ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՎԵՇՏՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել ընտրություններին մասնակից կուսակցությունների նախընտրական ծրագրերում տեղ գտած զարմանահրաշ դրույթները: Պարզվում է` «Հայ հեղափոխական դաշնակցության» նախընտրական ծրագիրը եւս զերծ չէ նման ձեւակերպումներից:
Իր խոստումներում ՀՅԴ-ն այնքան է շռայլ գտնվել, որ խոստացել է միանգամից 500 հազար դրամ դարձնել ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցների,  բժիշկների աշխատավարձերը: Այն, որ միայն ստվերային տնտեսության կրճատման հետեւանքով հնարավոր է առնվազն երկու անգամ ավելացնել պետական բյուջեն, պարզ է ամենքին: Սակայն անհասկանալի է, թե ինչպես պետք է դաշնակցական ընկերները միանգամից 500 հազար դրամ դարձնեն այդ մարդկանց աշխատավարձերը: Արտաքին քաղաքականության բնագավառում եւս ՀՅԴ մոտեցումները պակաս ուշագրավ չեն. նրանք շարունակում են հանդես գալ 3 ճակատ, 1 սահման ունենալու դիրքերից: Օրինակ` «արտաքին քաղաքականությունն անհրաժեշտ դիմակայություն կապահովի թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերին»: Պարզվում է` ՀՅԴ-ն պատրաստվում է Հայաստանի ներքաղաքական կյանքին մասնակից դարձնել սփյուռքին: «ՀՀ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդող սկզբունք կհամարվի այն, որ Հայոց պետականությունը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլեւ համայն հայության ազգային նպատակների իրականացման երաշխավորն է: Ըստ այդմ` ամեն ինչ կարվի սփյուռքահայությունը հայոց պետականության գործընթացում լիարժեք ներգրավելու համար»: Այլ կերպ ասած` ՀՅԴ-ն ցանկանում է հնարավորություն ստեղծել, որպեսզի արտերկրի հայերը, չլինելով ՀՀ լիարժեք քաղաքացի, բնակվելով այլ երկրում, հեռվից վճռեն ՀՀ քաղաքացիներիս ճակատագիրը: Իսկ թե ուր կարող է հասցնել նման արկածախնդիր քաղաքականությունը, դժվար չէ կռահել: Ազգայնական այս կուսակցության ծրագրում ամենամեծ զավեշտը, սակայն, սպորտի բնագավառում ներկայացրած խոստումն է. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում կխրախուսվեն հայկական ավանդական մարզաձեւերը»: Մի կողմ թողնենք, թե միջազգային ասպարեզում որքանով են տարածված հայկական մարզաձեւերը: Զավեշտալին այն է, որ ՀՅԴ-ն այս հարցում ընկել է ծայրահեղության գիրկը: Ու հիմա, փաստորեն, մի կողմ թողած շախմատի, ֆուտբոլի եւ մյուս սպորտաձեւերում հայ մարզիկների գրանցած հաջողությունները, ՀՅԴ-ն զարկ է տալու ազգային մարզաձեւերին` կոխին, որն ըմբշամարտի տարատեսակներից է, ու տամային, որն էլ շաշկի է հիշեցնում:
Պակաս զավեշտալի չէ կոմունիստների ներկայացրած նախընտրական ծրագիրը: Նրանք, ըստ էության, առաջարկում են անցում կատարել խորհրդային համակարգ:  Ավելին, Կոմկուսի ներկայացրած ծրագիրն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը. բանն այն է, որ երկրի մայր օրենքը երաշխավորում է մասնավոր սեփականությունն ու դրա անձեռնմխելիության իրավունքը: Մինչդեռ կոմունիստները ցանկանում են վերացնել մասնավոր սեփականությունը: Իսկ այդ նպատակով առաջին հերթին նրանք ծրագրել են փոխել գործող Սահմանադրությունը, որից հետո արդեն «ազգայնացնել բոլոր ռազմավարական ճյուղերը, հանքային հարստությունները, ընդերքը, ալկոհոլային խմիչքները, բենզինը, հացն ու էլի շատ բաներ, ինչը կնպաստի  նոր աշխատատեղերի ապահովմանը եւ ներգաղթի խնդիրներին»: Այլ կերպ ասած` նրանք ցանկանում են կրկին պետականացնել ողջ ունեցվածքը, ինչպես խորհրդային «հին ու բարի» ժամանակներում էր: Բայց եթե ռազմավարական ճյուղերի ազգայնացումը կարելի է ինչ-որ տեղ հասկանալ, ապա պարզ չէ, թե ինչպես են նրանք ազգայնացնելու հացը, բենզինն ու ալկոհոլային խմիչքները: Սակայն սա դեռ ամբողջը չէ. կոմունիստները պատրաստվում են ժամանակակից մեթոդներով մարդկանց կուլակաթափ անել, օրինակ` հողը խլել գյուղացու ձեռքից: «Օրենսդրորեն ամրագրել, որ հողը համաժողովրդական սեփականություն է համարվում,-խոստանում են նրանք ու շարունակում,-վերանայել եւ գույքագրել խոշոր  ձեռնարկությունների սեփականաշնորհման, վաուչերների, դրամափոխանակության եւ խնայդրամարկղերում  ժողովրդի ունեցվածքի «սառեցման» հիմքերը»: Ոչ պակաս ուշագրավ մեկ այլ դրույթ. «Ամեն գնով պայքարել արգելելու եւ բացառելու ՆԱՏՕ-ի ռազմական բլոկի մուտքը Հայաստան»: Սա, մեղմ ասած, չհայտարարված պատերազմ է ԱՄՆ-ին ու եվրոպական այն երկրներին, որոնք ընդգրկված են ՆԱՏՕ-ի կազմում: Բարեբախտաբար, 1988թ.-ից ավարտվեց կոմունիստական ժամանակահատվածը, ու Հայաստանը դեռ շատ երկար չի ցանկանա վերադարձ այդ շրջանին:
Ինչ վերաբերում  է ՀԱԿ-ին, ապա նրանց նախընտրական խոստումները կազմված են  Կոնգրեսի` տարբեր ոլորտների վերաբերյալ հրապարակված ծրագրերից: Ի թիվս մի շարք խոստումների` ՀԱԿ նախընտրական ծրագրի մաս է կազմել նաեւ ընտրացուցակներում ընդգրկված ավելի քան 500 հազար քաղաքացիների անունները հանելը: ՀԱԿ-ը կարեւորել է նաեւ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքից հանել բանակը ներքաղաքական հարցերում օգտագործել թույլատրող դրույթը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս