ՀՅԴ-ն պատրաստ է իշխանության հետ բանակցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Հայասատան-Սփյուռք 5-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է. «Մեր սերունդի մեծագույն ձեռքբերումը Արցախով միավորված 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Հայաստանն է: Այն այլեւս միայն մեր սերնդինը չէ, այն նաեւ հաջորդ սերունդների իրավունքն է: Այս 42 հազար քառակուսի կիլոմետրից չի կարելի զիջել եւ ոչ մի բան: Չի կարելի որեւէ կերպ գնալ Հայոց մեծ երազի արժեզրկմանը»:

Այնուհետեւ Հ. Մարգարյանը հերթով թվարկել է այն քայլերը, որոնց արդյունքում մեր երկիրը կարող է հայտնվել շատ վատ վիճակում. «Չի կարելի արտագաղթել Հայաստանից, հայապատկան հողերից: Չի կարելի նպաստել արտագաղթին: Չի կարելի չգիտակցել, որ մեզանից յուրաքանչյուրը ոչ միայն երկրի մի մասնիկն է, այլեւ՝ երկրի հիմքը: Եվ ինչքան ամուր լինենք մենք, այնքան ամուր կլինի երկիրը…Չի կարելի մեր ներքին հարցերին մասնակից դարձնել օտարներին, համակերպվել օտար ուժերի կողմից ներհայկական միասնականության բանաձեւի փոփոխմանն ու քայքայմանն ուղղված ցանկացած դրսեւորման… Չի կարելի ժողովրդի խնդիրները դարձնել սեփական պայքարի թեմա, քանի դեռ չունես այդ խնդիրները լուծելու բանալին…Չի կարելի քննադատել քննադատելու համար, դրանով ոչ թե վատություն ես անում ինչ-որ ուժի, այլ վատություն ես անում պետությանը: Իշխանություն լինես, թե ընդդիմություն չի կարելի իշխանություն պահպանելու կամ իշխանության հասնելու համար զիջել երկրի անկախության եւ անվտանգության երաշխիքները»:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է Հրանտ Մարգարյանից պարզել, թե արդյոք ՀՅԴ-ում որոշե՞լ են բանակցել իշխանությունների հետ:

-Պարոն Մարգարյան, ՀՅԴ-ն հայտարարել է, որ Քառյակի հանրահավաքին չի մասնակցելու, քանի որ սահմանադրական բարեփոխումների հարցում դրական դիրքորոշում ունի: Արդյո՞ք այժմ Հայաստանի գլխավոր խնդիրը Սահմանադրությունն է:

-Կարծում եմ, որ համակարգային փոփոխությունը բերելու է մեր երկրի համար իրական ժողովրդավարություն ու կոլեգիալ Ազգային ժողովի մակարդակով հարցերը քննարկելու, լուծում ստանալու հնարվորություն, քանի որ սա է հիմնական գրավականը երկրի առաջընթացի համար: Մենք պատմական առիթ ունենք երկիրը ճիշտ ուղու վրա դնելու: Նրանք, որ դեմ են Հայաստանի զարգացմանը, անձնական ամբիցիաների պատճառով՝ երկրի առաջընթացին են դեմ:

-Դուք հանդիպում ունեցե՞լ եք Քառյակի ներկայացուցիչների հետ, այս հարցի շուրջ զրուցե՞լ եք նրանց հետ…

-Այո, խոսել ենք, չեն համաձայնվել, դրա համար որոշել ենք, որ լավ կլինի, եթե այսպես լինի: Մեր երկրի մեջ այսօրվա այն խնդիրները, որոնք կան, համակարգային փոփոխության պետք ունեն: Իրենք էլ մի քանի տարի առաջ համաձայն էին, ի՞նչ է պատահել այսօր: Կարող եմ ասել նաեւ, թե ինչ է պատահել. որոշները կարծում են, որ կարող են վերցնել անգին իշխանություն, բայց կարծում եմ, որ այս երկիրն այլեւս չի կարող դասվել այդ տեսակին:

Հավանական են տեսնում, որ նախագահական ընտրությունների ժամանակ կարող են իրենք ընտրություն շահել, բայց մեկը պետք է փոխարինվի մյուսով, իսկ երկրի մեջ ոչ մի բան չի փոխվելու: Պետք է համակարգային փոփոխություն: Քառյակն առաջին իսկ օրը ստեղծվել է կոնկրետ հարցերի շուրջ համագործակցելու համար:

-Այսինքն` Դուք անձամբ Քառյակի ղեկավարների՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել ու զրուցել եք, բայց որեւէ կերպ համաձայնության չե՞ք եկել:

-Ոչ, իրենց հետ հանդիպում չեմ ունեցել, բայց Քառյակի ներկայացուցիչների հետ հանդիպել ենք, զրուցել ենք:

-Տեղեկություններ կան, որ այժմ ՀՅԴ-ն բանակցություններ է վարում իշխանությունների հետ, ինչի՞ շուրջ են ընթանում այդ բանակցությունները: Կարելի՞ է ասել, որ Քառյակից «հեռանում» եք ու այսուհետ առանձին եք աշխատելու:

-Կարծում եմ՝ ունենք պատմական առիթ երկիրը ճիշտ ուղու վրա դնելու համար ու ափսոս է, որ այդ առիթը մենք կորցնենք: Ու այն մարդիկ, որոնք Հայաստանի համար ցավում են, չեն կարող Սահմանադրական փոփոխություններին կողմնակից չլինել: Իսկ մենք այդ փոփոխությունների վերաբերյալ մեր տեսակետն ունենք, որի համար պայքարելու ենք: Սահմանադրության հարցով առանձին ենք Քառյակից, իսկ մյուսների դեպքում՝ ոչ:

-Իսկ հույս ունե՞ք, որ իշխանությունները կընդունեն Սահմանադրական փոփոխությունների` Ձեր առաջարկած տարբերակը:

-Հույս ունեմ, որ կկարողանանք: Եթե ավելի ընդյալնված լիներ մեր խումբն, այդ դեպքում ավելի մեծ հավանականություն կար: Այսօր եւս հույս ունեմ, որ կկարողանանք: Այս իշխանությունները վերարտադրվել են գործող Սահմանադրությամբ, ինչպե՞ս կարող են նման հայտարարություններ անել:

-Բայց դրան հասնելու համար բանակցություննե՞րի եք գնալու իշխանությունների հետ:

-Բնականաբար:

-Հիմա բանակցություններ ընթանո՞ւմ են:

-Դեռ ոչ:

-Իսկ առաջիկայում լինելո՞ւ են:

-Այո:

-Մի առիթով Դուք նշել էիք, թե երկրի համար կարեւոր հարցերի քննարկման նպատակով ժամանակ առ ժամանակ հանդիպում եք Սերժ Սարգսյանի հետ: Առաջիկա բանակցությունների հետ կապված Սերժ Սարգսյանի հետ հանդիպում ունեցե՞լ եք:

-Ոչ: Նման խոսակցություն դեռեւս տեղի չի ունեցել:

-Բայց նախատեսվո՞ւմ է :

-Իհարկե:

-Իսկ հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն դարձյալ կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, արդեն իսկ խոսակցություններ կան, որ քննարկվում է Ձեզ տրվելիք նախարարական պորտֆելների հարցը:

-Կոալիցիա չենք կազմելու, մոռացեք, նման բան չի լինելու: Դրանք ասում են, որպեսզի սեւացնեն մեր գործընթացը, դրանք սուտ բաներ են, հերյուրանքներ են: Դա շատ վատ ուժի գործելաոճ է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս