Ապրիլի 21-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Տավուշի մարզ այցելած Սերժ Սարգսյանը ծանոթացավ Այրումի սողանքից քանդված միջպետական ճանապարհի վերականգնման ընթացքին: 50 օր է, ինչ «Ճանապարհաշինարար» ՍՊԸ-ն սկսել է 2011թ. հոկտեմբերի 2-ի սողանքից փլված 350-մետրանոց ճանապարհահատվածի վերականգնումը: Պետբյուջեից այդ նպատակով հատկացվել է 550 մլն դրամ: Ներկայում ճանապարհի վերականգնման աշխատանքների 35 տոկոսն արված է: «Ճանապարհաշինարար» ՍՊԸ ղեկավար Էդվարդ Բեզոյանն ասաց, որ իրենց ընկերությունն ունի անհրաժեշտ տեխնիկական եւ մարդկային ռեսուրսները, որպեսզի պայմանագրով նախատեսված ժամկետից` հուլիսի 16-ից շուտ վերականգնի քանդված ճանապարհը: Վերջերս սողանքի գոտում ջրի բնական հոսք է հայտնաբերվել, ինչը, սակայն, «Ճանապարհաշինարար» ՍՊԸ տնօրենի հավաստիացմամբ ճանապարհի վերականգնման աշխատանքներին չի խանգարելու, իսկ ջրահեռացման խնդիրն էլ լուծվելու է: Նշենք, որ 2011թ. դեկտեմբերին` ձմռան ցրտին, պետբյուջեի ֆինանսավորմամբ Իջեւանում, Կողբում, Նոյեմբերյանում համայնքային նշանակության ճանապարհներ էին ասֆալտապատում, իսկ միջպետական ճանապարհի սողանքից քանդված հատվածում մեծ լռություն էր: Հնարավո՞ր չէր այդ 550 մլն դրամն ավելի շուտ հատկացնել, մի՞թե ներհամայնքային ճանապարհների ձմեռային ասֆալտապատումը միջպետական ճանապարհի վերականգնումից հրատապ էր: Այս ընթացքում Այրումի ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները ստիպված երթեւեկում էին Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: 40-50 տ քաշով մեքենաների ճնշումից Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհի Նոյեմբերյան-Ջուջեւան, Ոսկեպար-Կիրանց հատվածներում ասֆալտի ծածկույթը տեղ-տեղ շարքից դուրս է եկել: Հավելենք, որ Այրումի սողանքից քանդված հատվածում վթարվել է Դեբեդի հովտի 8 համայնքների ավելի քան 1000 հա տարածքն ինքնահոս ոռոգող ջրագիծը, որը կվերականգնվի միջպետական ճանապարհի վերակառուցումից հետո միայն:
ԻՆՉՈ՞Ւ ՁԳՁԳՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ