ՀԱՐՑ. 55 տարեկան եմ եւ արդեն 12 տարի տառապում եմ շաքարային դիաբետով: Գործազուրկ եմ, իսկ հողամշակմամբ ի վիճակի չեմ զբաղվել: 2011թ.-ից բուժում եմ ստացել 8-րդ հիվանդանոցում, որտեղ ինձ ասել են, որ ես ենթակա եմ հաշմանդամության կարգ ստանալու, որովհետեւ ամեն օր ստանում եմ «ինսուլին» դեղամիջոցը: Մինչեւ 2012թ. փետրվարի 29-ը գնացել եմ ինչպես 8-րդ, այնպես էլ Նորք-Մարաշի հիվանդանոց` անցնելով տարբեր հետազոտություններ եւ բազմաթիվ թղթաբանություններ, իսկ հետո ուղարկել են Աբովյանի հիվանդանոց, որտեղ էլ ասել են, որ գնամ, 9 ամիս հետո իրենք ինձ կթոշակավորեն: Հիմա ես անպայման պետք է գամվեմ մահճակալին, որ նո՞ր ինձ կարգ տան, որ օգտվեմ հիվանդանոցի անվճար ցանցից, թե՞ ընկնեմ վարկերի տակ, որ կատարեմ հիվանդանոցային վճարումները, որ մի քանի տարով երկարացնեմ կյանքս: Ինչպե՞ս պետք է կարգավորվի այս հարցը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացի Գայանե Առաքելյանը 2012թ. փետրվարի 24-ին փորձաքննվել է Կոտայքի մարզի ԲՍՓՀ-ում, որի արդյունքում, ելնելով օբյեկտիվ զննության տվյալներից, հիմք ընդունելով ներկայացված բժշկական հիմքերը եւ հաշվի առնելով գործակալության փորձաքննական բաժնի խորհրդատվությունը, հաշմանդամ չի ճանաչվել` «Շաքարային դիաբետ 2-րդ տիպ, ծանր ձեւ, ինսուլինապահանջ, ճարպային հեպատիտ, կարդիոսկլերոզ, աթերոսկլերոզ, դիստալ նեյրոպաթիա 1-ին թեթեւ աստիճանի, նյութափոխանակության ֆունկցիայի աննշան խանգարում» ախտորոշմամբ, «առկա պաթոլոգիայով պայմանավորված նյութափոխանակության ֆունկցիայի աննշան խանգարումը չի բերել որեւէ տեսակի որեւէ աստիճանի կենսագործունեության սահմանափակման, սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության» հիմնավորմամբ:
Նա տարածքային ԲՍՓՀ-ի կայացրած որոշումը սահմանված կարգով չի բողոքարկել:
Տեղեկացնում ենք, որ տարածքային ԲՍՓՀ-ի կայացրած որոշումը նա 6-ամսյա ժամկետում կարող է բողոքարկել ՀՀ ԲՍՓՀ գործակալություն (հասցեն` Երեւան, Արմենակյան 129), որի կայացրած որոշումներն էլ բողոքարկվում են դատական կարգով:
վարչության պետ Ա. Կեսոյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առողջությունը վերականգնող միջոցների հայթայթումն այնքան բարդ տեխնիկական գործընթացի է վերածվում, որ դրա հաղթահարումը թերեւս ավելի կվնասի այն: