Ուկրաինան միակ վայրը չէ, որտեղ Ռուսաստանը փորձում է ուժգնացնել առկա դժգոհությունները: 1991-ից սկսած, երբ փլուզվեց Խորհրդային միությունը, Մոսկվան պարբերաբար աջակցել է սահմանամերձ պետությունների անջատողականներին, որպեսզի ստիպի այդ պետություններին շարժվել իր թելադրանքով: Նման ջանք վերջին անգամ գործադրվեց Հարավային Կովկասում. գրում է The New York Times-ը:
Ինչպես գրում է հոդվածի հեղինակ քաղաքագետ Բրենդա Շեֆերը «Ռուսաստանի կողմից հաջորդ հողի զավթումը» (Russia’s Next Land Grab) հոդվածում, շաբաթներ առաջ Մոսկվան սրեց վաղեմի հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ միաժամանակ խաղարարի դեր ստանձնելով: Թերթը նշում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից երկու երկրների նախագահների՝ բարձր մակարդակով հանդիպում հրավիրելուց առաջ նրանց սահմաններին զոհվեց, ընդհանուր առմամբ, 40 հայ և ադրբեջանցի զինծառայող:
Հարավային Կովկասը կարող է հեռավոր տարածք թվալ, սակայն տարածաշրջանը սահմանակից է Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային և հանդիսանում է Ռուսաստանի շրջանցմամբ Կենտրոնական Ասիայից Եվրոպա նավթի և բնական գազի մատակարարման երթուղի: Ըստ հոդվածագրի՝ Եվրոպան չի կարող թույլ տալ, որ Մոսկվան վերահսկի այս տարածքը:
Նշելեվ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը նոր չէ և սկիզբ է առել դեռևս 1992-ին, Շեֆերը նշում է, որ այն շարունակվում է առ այսօր: «Չնայած 1994թ. հաստատված հրադադարին՝ ռազմական գործողությունները երբեմն բռնկվում են, և ռուսական զորքերն իրականացնում են Հայաստանի օդային պաշտպանությունը: Մոսկվան նաև վերահսկում է Հայաստանի տնտեսության և ենթակառուցվածքների հիմնական աշխատանքները», – ասվում է հոդվածում:
Ըստ հոդվածագրի՝ Ռուսաստանը իր իսկ բնորոշմամբ «սառեցված» հակամարտությունը «կենդանի պահելու» ուղիներ է փնտրում: Դրա առկայությունն արդարացնում է ռուսական զորքի՝ տարածաշրջանում գտնվելու անհրաժեշտությունը, ինչը «սանձում» է երկու կողմերին, որոնք չեն կարողանում այս պայմաններում սերտորեն համագործակցել Արևմուտքի հետ՝ «առանց վախենալու հատուցում ստանալ Մոսկվայից»: