ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Mercedes մակնիշի 34 NQ 608 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել բենզալցակայանի բետոնե արգելապատնեշին: Վարորդը հիվանդանոցում մահացել է:

 

 

ՀԱՐՑ. Դիմել եմ ապահովագրական ընկերությանը՝ փոխհատուցում ստանալու նպատակով: Ապահովագրական ընկերությունը գործն ուղարկել է պատճառի կրկնակի փորձաքննության եւ որեւէ ժամկետ չի նշել։ Իրենց հետ խոսելուց հետո հասկացա, որ փորձաքննությունը կարող է տարիներ տեւել։ Խնդրում եմ ասեք գոյություն ունի արդյոք որեւէ խելամիտ ժամկետ, որից հետո ես կարող եմ բողոքարկել։ Եվ կցանկանայի տեղեկանալ նաեւ, եթե ընկերությունը որոշի չփոխհատուցել, ապա այդ դեպքում ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ կրած վնասի փոխհատուցումը՝ հիմք ընդունելով, որ որեւէ խախտում չեմ կատարել:

Հարություն Գեւորգյան (43 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը չի նախատեսում կրկնակի փորձաքննության իրականացման առավելագույն ժամկետ: «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կրկնակի փորձաքննության անցկացումից հետո լրացուցիչ փորձաքննություն նշանակվել չի կարող, եւ կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով:
Ավելացնենք, որ այլ խախտումների վերաբերյալ պահանջներով կարող եք դիմել ինչպես դատարան, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, այս ոլորտում նման դեպքեր հաճախ են պատահում։ Թերեւս այս դեպքում մեզ մնում է միայն հորդորել քաղաքացուն ամեն կերպ պայքարել՝ ընդհուպ մինչեւ դատական կարգով սեփական իրավունքների վերականգնումը:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ամսվա մեջ հերթափոխով աշխատում եմ 15 օր։ Խնդրում եմ ասեք, իմ ամենամյա արձակուրդայինը հաշվարկելիս միջին օրական աշխատավարձը ինչպե՞ս պետք է հաշվարկվի։

Կարինե Վարդանյան (39 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Վարդանյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 30.05.2005 թվականի N 1-05/05Ն հրամանով հաստատված «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման եւ վճարման կարգի մասին» հրահանգի 33-րդ կետով, որոնց համաձայն՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում մանրամասն ներկայացված է աշխատավարձի հաշվարկման չափը։ Մնում է տիկին Կարինեն հաշվարկի հնգօրյա, թե վեցօրյա աշխատանքային շաբաթ է աշխատել, որից հետո կարող է պարզել իր արձակուրդային վերջնահաշվարկի չափը։




Լրահոս