ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի տնտեսագիտական համալսարանում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երեւանի տնտեսագիտական համալսարան: Պնախարարի կողքին վերջերս համալսարանի պրոռեկտոր նշանակված Սեւակ Խաչատրյանն է, ով մամուլում հայտնի է «Սաքուլիկ» անվամբ: Նշենք, որ սա այն նույն Ս. Խաչատրյանն է, ով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ իրեն «կոտորում» էր, որպեսզի լրագրողները չմտնեին համալսարան ու լուսաբանեին Տ. Մարգարյանի «ելույթները»:

 

 

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ ամեն տարի պետպատվերի շրջանակներում բազմաթիվ գրքեր են տպագրվում: Կցանկանայի իմանալ, այս տարի որքա՞ն գումար է հատկացվել պետական բյուջեից, քանի՞ գիրք է տպագրվելու, գումարն ավելի շա՞տ է, քան նախորդ տարիներին եւ ինչպիսի՞ գրականություն է տպագրվում:

Սաթենիկ Պողոսյան (29 տարեկան, թանգարանային աշխատող)

ՊԱՏԱՍԽԱՆ. 2014թ. ՀՀ մշակույթի նախարարությունը պետական պատվերով հրատարակվող գրականության համար տրամադրում է 101մլն 992 հազ. դրամ՝ 55 անուն գրքի համար: 2014թ. պետական պատվերով հրատարակվող գրքերը հետեւյալ ուղղություններով են՝ Հանրագիտարանային գրականություն, Մշակութային ժառանգությունը ներկայացնող գրականություն, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված գրականություն, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված գրականություն, Հոբելյանական հրատարակություններ, Դպրոցական գրադարան (մատենաշար), Թարգմանական գրականություն, Սփյուռքահայ գրականություն, Ազգային փոքրամասնությունների գրականություն, Գիտահանրամատչելի գրականություն: Հայտնում ենք ձեզ, որ 2013թ. պետական պատվերով հրատարակված գրքերին հատկացված գումարի չափը նույնն է եղել՝ 101մլն 992.4 հազ. դրամ:

ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ պետական գումարներով տպվող գրականությունը հիմնականում իր նպատակին չի ծառայում: Ցավոք, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքների գործարկումն այս դեպքում հանգեցնում է մի իրավիճակի, երբ պետական գումարներով տպված գրքերը տարիներով մնում են հրատարակչության կամ հեղինակի նկուղներում:

 

 
ՀԱՐՑ. Որո՞նք են պարարտանյութերի օգտագործման կանոնները, եւ ի՞նչ պատժամիջոցներ են սահմանված կանոնակարգը խախտելու դեպքում:

Ռոբերտ Արզումանյան (36 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Բուսասանիտարիայի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն արգելվում է պեստիցիդների եւ ագրոքիմիկատների օգտագործման համար թույլատրելի քանակների գերազանցումը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվում է հողերի ագրոքիմիական հետազոտության եւ բերրիության բարձրացման միջոցառումներ ծրագիրը, որի շրջանակներում տարեկան իրականացվում են շուրջ 170 համայնքների գյուղատնտեսական նշանակության հողերի ագրոքիմիական հետազոտություններ, եւ կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա կազմվում են ագրոքիմիական քարտեզներ եւ մշակաբույսերի պարարտացման երաշխավորագրեր, որոնք հանձնվում են համապատասխան համայնքներին։ Արդյունքում՝ գյուղացիական տնտեսությունները հնարավորություն են ունենում ծանոթանալու իրենց տնօրինման տակ գտնվող հողի ագրոքիմիական կազմին եւ պարարտացման նորմաներին։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղական միջազգային շատ կառույցներ վերջին տարիներին, տեղի-անտեղի որոշում են կրթել գյուղացիներին: Նման ծրագրերի համար էլ, ինչպես արդեն հրապարակվել է, ծախսվում են միլիոնավոր դրամներ: Սակայն այդ «թրեյնինգների» արդյունավետությունը գրեթե զրոյական է: Ինչ վերաբերում է գյուղնախարարության ուսումնասիրություններին, ապա տարօրինակ է, թե ինչո՞ւ են ագրոքիմիական հետազոտություններ անցկացվում ՀՀ համայնքների ընդամենը 10-15%-ում:

 




Լրահոս