ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 24-ը թերեւս միակ օրն է, երբ համայն աշխարհի հայությունը կենտրոնանում է մեկ հարցի շուրջ, այն է` Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները եւ Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը: Հուրախություն մեզ` պետք է արձանագրել, որ Ապրիլի 24-ին ոչ մի քաղաքական ուժ չշարունակեց զբաղվել քարոզարշավով, չցուցադրվեցին քարոզչական հոլովակներ, եւ չեղան նախընտրական ելույթներ: Մեծամասամբ այդպիսի իրավիճակ էր նաեւ սոցիալական ցանցերում եւ բլոգներում:
Վիրտուալ տարածության շատ օգտատերեր իրենց գլխավոր նկարները փոխել էին Ցեղասպանության թեմաներով նկարներով, զուգահեռաբար ընթանում էին մի շարք ակցիաներ, որոնց նպատակն էր համաշխարհային որոնողական հսկա google.com-ում «Հայոց Ցեղասպանություն» բառակապակցությունն այդ օրն ամենաշատ փնտրվողը դարձնելու համար: Ներկայացնենք նաեւ թեմայով արված մի քանի գրառումներ:
Աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը «Թվիթեր»-ում գրում է (անգլերենով). «Եկե՛ք այսօր միասնական լինենք եւ հիշե՛նք այն 1.5 միլիոն մարդկանց, որոնք կոտորվեցին Հայոց Ցեղասպանության ժամանակ: 1915թ., Ապրիլի 24»:
«Ֆեյսբուք»-ի օգտատեր Լիլիթ Աբգարյանը գրում է. «Ժամանակն է, որ մեջներիցս հանենք մուրողի ու խղճահարություն առաջացնողի հոգեբանությունը: Մեր ցավը միայն մերն է, ոչ ոք չի կարող բուժել վերքը: Ժամանակի ընթացքում սպին, ճիշտ է, էլ չի ցավում, բայց հիշեցնում է, թե ինչպես է առաջացել: Մեր սպին մեզ մշտապես պիտի արթուն պահի, մեր նպատակը միայն մեկը պիտի լինի` վրեժ եւ փոխհատուցում: Ուժն է ծնում իրավունք: Թույլերին կարեկցում են, ուժեղների հետ հաշվի նստում… Ես չեմ ուզում կարեկցանք առաջացնել»:
Իսկ Դիլանյան Զար անունով օգտատերը, ով հավանաբար մասնակցել է ամենամյա ջահերով երթին, գրում է. «Ջահերթը հուզիչ էր. միասնական հավատ ու վրեժ էր օդում, այս հավատից ու վրեժից նոր հաղթանակներ են ծնվելու…»:
«Հայազն» միաբանության անդամ Արմեն Մկրտչյանն էլ գրում է. «Մենք մորթված ու բռնաբարված Հայի սերունդ չենք. Մենք ՀԱՂԹԱՆԱԿԱԾ Հայի սերունդ ենք….», իսկ Զոհրապ Եգանյանն էլ նշում. «Ցավով պետք է արձանագրեմ, որ Ապրիլի 24-ը միակ օրն է, միակ «գաղափարն» է, որ համախմբում է բոլորիս: Նման այլ օր ՉԿԱ»:
Մեկ այլ օգտատեր` Մխիթար Նազարյանը, ուշադրություն է դարձրել Ծիծեռնակաբերդում իրականացվող լուսանկարներին. «Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ Ծիծեռնակաբերդում` ծաղկեպսակների մոտ, դիրքավորվելու եւ նկարվելու իմաստը, այն էլ` քասթինգի դեմքով… լավ, մենք, որ գերեզմաններ գնում ենք, նկարվո՞ւմ ենք: Անհասկանալի ա, անընդունելի ա…»:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս