ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի 16 թերթերից ամենաչեզոքն է: Սա Հասարակայնության  հետ կապերի  հայաստանյան ասոցիացիայի գնահատականն է:
Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում` մարտի 12-ից ապրիլի 14-ը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական գործընթացներին» ծրագրի շրջանակներում իրականացվել է ՀՀ տարածքում հրատարակվող տպագիր մամուլի մոնիթորինգ: Հետազոտվել է 16  թերթ. «Ազգ», «Առավոտ», «Երկիր», «Ժամանակ», «Ժողովուրդ», «Իրավունք», «Իրատես դե ֆակտո», «Հայացք», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ», «Հրապարակ», «Չորրորդ ինքնիշխանություն», «Օրակարգ», «168 ժամ», «թՏսՏր ԸՐՎպվՌՌ», «ծՏՉՏպ ՉՐպՎÿ»: Տպագիր նյութերը վերլուծվել են երկու տասնյակ չափորոշիչների հիման վրա, ինչը հնարավորություն է տվել նյութերը դասակարգել ու գնահատել` ըստ դրանց ժանրի:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ընթացիկ ընտրական փուլում հայաստանյան տպագիր մամուլն առավելապես որդեգրել է ժխտողական կեցվածք: Դա դրսեւորվել է` քաղաքական առանձին ուժերի դեմ ինտենսիվ հակաքարոզչություն իրականացնելով: Ըստ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի` նշված պարբերականներում ընդհանուր առմամբ հրատարակվել է 11.135 հոդված, որից 3440-ն՝ ընտրությունների թեմայով: Ընդ որում, պաշտոնական տեղեկատվությամբ, 10%-ով աճել է թերթերի հետաքրքրվածության աստիճանը ընտրական գործընթացների նկատմամբ: Ի դեպ, ըստ նույն աղբյուրի` թերթերը  անդրադարձել են զուտ ընտրական մարտավարությանը, այլ ոչ թե հասարակությանը հուզող խնդիրներին: Վերնագրերի չեզոքության տեսակետից 71,6%-ով   առաջատար է «Ժողովուրդ» օրաթերթը: Հայաստանյան ասոցիացիայի տվյալներով` թերթը  ապրիլի 15-21-ն ընկած ժամանակահատվածում լույս է տեսել 5 անգամ, որոնցում զետեղված են 212 հրապարակումներ: Դրանցից 103-ն ընտրությունների  թեմայով են:  Վերոնշյալ հատվածում վերլուծության են ենթարկվել 88 հրապարակում, որոնցից  56,8%-ը լուրեր են, 9,1%-ը` հարցազրույց, 19,3%-ը` ընդհանուր վերլուծություն: Ընտրությունների թեմայով երգիծական ժանրի հրապարակումներով առաջատարներից է կրկին «Ժողովուրդ»-ը (6,2%): Խմբագրականները կազմել են 5,7%, ռեպորտաժները` 9,1%: «Ժողովուրդ»-ն ընտրությունների ու թեկնածուների առաջադրման  ու գրանցման  փուլում ընտրական գործընթացներին  անդրադարձել է  96,7-%-ով: Իրավական, սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրության հիմախնդիրները թերթում հավասարաչափ են տեղաբաշխված, համապատասխանաբար` 1,1 % տեսակարար կշռով:
Հետազոտման առարկա են դարձել «Ժողովուրդ»-ի այն հրապարակումները, որոնցից 32,4%-ը եղել են անկողմնակալ, 23,9%-ում առկա են եղել  մանիպուլյատիվ հնարքների, եւ 15,6%-ում՝ ուղղորդող հարցերի կիրառություն: Ինչպես ցույց է տվել նյութերի հետազոտությունը, թերթի հրապարակումներում այս կամ այն քաղաքական ուժի կամ գործչի օգտին անկողմնակալությունը կազմել է 32,4%` չնայած դրան, իրադարձությունները բացասական  լուսաբանելու ցուցանիշը  կազմել է 13,6%: Քարոզչություն իրականացնելու, իրադարձություններն ընտրանքային ու սուբյեկտիվ լուսաբանելու դեպքերը բավականին  փոքր տոկոս են կազմում, ընդամենը 15,6%: Հրապարակումների 46,6%-ում բացակայում են  հեղինակային  մեկնաբանությունները, իսկ 3,4%-ում նկատելի են դրական մեկնաբանություններ:
 Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի տվյալների համաձայն` «Ժողովուրդ»-ը տպագիր նյութերի 38,6%-ում, ըստ էության, քարոզչությանը չի անդրադարձել, 59,1%-ում դա արել է քողարկված, իսկ 2,3%-ում զբաղվել է բացահայտ քարոզչությամբ:
Իհարկե, միանշանակ հասկանալի չէ, թե ինչ է նշանակում դրական կամ բացասական քարոզչություն ասվածը, բայց որպես ամփոփում` պետք է նշել, որ «Ժողովուրդ» օրաթերթը, հավատարիմ մնալով անկողմնակալության, անաչառության եւ համակողմանի տեղեկատվություն մատուցելու իր գործելաոճին,  նախընտրական այս փուլում պահպանել է առավելագույն չեզոքություն` հնարավորինս զերծ մնալով այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն կամ հակաքարոզչություն իրականացնելուց:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս