵՅՍԲՈՒՔ»-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան մոտենում է մայիսի 6-ը, այնքան ավելի են ակտիվանում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները: Մեծ հաշվով, փոքրիկ բացառությամբ ՀՀԿ-ի, ԲՀԿ, ՀԱԿ-ի ու «Ժառանգության», մնացած ուժերի նոր մեկնարկած ներկայությունը «Ֆեյսբուք»-ում նկատելի է:
Իհարկե, վերոնշյալ քաղաքական ուժերը միշտ էլ ներգրավված եղել են «Ֆեյսբուք»-ում, մշտապես արտահայտել են իրենց դիրքորոշումները եւ ակտիվ մասնակցել են քննարկումներին: «Ֆեյսբուքյան բացահայտումներից» են ՕԵԿ-ը, ՀԿԿ-ն (Հայաստանի կոմունիստական կուսակցություն), Դեմկուսը եւ այլն: Առանձին թեմա են մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները, որոնցից ոմանք, օրինակ` Սամվել Ֆարմանյանը, Գարեգին Նուշիկյանը, Ալեքսան Մինասյանը եւ մյուսները, սկսեցին ակտիվանալ՝ հենց ընտրություններին ընդառաջ: Թերեւս  համացանցում ամենաշատն ակտիվացածներից մեկը նախկին ՕԵԿ-ական, ներկայում ՀՀԿ անդամ Սամվել Ֆարմանյանն է, ով ոչ միայն հաճախակի գրառումներ է անում «Ֆեյսբուք»-ի իր էջում, այլեւ մի քանի լրատվական կայքերում տեղադրել է իր կայքի բանեռը: Հանուն արդարության, սակայն, պետք է ասենք, որ «Ֆեյսբուք»-ի միջոցով դժվար է պատկերացնել ձայներ հավաքելը, քանզի այստեղ հիմնականում կենտրոնացած են կա՛մ քաղաքականապես ակտիվ եւ կողմնորոշված մարդիկ, կա՛մ էլ մարդիկ, որոնք թքած ունեն առհասարակ ընտրությունների վրա: Օրինակ օգտատեր Զարուհի Մուրադյանի հետեւյալ գրառումը, ինչը թերեւս լավագույնս  արտահայտում է «ֆեյսբուքահայության» ընդհանուր  տրամադրվածությունը. «Պարոնայք հայ կուսակցականներ. այսօր մեր փոքրիկ փողոցում բացվեց 2-րդ նախընտրական շտաբը: Քաղաքի փողոցներում ամեն սյան վրայից մեզ են հետեւում անհրապույր կերպարները. նայելով այս հանցավոր շռայլությանը` հիշում եմ մեր դատարկվող գյուղերը, չվարած դաշտերը, իսկ ամենից շատ մտածում եմ մեր Ազատագրված երկրի մասին, որի համար տարիներ շարունակ փող չկա տներ սարքելու, երբ տասնյակ ընտանիքներ սպասում են վերաբնակեցման: Հիշեցնում եմ Ձեզ, որ այդ մսխված գումարներով դուք կարող էիք մի քանի գյուղ սարքել եւ անկասկած ավելի հայրենանվեր գործ արած կլինեիք…», կամ Զորիկ Գալստյանի այս գրառումը. «Կառաջարկեի Սահմանադրության մեջ կետ ավելացվեր, որով մենք կճանաչեինք ՀՀԿ ծառայությունները երկրի հանդեպ` ընտրությունների ժամանակ կուսակցությանը երաշխավորելով այդ պահին հանրապետությունից բացակայող եւ վերջին 15 տարվա ընթացքում մահացած ընտրողների ձայները»:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս