ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓՈՔՐ, ԹՈՒՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Վիկիլիքսյան հրապարակումներից հերթականը թեպետ վերաբերում է հեռավոր 2005թ.-ին, այդուհանդերձ, պատմում է բավականին հետաքրքիր հանդիպման մասին: Փաստաթղթի հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ջոն Էվանսն է, ով ներկայացնում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրայդի եւ այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները: ԱՄՆ պետդեպին ուղարկված զեկուցագրում դեսպանը քննարկում է 2005թ. նոյեմբերի 2-ին տեղի ունեցած հանդիպումը, ուշագրավ մեջբերումներ կատարում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի եւ ՀՀ ՊՆ ղեկավարի խոսքից: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը դեռեւս այն ժամանակ զրույցի ընթացքում շեշտել է, որ Հայաստանի զարգացման ուղին բացառապես եվրոպականն է եւ մեր երկիրը եվրոպական ընտանիքի մի մասնիկն է:
Այսպես, ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ամերիկացի պաշտոնյան նշել է, թե իր կարծիքով՝ հայ-ամերիկյան հարաբերությունները «չիրացված մեծ պոտենցիալ ունեն», որը պետք է գործարկել նաեւ տարածաշրջանի երկրների հետ համագործակցության միջոցով: Ֆրայդը, անդրադառնալով ԱՄՆ կողմից գունավոր հեղափոխությունները հրահրելու մեղադրանքին, հայտարարել է, որ իրենք առավելապես կողմնակից են ուժեղ ու հիմնարար վերափոխումներին: Նա ավելացրել է, որ Հայաստանը շարժվում է դրական ուղով, թեպետ նրա հարեւանները կարծես «հետաքրքիր ընթացքի մեջ են»: Ակնհայտ է, որ Ֆրայդը ակնարկել է Վրաստանը, որը «վարդերի հեղափոխություն»-ից հետո տվյալ ժամանակափուլում արդեն իսկ բռնել էր արագ ու անհրաժեշտ վերափոխումների ճանապարհը: Դիվանագետը Սերժ Սարգսյանին կարծես հասկացրել է, որ Հայաստանն այլընտրանք չունի տարածաշրջանի ընթացքին հետեւելու հարցում:
Այստեղ Սերժ Սարգսյանը խոսակցությանն ավելի հետաքրքիր ընթացք է հաղորդել՝ նկատելով, որ Հայաստանը հաստատակամ է իր ընտրության մեջ եւ վճռական ուղղություն է վերցրել դեպի Եվրոպա: Սարգսյանն իր խոսքերը հիմնավորել է այն իրողությամբ, որ հայերն իրենց համարում են եվրոպական ընտանիքի անդամ, ու նույն արժեքների կրողն են: Այդուհանդերձ, Հայաստանի հապաղումը Սարգսյանը բացատրել է այն հանգամանքով, որ մեր երկիրն «առայժմ որոշ հարցերի պատասխաններ ստանալու կարիք ունի»: Փաստաթղթում անդրադարձ չկա, թե կոնկրետ ինչ հարցերի պատասխանների էր սպասում Սերժ Սարգսյանը, բայց տպավորությունն այնպիսին է, որ այդ ուղղության հաջող ընթացքին խանգարում էր Ռուսաստանը: Հատկանշական է, որ Սարգսյանը՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ավելի առարկայական դարձրեց Հայաստան-Եվրոպա հարաբերությունները՝ մասնակցելով «Արեւելյան գործընկերություն» ծրագրին: Սակայն, հավանաբար, վերը նշված որոշ հարցերի պատասխաններն այդպես էլ չստանալով՝ Սարգսյանը կրկին հանգրվանեց Կրեմլի ճամբարում՝ «հաղթականորեն» մոռանալով եվրոպական ուղղության եւ այդ ընտանիքի անդամ լինելու մասին սեփական հրապարակային ու մասնավոր հավաստիացումները:
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը Ֆրայդի հետ զրույցում չի շրջանցել նաեւ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների թեման: Սերժ Սարգսյանը նկատել է, որ Հայաստանն իրեն բավականին լավ իրավիճակում է տեսնում, եթե Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, կարգավորված են ու բարելավված: Սարգսյանը հավաստիացրել է, թե իբր Հայաստանը երբեւէ չի էլ մտածել օգտվել երկու գերտերությունների հակասություններից: Այնինչ՝ դիվանագիտության կարեւոր կանոններից մեկն էլ օտար երկրների հակասություններից օգտվելն ու դրանք սեփական շահերին զուգահեռելն է: Եվ եթե Սարգսյանը չի փորձում դրանցից օգտվել, օրինակ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանի համար շահավետ արդյունքների հասնելու հարցում, ապա նա ինչպե՞ս է պատկերացնում երկրի արտաքին քաղաքականությունը: Թե՞ նրա ու նրա ներկայիս ԱԳ նախարարի համար արտաքին քաղաքականությունը հարմարվողականությունն ու «վերջում մի բան կլինի» բանաձեւն է, որը մեր երկիրը հասցրել է ներկայիս տխուր կարգավիճակին:
Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը հակասություններից չօգտվելու իր տեսության շրջանակներում արձանագրել է, որ Հայաստանը թույլ ու փոքր երկիր է, որի համար աշխարհաքաղաքական անգամ ամենամանր խնդիրները կարող են ճակատագրական նշանակություն ունենալ: Նախ եւ առաջ հարկ ենք համարում արձանագրել, որ Հայաստանը ներկայացնող պաշտոնյան ուղղակի իրավունք չունի սեփական երկիրն օտարների առաջ ներկայացնել որպես փոքր ու թույլ, որքան էլ այն այդպիսին լինի: Կարելի է եզրակացնել, որ Սարգսյանի հարմարվողականության քաղաքականության հիմքը հենց այստեղ է: Այս պարագան ակնհայտ դարձավ նաեւ վերջերս Ղրիմի հետ կապված ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ, երբ Սարգսյանը Հայաստանը տեղակայեց փոքրամասնության մեջ՝ վնասելով Ուկրաինայի եւ Արեւմուտքի հետ մեր հարաբերությունները:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
«ԳԱԶՊՐՈՄ-ԱՐՄԵՆԻԱ»-ԻՑ 20 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՀՀ Արարատի մարզում գործող «Ալիշան» պահածոների գործարանի տնօրինության եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարաձայնությունները որոշակի ժամանակով դադարեցվել են: Սակայն գործարանի տնօրինությունը շարունակում է «Գազպրոմ Արմենիա»-ից պահանջել 20 մլն դրամի չափով իրեն պատճառված վնասի փոխհատուցումը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանի հետ:
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն «Ալիշան» ընկերությունից պահանջել էր սպառած գազի դիմաց վճարել 3 մլն 600 դրամ, որն, ըստ գործարանի տնօրենի՝ ապօրինի է: Թեեւ ընկերությանը դիմել էր, որ վերանայեն եւ հաշվարկեն գործարանի սպառած գազի իրական ծավալները, սակայն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գործարարին զիջելու փոխարեն անջատել էր ընկերության գազամատակարարումը: Արդյունքում «Ալիշան»-ն ավելի քան վեց ամիս չաշխատեց՝ կրելով խոշոր չափերի վնասներ: Եվ առաջիկայում գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանը կդիմի դատարան՝ ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի:
-Դուք պետք է դիմեիք դատարան՝ ընդդեմ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի: Պահանջում եք 20 մլն դրամ՝ Ձեր ընկերությանը պատճառած վնասի փոխհատուցում: Ե՞րբ եք դիմելու դատարան:
-Այո, որոշ ժամանակ անց կդիմեմ: Սպասում եմ այս շրջանն անցնի, որ հանկարծ չգան ու նորից վնասեն: Բայց ես իմ նախորդ տարվա բոլոր պարտքերը մարել եմ:
-Դուք պնդում եք, որ ընկերությունը սխալ հաշվարկներ է կատարել: Հիմա նկատո՞ւմ եք նման բան:
-Տարբերությունը մեծ է ու զգալի: Հիմա մարդկային գործոն չկա, այլ համակարգչով են այս բոլոր հաշվարկներն արվում:
-Իսկ ընկերության ներկայացուցիչների հետ այս ընթացքում չե՞ք հանդիպել:
-Ոչ, չենք հանդիպել: Իրենք ասում են՝ գնա դատարան: Իրենց ուժերի վրա վստահ են:
-Ինչ եք մտածում, գոնե դատարանը Ձեր կողքին կլինի՞: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Տեսնենք: Միեւնույն է, պետք է մտնենք դատարան ու պահանջենք մեր կրած վնասի փոխհատուցումը:
-Հիմա գործարանը բնականոն հունով աշխատո՞ւմ է: Ի՞նչ եք մթերում:
-Այո, աշխատում ենք: Հիմնականում բանջարեղեն ենք մթերում. լոլիկ, սմբուկ եւ այլն:
-Ձեր ընկերությունը որքանո՞վ է մթերում լոլիկը, սմբուկը:
-Սմբուկը 80 դրամով ենք մթերում: Բայց նախորդ տարի նույն սմբուկը մթերվել է 50-60 դրամով: Այս տարի գները մի փոքր թանկացել են:
-Իսկ պահածո արտահանո՞ւմ եք:
-Այո, միայն Ռուսաստանի Դաշնություն: Ամեն տարի արտահանել ենք, բայց այս տարի ծավալները մեծացրել ենք:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՆՈՐՈԳՈՒՄԸ ԿԻՍԱՏ Է
12-13-րդ դարերին կառուցված Գոշավանքը եղել է նշանավոր հոգեւոր, կրթական, մշակութային կենտրոն: Վանական համալիրի հնամենի տեսքին հարիր չեն ապակե գմբեթները, որոնք հոգեւոր կառույցին ժամանակակից տեսք են տալիս: Այդ գմբեթները տարիներ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հովանավորությամբ կառուցվել են, որպեսզի անձրեւները եւ ձյունը ներս չլցվեն եւ համալիրը չքանդվի:
Նախագահական վերջին ընտրություններից առաջ, Տավուշի մարզ կատարած նախընտրական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը 2013թ. հունվարի 26-ին այցելեց նաեւ Գոշավանք եւ այնտեղ մոմ վառեց:
Այդ ժամանակ «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի նախկին վարիչ, Գոշի բնակիչ Արծրուն Հովսեփյանը երկրի ղեկավարին ներկայացրեց վանական համալիրի նորոգման խնդիրը: 2013թ. հոկտեմբերի 24-ին պետական բյուջեի ֆինանսավորմամբ սկսվեց հոգեւոր համալիրի մաս կազմող Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգումը:
Ներկայում, սակայն, վանական համալիրում նորոգման աշխատանքներ չեն կատարվում: Գոշ համայնքի ղեկավար Գեւորգ Ամիրխանյանը նշեց, որ անցյալ տարի հատկացված ֆինանսավորմամբ որոշակի աշխատանքներ կատարվել են, մինչդեռ այս տարվա պետբյուջեից համալիրի նորոգման նպատակով հատկացված միջոցները դեռ չեն տրվել: Գյուղապետի խոսքով՝ այս տարվա հատկացումը կարվի սեպտեմբերի 20-ին եւ վանական համալիրի վերանորոգումը կշարունակվի:
Նշենք, որ ամեն տարի Գոշավանքում մոմավաճառությունից, տարբեր առարկաների վաճառքից հոգեւորականները շուրջ 25 միլիոն դրամ հասույթ են ունենում: Սակայն այդ գումարից վանական համալիրի նորոգման համար մասհանում չի արվում: Գյուղապետից հետաքրքրվեցինք, թե Մխիթար Գոշի դամբարանի նորոգումը ե՞րբ է ավարտվելու: Նա ասաց, որ մնում է դամբարանի գմբեթի կառուցումը, որից հետո կառույցն ավարտուն կլինի: Նշենք, որ Մշակույթի նախարարության կողմից դադարեցվել է Գոշավանքի թանգարանի գործունեությունը, որի ցուցանմուշները տեղափոխվել են Դիլիջան քաղաք՝ տեղի թանգարանի նկուղ:
Գ. Ամիրխանյանի վկայությամբ՝ Մշակույթի նախարարությունը որոշել է Գոշ գյուղում փայտաշեն թագարանի փոխարեն քարե շենք կառուցել, այդ պատճառով էլ ցուցանմուշները ժամանակավորապես տեղափոխվել են:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ