ՄԻ՛ ՎԱԽԵՑԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե հիշում եք,  2007թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում Հանրապետական կուսակցությունը  հանդիպումներին ներկայանում էր բավականին մեծ թիմով: Ու թեեւ   նախորդ անգամ էլ քարոզչության հիմնական մասը տանում էր Սերժ Սարգսյանը, սակայն  նրան զուգահեռ տարբեր բեմահարթակներում, հեռուստաեթերում, բանավիճային սեղանների շուրջ ՀՀԿ անդամները մեծ խանդավառությամբ ներկայացնում էին իրենց ծրագրերն ու խոստումներ շռայլում: Մինչդեռ  այս անգամ, ինչպես ցույց տվեց քարոզարշավի արդեն իսկ անցած կեսից ավելի ժամանակահատվածը, ՀՀԿ-ն որդեգրել է հնարավորինս զգուշավոր եւ ապահրապարակային մարտավարություն: ՀՀԿ ողջ քարոզարշավն իրականացնում է կուսակցության նախագահը, որն էլ իր ելույթներում հիմնականում հանդես է գալիս ընդհանրական ձեւակերպումներով` երբեմն-երբեմն հանրությանը չափազանց հուզող որեւէ հարց հնչեցնելով եւ ինքն էլ դրան լղոզված պատասխաններ տալով: Ինչպես, օրինակ, նա արեց Օձունում ` ասելով. «Երբեմն ոմանք հարց են տալիս` «ինչու հիմա, եթե անող էիք` մինչեւ հիմա անեիք»: Պատասխանում եմ` արել ենք եւ հիմա էլ անում ենք, որովհետեւ կան բաներ, որ անհնար էին երեկ, բայց հնարավոր են այսօր, որովհետեւ  հիմա մենք արդեն ունենք  հիմնաքարերը, որովհետեւ հասունացել են լուծումները»: ՀՀԿ նախագահը, սակայն, այդպես էլ չպարզաբանեց, թե  ինչն էր անհնար երեկ, որ հնարավոր է այսօր,  եւ այդ ինչ լուծումներ են, որ միայն հիմա են հասունացել: Տարօրինակ է,  թվում էր, թե հավատալու խնդրանքով ժողովրդին դիմած քաղաքական ուժը պետք է առավելագույնը աներ` այդ հավատին արժանանալու համար,  պետք է մեկ առ մեկ բացատրեր, թե ինչու այս կամ այն հարցում իրենք չկարողացան  հասնել խոստացված արդյունքին եւ հնարավորինս մատչելի փաստարկներով ներկայացներ, թե ինչի հիման վրա են այս անգամ կառուցում իրենց խոստումներն ու խնդրում հավատալ իրենց: Սակայն մենք տեսնում ենք, որ ՀՀԿ-ն ոչ միայն էական ջանքեր չի գործադրում, այլեւ պարզապես խուսափում է այն իրավիճակներից, որտեղ ստիպված է լինելու պատասխանել վերը նշված հարցադրումներին: Այս քարոզարշավում ՀՀԿ ներկայացուցիչները  սկզբունքորեն բոյկոտում են բանավեճի ցանկացած հրավեր: Եվ այդ խուսափողականությունը փորձ է արվում ներկայացնել որպես  նախընտրական մարտավարություն` յուրատեսակ քաղտեխնոլոգիա: Մինչդեռ նման տեխնոլոգիան բավական տարօրինակ է մի ուժի համար, որը, իր իսկ ղեկավարների պնդմամբ, անցած տարիներին ունեցել է հսկայական ձեռքբերումներ: Այստեղ կարող է լինել երկու տարբերակ` կա՛մ ՀՀԿ-ն վարակվել է գերհամեստության` քաղաքագիտությանը մինչ այդ անհայտ համախտանիշով, կա՛մ պարզապես վախենում է իր գործունեության  շուրջ հրապարակային բանավեճերից ու քննարկումներից: Բնականաբար, աչքի առաջ ունենալով ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված դեմքերի անցած ուղին, ասենք` հենց թեկուզ ՀՀԿ ցուցակի երրորդ համարի` վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ վերջին երեք տարիների հրապարակային բոլոր ելույթները,   համեստության  տարբերակը բացառվում է, մնում է երկրորդ` վախի տարբերակը:




Լրահոս